Մատչելիության հղումներ

Ստոլտենբերգը վստահ է՝ ՆԱՏՕ-ին կհաջողվի վերացնել Թուրքիայի առարկությունները Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցում


Անկարան «հասկացրել է, որ իր մտադրությունն անդամակցությունն արգելափակելը չէ». Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հավաստիացնում է՝ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրներին կհաջողվի վերացնել Թուրքիայի առարկությունները Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցում։ Ստոլտենբերգի խոսքով` Անկարան «հասկացրել է, որ իր մտադրությունն անդամակցությունն արգելափակելը չէ»։

«Ես վստահ եմ, որ մենք կկարողանանք պատասխանել Թուրքիայի մտավախություններին այնպես, որ անդամակցության գործընթացները չձգձվեն»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Ռուսաստանի սկանդինավյան հարևաններին արևմտյան ռազմական դաշինքում գրկաբաց ընդունելու մասին Ստոլտենբերգի հայտարարությանը շտապել էր արձագանքել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ տեղեկացնելով, որ Անկարան չի աջակցում Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու նախաձեռնությանը։ Էրդողանը նույնիսկ ակնարկել էր, թե Թուրքիան կարող է օգտագործել վետոյի իր իրավունքն այդ երկրների անդամակցությունն արգելափակելու համար։ Թուրք առաջնորդն Անկարայի այդ դիրքորոշումը բացատրել է Շվեդիայի և սկանդինավյան այլ երկրների կողմից քուրդ զինյալներին և մյուսներին, ում Թուրքիան համարում է ահաբեկիչներ, աջակցելու հանգամանքով: Էրդողանն այդ երկրներն անվանել էր «ահաբեկչական կազմակերպությունների հյուրատուն»։

Թուրքիան անընդունելի է համարում, մասնավորապես, Ֆինլանդիայում և Շվեդիայում թուրք ընդդիմադիրներին ապաստան տրամադրելը, քրդական խմբավորումներին աջակցելը, որոնք Սիրիայում Վաշինգտոնի աջակցությամբ պատերազմում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումների դեմ։ Անկարան պնդում է՝ քուրդ զինյալները Թուրքիայի անվտանգության սպառնալիք են հանդիսանում։

Թուրքիան վետոյի իր իրավունքը չկիրառելու համար պայմաններ է առաջ քաշում

Այժմ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան վետոյի իր իրավունքը չկիրառելու համար Հելսինկիին և Ստոկհոլմին պայմաններ է առաջ քաշում՝ «դադարեցնել իրենց երկրներում ահաբեկչական խմբավորումների աջակցությունը», «ապահովել անվտանգության հստակ երաշխիքներ», «չեղարկել Թուրքիայի արտահանման արգելքները», այս մասին նախօրեին հայտարարել է արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։ Շվեդիայի և Ֆինլանդիայի իշխանությունները հայտարարել են, որ մտադիր են Անկարայի հետ առաջիկայում երկխոսություն սկսել այս հարցերի շուրջ։

Թուրքական լրատվամիջոցների համաձայն՝ ավելի վաղ սկանդինավյան այդ երկրները հրաժարվել են Թուրքիային արտահանձնել 33 հոգու, որոնց Էրդողանի վարչակազմը ահաբեկիչ է համարում։ Թուրքական Daily Sabah-ի տվյալներով` խոսքը, մասնավորապես, Քրդական աշխատավորական կուսակցության և Գյուլենի գլխավորած շարժման հետ կապ ունեցող անձանց մասին է։

Շվեդիան անվտանգության երաշխիքների կարիք ունի. վարչապետ

Շվեդիան և Ֆինլանդիան արևմտյան պաշտպանական դաշինքին անդամակցելու մտադրության մասին հայտարարել են Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո և համապատասխան որոշումը կայացրել անցած շաբաթավերջին։

Շուրջ երկու հարյուր տարի Շվեդիան սկզբունքորեն հրաժարվում էր մաս կազմել որևէ ռազմական կառույցի, 1994 թվականից հարևան այդ պետությունները միայն ՆԱՏՕ-ի գործընկեր երկրի կարգավիճակ ունեն և սերտորեն համագործակցել են դաշինքի անդամ պետությունների բանակների հետ։ Թե՛ Ֆինլանդիան, թե՛ Շվեդիան ժողովրդավարական զարգացած երկրներ են, որոնք համապատասխանում են ՆԱՏՕ-ի չափանիշներին։

Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության պաշտոնական որոշումը ֆին և շվեդ օրենսդիրների սեղանին է, երկու խորհրդարանների մեծամասնություն կազմող ուժերն ավելի վաղ հայտարարել են իրենց աջակցության մասին։

Այսօր դիմելով խորհրդարանին` Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը Ստոկհոլմի աննախադեպ որոշումը անվանել է «երկրի անվտանգության քաղաքականակության պատմական փոփոխություն»:

«Շվեդիան անվտանգության երաշխիքների կարիք ունի, որոնք կունենա անդամակցելով դաշինքին»,- ասել է Շվեդիայի կառավարության ղեկավարը։

Առայժմ հստակ չէ, թե երբ, ինչ ժամկետներում այդ երկրները կդառնան ՆԱՏՕ-ի 31-րդ և 32-րդ անդամները։ Դաշինքի հաջորդ գագաթնաժողովը նախատեսված է հունիսի 28-29-ը Մադրիդում, կառույցի ղեկավարությունը չի բացառել, որ անդամակցության արձանագրությունները ստորագրվեն հենց այդ ժամանակ, եթե պաշտոնական դիմումները Ստոլտենբերգի սեղանին դրվեն մինչև մայիսի վերջ:

Պուտինը զգուշացնում է

ՆԱՏՕ հասնելու ճանապարհին Անկարան Ստոկհոլմի և Հելսինկիի միակ խոչընդոտը չէ։ Մոսկվան պնդում է, որ հարևանները սխալ ճանապարհի վրա են, ինչը հետևանքներ կարող է ունենալ։

Ռուսաստանը, որն Ուկրաինա էր ներխուժել այդ թվում` ՆԱՏՕ-ին անդամակցելու Կիևի ցանկությանն ի պատասխան, հայտարարում է՝ սկանդինավյան հարևանների որոշման հետ խնդիր չունի, բայց Ռուսաստանը պատասխան քայլեր կձեռնարկի այդ երկրների տարածքներում դաշինքի ռազմական ենթակառուցվածքների ընդլայնման պարագայում։

«Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի ընդլայնմանը, այդ թվում՝ դաշինքի նոր անդամների՝ Ֆինլանդիայի, Շվեդիայի միջոցով, Ռուսաստանը, ուզում եմ ձեզ տեղեկացնել, այս պետությունների հետ խնդիրներ չունի: Եվ հետևաբար, այս իմաստով այդ երկրների հաշվին ՆԱՏՕ-ի ընդլայնումը մեզ համար անմիջական սպառնալիք չի հանդիսանում», - հայտարարել է Պուտինը և հավելել. «Բայց այդ տարածքներում ռազմական ենթակառուցվածքների ընդլայնումը, անշուշտ, կառաջացնի մեր պատասխանը: Իսկ թե դա ինչպիսին կլինի, մենք կորոշենք ելնելով այն սպառնալիքներից, որոնք նրանք կստեղծեն մեզ համար»:

ՌԴ նախագահը նշել է, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը խնդիր է, որն, իր կարծիքով, «ստեղծվում է միանգամայն արհեստականորեն», և այդ ամենը, Կրեմլի ղեկավարի համոզմամբ, «արվում է բացառապես Միացյալ Նահանգների շահերից ելնելով», և որ ՆԱՏՕ-ն օգտագործվում է որպես մեկ երկրի արտաքին քաղաքականության գործիք։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG