Մատչելիության հղումներ

Թուրքիան շարունակում է դեմ հանդես գալ Շվեդիայի ու Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն


Շվեդիան և Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու պաշտոնական հայտ են ներկայացրել

Շվեդիան և Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու պաշտոնական հայտ են ներկայացրել։ Այսօր առավոտյան երկու պետությունների դեսպաններն անհրաժեշտ փաստաթղթերը փոխանցել են Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին։

«Դուք մեր ամենամոտ գործընկերներն եք, և ձեր անդամակցությունը ՆԱՏՕ-ին կբարձրացնի մեր ընդհանուր անվտանգությունը», - դաշինքի կենտրոնակայանում այսօր հայտարարել է Ստոլտենբերգը երկու սկանդինավյան երկրների դեսպաններից դիմում-նամակներ ստանալուց հետո:

Չեզոքության սկզբունքը խախտելու Շվեդիայի և Ֆինլանդիայի որոշման պատճառը անվտանգության սպառնալիքն է, որն, ինչպես պնդում են սկանդինավյան երկրների իշխանությունները, առաջացել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական ագրեսիայի ֆոնին։

Այժմ երկու պետությունների հայտը կքննարկի ՆԱՏՕ-ի խորհուրդը, որը բաղկացած է դաշինքի 30 պետությունների ներկայացուցիչներից։ Նոր անդամների ընդունումը պետք է միաձայն հաստատվի ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրների կողմից։

«Բոլոր դաշնակիցները համաձայն են ՆԱՏՕ-ի ամրապնդման հարցում։ Մենք բոլորս համաձայն ենք, որ պետք է միավորվենք, և որ սա պատմական պահ է, որից պետք է օգտվենք»,- հավելել է դաշինքի ղեկավարը։

Դաշնակիցների մեծ մասը իսկապես ողջունել է դաշինքին միանալու Շվեդիայի և Ֆինլանդիայի ցանկությունը:

Այդ երկրները չունեն հստակ և պարզ վերաբերմունք ահաբեկչական կազմակերպությունների նկատմամբ. Էրդողան

Եվրամիության անդամ երկու երկրներին ռազմական դաշինքում ընդունելուն դեմ է միայն Թուրքիան, որի նախագահ Ռեջեփ Էրդողանն այդ երկրներին անվանել է ահաբեկչական կազմակերպությունների հյուրատուն։

Արևմտյան մամուլը նկատում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Էրդողանը փորձում է փչացնել Արևմուտքի «ընտանեկան ընթրիքը»։ Թուրքիան բազմիցս է սպառնալիքներ հնչեցրել դաշինքի անդամների, մասնավորապես հարևան Հունաստանի հասցեին։ Դաշնակիցների քննադատությունների տարափի ներքո Անկարան Մոսկվայից ձեռք է բերել ռուսաստանյան ՀՕՊ համակարգեր, սիրիական պատերազմի պատճառով փախստականների հոսքի կիզակետում հայտնված Եվրամիությանը Էրդողանը նոր փախստականներով է սպառնում։

Թուրքիայի իշխանությունները այժմ նոր հնարավորություն են տեսել թշնամիների հարցով հերթական աղմուկը բարձրացնելու համար․ խոսքը քրդերի մասին է, որոնց դեմ Էրդողանի վարչակազմը պայքարում է ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում, մասնավորապես Սիրիայում։

Բոլոր քրդական խմբավորումները Թուրքիայի համար ահաբեկչական կազմակերպություններ են, մինչդեռ արևմտյան երկրները, այդ թվում՝ Շվեդիան, Ֆինլանդիան դրանց միջև տարբերություններ են տեսնում և չեն հետևում պաշտոնական Անկարայի օրինակին, ավելին՝ աջակցում են քրդերին Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում և շատերին ապաստան տալիս իրենց երկրներում։ 2019 թվականին Ֆինլանդիան և Շվեդիան նաև զենքի էմբարգո են սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ վերջինիս կողմից Սիրիա ներխուժելուն ի պատասխան։

«Այդ երկրներից ոչ մեկում չկա հստակ և պարզ վերաբերմունք ահաբեկչական կազմակերպությունների նկատմամբ։ Ինչպե՞ս մենք կարող ենք վստահել նրանց»,- երեկ հայտարարել է Էրդողանը՝ հերթական անգամ շեշտելով, որ դեմ է Ստոկհոլմի և Հելսինկիի անդամակցությանը աշխարհի ամենամեծ ռազմական կառույցին։

Թուրքիայի իշխանությունները վերջին օրերին նաև հիշել են, որ Շվեդիան և Ֆինլանդիան հրաժարվել են արտահանձնել մի խումբ քրդերի, որոնք, պաշտոնական Անկարայի կարծիքով, ահաբեկիչներ են։

Անկարան ցանկանում է «լուծել» իր խնդիրները Վաշինգտոնի հետ

ՆԱՏՕ-ի և Թուրքիայի միջև տարաձայնությունների ֆոնին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնել է Միացյալ Նահանգներ, որտեղ հայտարարել է, թե Անկարան ցանկանում է «լուծել» իր խնդիրները Վաշինգտոնի հետ և ընդլայնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ։

Bloomberg պարբերականը, վկայակոչելով թուրքական իր աղբյուրները, գրում է, որ Անկարան Ռուսաստանի հարևանների պատմական որոշմանը հավանություն տալու դիմաց մի շարք պահանջներ է ներկայացրել՝ վերականգնել Թուրքիայի մասնակցությունը F-35 կործանիչների ստեղծման և արտադրության ծրագրում, որից դուրս է թողել Վաշինգտոնը՝ ռուսական զենքի գործարքի պատճառով, և դատապարտեն Քրդական աշխատավորական կուսակցությանը, որին Անկարան ահաբեկչական կառույց է համարում։

«Հուսով եմ, որ մենք կկարողանանք լուծել կամ նվազագույնի հասցնել մեր խնդիրները», - պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպումից առաջ այսօր հայտարարել է Չավուշօղլուն։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG