Ֆինլանդիան պարտավոր է անհապաղ ներկայացնել ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ: Այդ մասին այսօր ասել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն:
Հելսինկին այդ եզրակացության է հանգել Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման կապակցությամբ:
«Եթե ռուսները հարցնելու են, թե ով հրահրեց Ֆինլանդիայի միացումը ՆԱՏՕ-ին, ապա թող հայելու մեջ նայեն, դա կլինի իմ պատասխանն այդ հարցին»,- ասել է նախագահ Նիինիստոն:
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ ունի 1300-կիլոմետրանոց ցամաքային սահման: Ավանդաբար չեզոք քաղաքականություն վարող այդ երկիրը 2014 թվականին ռուսների կողմից Ղրիմի բռնակցումից հետո ՆԱՏՕ-ի հետ գործընկերության պայմանագիր է կնքել:
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի նախաձեռնած պատերազմից հետո Ֆինլանդիայում անցկացված հարցումների արդյունքները վկայում են, որ բնակչության 76 տոկոսը ՆԱՏՕ-ին անդամակցելու կողմնակից է:
1939 և 1944 թվականներին Խորհրդային Միության և Ֆինլանդիայի միջև տեղի են ունեցել երկու ծանր պատերազմներ, որոնց հետևանքով Ֆինլանդիան իր տարածքի 10-ը տոկոսը զիջել է Մոսկվային:
Ենթադրվում է, որ Ուկրաինայի իրադարձությունների կապակցությամբ ՆԱՏՕ-ին արագ միանալու հայտ կներկայացնի նաև հարևան Շվեդիան: