Ֆինլանդիան և Շվեդիան այսօր ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ են ներկայացրել դաշինքի կենտրոնակայան։
Պաշտոնական արձագանքը սպասվում է մի քանի շաբաթից։
Համաձայն կանոնների՝ դաշինքին նոր անդամի միանալու համար անհրաժեշտ է բոլոր դաշնակիցների միաձայն հավանությունը։ Դրական որոշման դեպքում վավերացման ընթացակարգը, դիվանագետների կարծիքով, կարող է տևել մոտ մեկ տարի։
«Հելսինկին և Ստոկհոլմը որոշել են միասնաբար շարժվել դաշինքին անդամակցության ուղղությամբ», - նախօրեին հայտարարում էր Շվեդիայի վարչապետը։
Սկանդինավյան երկու պետությունների՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ֆորմալ գործընթացի մեկնարկի առջև վերջին խոչընդոտները վերացան այս շաբաթասկզբին։ Երկուշաբթի օրը անդամակցության գործընթաց սկսելու օգտին քվեարկեց Շվեդիայի խորհրդարանը՝ Ռիկսդագը։ Երեկ երեկոյան էլ քվեների 188 կողմ և 8 դեմ հարաբերակցությամբ ՆԱՏՕ-ին անդամակցության գործընթաց սկսելու օգտին արտահայտվեց Ֆինլանդիայի խորհրդարանը։
Արևմտյան մայրաքաղաքներից արդեն իսկ հայտարարություններ են հնչում, որ սրընթաց փոփոխվող աշխարհքաղաքական իրողությունների՝ նախևառաջ Ռուսաստան-Արևմուտք հակամարտության ֆոնին, Շվեդիան և Ֆինլանդիան պետք է որքան հնարավոր է արագորեն անդամակցեն Հյուսիսատլանտյան դաշինքին։
«Հստակ է, որ թե' ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, թե' որպես Եվրամիության անդամ բարեկամ և գործընկեր երկրներ մենք պարտավորություններ ունենք Շվեդիայի և Ֆինլանդիայի առջև։Երկու երկրներն էլ կարող են վստահ լինել, որ այս իրավիճակում կարժանանան մեր աջակցությանը», - նախօրեին հայտարարում էր Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը։
Սկանդինավյան երկրների առջև ծառացած գլխավոր խոչընդոտը, սակայն, ՆԱՏՕ-ի ամենաազդեցիկ անդամներից մեկի՝ Թուրքիայի առարկություններն են։ Պաշտոնական Անկարան սպառնում է օգտվել վետոյի իրավունքից՝ մատնանշելով այն հանգամանքը, որ թե՛ Շվեդիան և թե՛ Ֆինլանդիան չեն շտապում Թուրքիային արտահանձնել ահաբեկչական կառույցների հետ առնչություններ ունեցող անձանց։ Խոսքը Քրդական բանվորական կուսակցության (PKK) և իսլամիստ քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի Սկանդինավիայում բնակվող աջակիցների մասին է։ Բեռլինում, այդուհանդերձ, հույս ունեն, որ Թուրքիայի կոշտ մոտեցումն ի վերջո կփոխվի։
«Ինչպես և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, ես ևս վստահ եմ՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության պրոցեսը բավական արագ կընթանա։ Դրան նպաստելու է ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրների՝ այդ թվում Թուրքիայի աջակցությունը։ Դրա հավանականությունը շատ մեծ է, քանի որ մենք արդեն տեսել ենք, թե ինչպես է գործում Թուրքիան, ինչպես է ստեղծված իրավիճակում բազմաթիվ կառուցողական առաջարկներով հանդես գալիս», - հայտարարում էր Գերմանիայի դաշնային կանցլերը։