Ադրբեջանը այս գիշեր ևս շարունակել է հրաձգային զինատեսակներով թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը, հաղորդում է Արցախի պաշտպանության բանակը։ Հայկական կողմը միևնույն ժամանակ հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունը, թե Պաշտպանության բանակը կրակել է ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։
Վերջին օրերին թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի սահմաններն անհանգիստ են։ Բաքուն, սակայն, կա՛մ հերքում է, կա՛մ էլ պնդում, թե հայկական զինված ուժերն են խախտում հրադադարը։
Օրերս Երասխում ադրբեջանական կրակոցից մեկ հայ զինծառայող սպանվեց, մեկն էլ վիրավորվեց։ Երեկ էլ ադրբեջանական ստորաբաժանումների թիրախում էին հայտնվել Ասկերանի շրջանի Խնապատ, Փառուխ գյուղերը։ Դրանց ուղղությամբ ականանետներ էին կիրառվել։ Արցախի իրավապահներն այսօր լուսանկարներ են հրապարակել Փառուխ համայնքից. 60 մմ տրամաչափի ականանետից արձակված արկը պայթել էր համայնքին պատկանող շինության բակում և պատճառել գույքային վնաս:
Շաբաթներ շարունակ կրակոցների տակ էր Խրամորթը, այստեղ արդեն երկու օր է` տեղակայվել են ռուս խաղաղապահներ, ինչից հետո, ըստ համայնքապետի, միջադեպեր չեն գրանցվել։ Իսկ մինչ այս ականի պայթյունից վիրավորվել էր բնակիչներից մեկը։
Արցախում ավելանում են հումանիտար խնդիրները։ Արդեն 5-րդ օրն է` շուրջ 100 հազար բնակիչ զրկված է գազից։ Հայաստանից Արցախ մտնող միակ գազատարի խողովակը վնասվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ են ընթանում վերանորոգումը կազմակերպելու համար, սակայն անարդյունք։
Ստեփանակերտում այսօր ձյուն է տեղացել, եղանակային անբարենպաստ պայմաններ են, սաստիկ ցուրտ ու այս ֆոնին բնակիչները զրկված են գազից։ «Շատ դժվարությունների առաջ ենք կանգնած,-ասում է Ստեփանակերտում բնակվող բազմազավակ ընտանիքի մայրը, - տաք ջուրը չկա գազի պատճառով, ջեռուցում չկա, որ գազի հետ է կապված, դժվարությունները շատ են: Փոքր երեխա է, լողացնելու խնդիրն է, ցուրտ ա, ջեռուցումը, պիտի տանես բաղնիք, ջուրը տաքացնես, լողացնես, սաղ խնդիր ա էլի»։
Ջեռուցման բացակայության պատճառով փակվել են դպրոցներն ու մանկապարտեզները։ Արցախում հացի խնդիր էլ կա. արտադրամասերը գազի բացակայության պայմաններում չեն աշխատում, միայն հոսանքի միջոցով աշխատող հացի արտադրամասերն են մնացել, որոնք շատ չեն, այստեղ էլ մեծ հերթեր են գոյանում։
«Աշխատանքից որ գալիս ես, արդեն 7-ից հետո հացը շատ դժվար ես ճարում», - ասում է տեղացիներից մեկը։
Ծանրաբեռնվածության պատճառով Արցախում պարբերաբար լինում են նաև էլեկտրաէներգիայի անջատումներ։ Ադրբեջանական կողմը մինչ այս պահը առանց որևէ պատճառաբանության համաձայնություն չի տալիս, որպեսզի հայկական կողմը մոտենա ու գազատարի վթարի վերացման աշխատանք կատարի, ասում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Պատերազմից հետո ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը նման խնդիրները միշտ օգտագործել է որոշակի հարցերում առևտուր անելու համար։ Նկատի ունեմ՝ հոգեբանորեն ճնշել, բոլոր միջոցները, որոնք իր հայեցողության տակ կան, օգտագործել ժողովրդի վրա ազդեցություն գործելու համար և կյանքը Արցախում անտանելի դարձնելու համար։ Ամեն անգամ նման խնդիր հարուցելուց հետո Ադրբեջանը որոշակի պայմաններ էր առաջարկում այդ խնդիրները կարգավորելու համար: Այս պարագայում ևս կարծում եմ, որ որոշակի նման խնդիրներ են առաջ քաշվում», - նշեց ՄԻ պաշտպանը:
Ստեփանյանն այս ամենը համարում է Արցախն առանց հայերի տեսնելու ադրբեջանական նպատակի վկայություններ։ Արցախի օմբուդսմենը լուծումը տեսնում է Ադրբեջանի նկատմամբ ճնշումների մեծացմամբ՝ թե՛ Ռուսաստանի, թե՛ միջազգային հանրության կողմից. «Ադրբեջանին ուղղակի պետք է ճնշել, որ հետ կանգնի նման քայլերից», - համոզված է Գեղամ Ստեփանյանը։