Վերջին օրերին հատկապես Արցախում իրադրության որոշակի լարում կա, այսօր կառավարության նիստի մեկնարկին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով՝ դա ընդգծվում է նաև Արցախին բնական գազ մատակարարվող խողովակաշարի խափանմամբ։
Վարչապետը զերծ մնաց որևէ գնահատականներից՝ տեղեկացնելով, որ Արցախի և միջազգային գործընկերների հետ աշխատում են՝ իրադրությունը կայունացնելու և կարգավորելու ուղղությամբ։ «Այս պահին գնահատականներ չտանք, պարզապես արձանագրենք, որ կա այդպիսի իրավիճակ և փորձենք կնետրոնանալ խնդիրները լուծելու ուղղությամբ», - եզրափակեց Հայաստանի գործադիրի ղեկավարը։
Ֆրանսիա այցից
Անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հրավերով Փարիզ կատարած այցին՝ Փաշինյանն այն «բավականին հաջող» գնահատեց՝ ընդգծելով՝ օգտագործելով համաժողովը («Հավակնություններ՝ Հայաստան-Ֆրանսիա» համաժողով)՝ պետք է նոր լիցք հաղորդել հայ-ֆրանսիական ոչ միայն տնտեսական համագործակցությանը։
«Մենք բազմաշերտ օրակարգ ենք ունեցել և մեզ համար կարևոր է, որ կենտրոնանանք այդ օրակարգի իրականացման վրա և տնտեսական կապերը նաև ակտիվացնելու ուղղությամբ աշխատենք», - ասաց վարչապետը։
Ապրիլին նախատեսված մոսկովյան այցից
Ընդգծելով, որ այս տարի լրանում է նաև Ռուսաստանի հետ դիվանագիտական կապերի հաստատման 30-ամյակը՝ Փաշինյանը նշեց, որ ապրիլին նախատեսված է իր այցը Մոսկվա՝ հստակ օր չնշելով։
«Մենք հիմա այդ այցի նախապատրաստական փուլում ենք, և պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ այցը նույնպես բարձր մակարդակով և հարուստ բովանդակությամբ ընթանա», - ասաց վարչապետը։
Varieties of Democracy -ի զեկույց
«Մեր երկրի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունը բնորոշվում է ոչ թե ընտրական ավտորիտարիզմ տերմինով, այլ ընտրական ժողովրդավարություն», -այսօր ասաց վարչապետը՝ հղում անելով The V-Dem Institute-ի (Varieties of Democracy) վերջերս հրապարակված զեկույցին։
«Սա նշանակում է, որ ժողովրդավարության առումով Հայաստանի Հանրապետության դասակարգման փոփոխություն է տեղի ունեցել, այսինքն՝ նույնիսկ 2018 թվականի ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությունից հետո այս կազմակերպությունը շարունակում էր Հայաստանը դիտարկել որպես ընտրական ավտորիտար համակարգ ունեցող երկիր, որի իմաստը հետևյալն էր, որ կա ավտորիտար համակարգ, որ ընտրական պրոցեսն, ըստ էության, օգտագործում է սեփական վերարտադրությունը կազմակերպելու համար։ Նոր բնորոշման էությունը հետևյալն է, որ իշխանությունները ձևավորվում են ընտրություններով», - ասաց Փաշինյանը։