Մատչելիության հղումներ

«Հիմա եմ հասկանում` ինչ է տեղահանվածությունը. ամբողջ պատմությունն եմ թողել». Հադրութից` Աշտարակ


75-ամյա Էդիկ Դավթյանը 1,5 տարի է՝ ապրում է Աշտարակի բնակարանում։ Հադրութում ընդարձակ տունը թողնելուց հետո փորձում է հարմարվել նոր պայմաններին։

«Ես պատկերացնում են այն օրերը` 88-92թթ., երբ Սումգայիթից ու Բաքվից այն փախստականները, որ գալիս էին, ես ընդունում էի նրանց, և տարին չանցած շատերը հեռանում էին կյանքից: Ես հիմա եմ հասկանում, թե ինչ է բռնագաղթը, ինչ է տեղահանվածությունը: Հադրութից մի շարք անձնավորություններ, մոտավորապես 10-ից ավելի մարդ հուղարկավորվել է այդ պատերազմից հետո», - «Ազատությանը» պատմում է նա:

Դավթյանը ծնվել ու գրեթե ողջ կյանքն ապրել է Հադրութում, ճարտարապետ էր՝ մինչև 70 տարեկանն ամեն օր աշխատանքի էր գնում։ Արցախյան առաջին պատերազմի ընթացքում հայրենի քաղաքից չի հեռացել, օգնել է բժիշկներին։ 44-օրյա պատերազմի ընթացքում արդեն ասում է՝ անհնար էր Հադրութում մնալ, հոկտեմբերի սկզբին լքել են քաղաքը. «Հոկտեմբերի 1-ին` ժամը 4-ի վրա մի հատ նենց հրետակոծություն սկսվեց մեր գյուղում, որ արդեն հնարավոր չէր, երեխան վախենում էր: Հաշմանդամ երեխա է, վախենում էր: Չկարողացա ոչ մի բան անել, դուռը փակել եմ, զամոկը դրել, շորերով սենց դուրս եկել, ես էլ, կինս էլ, աղջիկս էլ, մոռացել եմ ծննդականները վերցնել, անձնագրերը լավ է` վերցրել եմ»:

Տարեց հադրութցին թոշակառու կնոջ և իրենց խնամքին գտնվող դստեր հետ նախ գնացել են Ստեփանակերտ, ապա Գորիս, Երևան, ի վերջո հանգրվանել Աշտարակում։ Պատմում է՝ Հադրութում թողած տունն ու այգին իր պապինն էր՝ կառուցված 1900 թվականին։ Կնոջ հետ ողջ կյանքի ընթացքում այդ տունը նորոգել են, մշակել այգին ու բարեկարգել տարածքը։ Բայց, ասում է, նեղսրտում է ոչ թե տունը կորցնելու, այլ՝ հիշողություններն այնտեղ թողնելու համար. «Այն պատմությունը, որ թողել ենք, մի հատ նկար չեմ վերցրել: Որ հիշում եմ, որ մորս նկարը` պատից կախած, թողել ենք, դուրս եկել, չեմ կարում դիմանամ դրան: Ամբողջ պատմությունն եմ թողել, գիրք եմ գրել իմ հիշողությունների մասին, թողել եմ այնտեղ: Ասի` էսա կվերդառնամ»:

Աշտարակում հարևանները սիրով են ընդունել նորեկներին, բարեկամներից մեկն իր ազատ բնակարանն է տվել։ Բայց այս տարիքում կրկին պատերազմ տեսնելուց, քրոջ որդուն Հադրութի մարտերում կորցնելուց հետո ծերունին չի պատկերացնում՝ ինչպես պետք է նոր կյանք սկսի նոր տանը։

«Էն բարակ տնկին, ջահել տնկին ոնց կանգնի, որտեղ էլ տանես, այնտեղ էլ կարա չէ ինչ- որ ձևի, մերը էն չի էլի, մենք էս հասակում տուն-տեղ թողած, եկած ստեղ, ոչ մի կերպ չենք կարում հարմարվենք: Մի կերպ յոլա ենք գնում, որ տեսնենք` ինչ է դառնում, ոնց է դառնում», - նշում է նա:

Ղարաբաղյան հակամարտության պատճառով տուժած տարեցների մասին օրերս Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունն է զեկույցներ հրապարակել։ Դրանցից մեկը՝ «Կյանքը տուփում», պատմում է առաջին պատերազմի հետևանքով տեղահանված, հանրակացարաններ ու վագոններ տեղափոխված ադրբեջանցիների ու հիմա նախկին բնակավայրեր վերադառնալու բարդությունների մասին։ Հաջորդ զեկուցը՝ վերնագրված «Վերջին փախչողները», արդեն 2020-ի պատերազմից տուժած հայ տարեցների մասին է։

«Շատ ծերեր բախվել են խոչընդոտների՝ փորձելով հեռանալ: Ոմանց դեպքում հաշմանդամությունը և առողջական խնդիրները բարդացրել են փախուստը, այլ դեպքերում հոգեկան առողջության խնդիրներն ու դեմենցիան թույլ չեն տվել ըմբռնել հեռանալու անհրաժեշտությունը և հրատապությունը, ոմանք էլ, իրենց տներին ու հողին ամուր կապված, նախընտրել են չհեռանալ։ Մյուս կողմից` տարհանված ծերերից շատերը չեն ստացել նորմալ կացարաններ և ապրուստի բավարար միջոցներ, ինչն էլ ավելի է խորացրել անօգնականության ու մեկուսացման զգացումը», - գրում են միջազգային փորձագետները։

Իրավապաշտպանները նշում են, որ չցանկանալով հեռանալ իրենց բնակավայրից՝ տարեցներից շատերը դարձել են պատերազմական հանցագործությունների ու բռնությունների զոհեր, գերեվարվել Ադրբեջանի կողմից ու խոշտանգվել։ Ըստ միջազգային կազմակերպության՝ 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական կողմում զոհված խաղաղ բնակիչների կեսից ավելին հենց տարեց մարդիկ են եղել։ Նրանցից մեկն, օրինակ, 68-ամյա Սլավիկ Գալստյանն է Մեծ Թաղերից, նրա մարմինը հայտնաբերվել է պատերազմից 2 ամիս անց՝ ջարդված գլխով և խոցված միանգամից մի քանի տեղից։

Հադրութցի Էդիկ Դավթյանն այլ անուն է տալիս, որ զեկույցում հիշատակված չէ․ 84-ամյա Միշա Մելքումյանը մահացել էր գերության մեջ, ըստ Քննչական կոմիտեի՝ խոշտանգումների և բռնության հետևանքով։

«Մնացել էր, հիվանդ պառկած էր, տարել են Բաքու, այնտեղ սպանել, բերել, լավ ա` դիակը տվել են, դիակը բերել են, Նորագավիթի գերեզմանոցում բերել են, թաղել», - ասում է նա:

Amnesty International-ն ամփոփել է՝ Ադրբեջանի կառավարությունը պետք է ապահովի, որ իր զինված ուժերի՝ ռազմական հանցագործությունների հեղինակ անդամները ենթարկվեն պատասխանատվության արդար դատավարության միջոցով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG