Անկախության 31 -րդ տարեդարձը Հայաստանը դիմավորեց չհայտարարված պատերազմի պայմաններում, օրեր առաջ տեղի ունեցած բախումներից ու առնվազն 207 զոհերից ու անհետ կորածներից հետո կառավարությունը չեղարկեց տոնական միջոցառումները:
Ինչպե՞ս է նշել իր անկախության օրը Հայաստանը հիմնադրումից ի վեր:
Անկախության տոնը Հայաստանը մինչև 1996 թվականը նշել է ոչ թե սեպտեմբերի 21 -ին, այլ մայիսի 28 -ին:
Հայաստանի Հանրապետությունը իր անկախության սիմվոլները՝ դրոշը, օրհներգը, զինանշանը ժառանգելով առաջին հանրապետությունից, սկզբնական շրջանում նաև հենց առաջին հանրապետության անկախության օրն է վերցնում: 1991 -ի սեպտեմբերի 21 -ին սակայն, դեռ հանրաքվեի արդյունքները չհայտարարած, մարդիկ արդեն տոնում էին անկախությունը:
1992 -ին դեռ պատերազմի պայմաններում, Շուշիի գրավումից հետո, մայիսի 28-ին, Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել զորահանդես, դրա ընթացքում զինտեխնիկա չի ցուցադրվել, միայն զինվորականներն են քայլքով անցել և հրապարակից մեկնել ռազմաճակատ։
1993 թվականին դարձյալ մայիսի 28 -ին՝ զորահանդես էր Հանրապետության հրապարակում արդեն զինտեխնիկայի ցուցադրմամբ:
1996-ին օրենսդրական փոփոխությամբ անկախության տոն է հռչակվում հենց սեպտեմբերի 21 -ը, և հենց այդ տարի էլ տեղի է ունենում առաջին զորահանդեսը, որը ընդունում է պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը:
Ուշագրավ է, որ հաջորդ զորահանդեսը ոչ թե անկախության 10-ամյակին է կազմակերպվում, այլ 8-ամյակին՝ 1999 թվականին՝ իշխանափոխությունից հետո: Զորահանդեսն ընդունել է պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, հարթակում կանգնած էին Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո նախագահ դարձած Ռոբերտ Քոչարյանը և նորանշանակ վարչապետ Վազգեն Սարգսյանն ու Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը: Վերջին երկուսը սպանվեցին մոտ 40 օր անց՝ Հոկտեմբերի 27 - ի ահաբեկչության ժամանակ:
Անկախության 10-ամյակին՝ 2001 թվականին, զորահանդես չկար, բայց մեծ ընդունելություն էր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Հայաստանում էր նաև աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրը, որ ներկա էր այդ օրը իր անվան հրապարակի բացմանը: 2001-ի այս տոնակատարությունները համընկան նաև Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի հետ:
Անկախության 15 -ամյակին՝ 2006 թվականին զորահանդեսը ընդունում էր պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը երկրորդ և վերջին անգամ էր որպես նախագահ մասնակցում: Այս անգամ թրթուրավոր զրահատեխնիկա չցուցադրվեց, հրապարակ մտան երեք հազար հինգ հարյուր զինվոր, 150 միավոր զինտեխնիկա:
2011 թվականին Հայաստանի անկախության 20 -ամյակին Սերժ Սարգսյանն արդեն որպես նախագահ էր մասնակցում զորահանդեսին, իսկ այն ընդունում էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ռազմական շքերթին մասնակցում էր շուրջ 4 հազար զինվորական և մոտ 300 միավոր զինտեխնիկա: Առաջին անգամ ցուցադրվեցին անօդաչու թռչող սարքեր և զորահանդեսին առաջին անգամ մասնակցում էին նաև Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմակայանի ստորաբաժանումները՝ Ռուսաստանի դրոշով: Նույն օրը Երևանում բողոքի ակցիա էր ռուսական դրոշների դեմ. մասնակիցները բերման են ենթարկվում:
2016 թվականին անկախության 25 -ամյակի զորահանդեսը վերջինն էր, դրանից հետո զորահանդես Հայաստանում չի եղել: Ապրիլյան քառօրյա պատերազմից ամիսներ անց տեղի ունեցած զորահանդեսի գլխավոր ինտրիգներից մեկը «Իսկանդեր» գերճշգրիտ հրթիռային համակարգերն էին, դրանք առաջին անգամ ցուցադրվեցին Հանրապետության հրապարակում:
4 տարի անց՝ 2020 թվականի 44 -օրյա պատերազմի օրերին հենց դրանց կիրառման հարցը սկանդալի վերածվեց, այդպես էլ պարզ չդարձավ, կրակել է «Իսկանդերը», թե՝ ոչ, եթե՝ այո, ապա որտեղ, և քանի տոկոսով է գործել հրթիռը: Հարցը անգամ լարվածության առիթ դարձավ հայ - ռուսական հարաբերություններում:
Անկախության 30-ամյակը, 2021 թվականին ևս հետ պատերազմական շրջան էր, զորահանդես չանցկացվեց, բայց հրապարակում հանդիսավոր միջոցառում էր և դրոններով լուսային շոու:
2022 ի սեպտեմբերի 21 -ին, երբ Ադրբեջանը սպառնում է նոր պատերազմով, ռազմական վերջին հարձակման զոհերի անունները դեռ հրապարակված չեն, տոնական միջոցառումներ չկան: Իսկ Անկախության օրը աչքի ընկավ Եռաբլուրում տեղի ունեցած միջադեպով, երբ կարմիր բերետավոորները բիրտ ուժով հեռացրին զոհված զինծառայողների հարազատներին, որ հավաքվել էին արգելելու վարչապետին մոտենալ շիրիմներին: