Մատչելիության հղումներ

Բաքուն ակնհայտ սադրանքների է դիմում` Արցախը հայաթափելու նպատակով. Արայիկ Հարությունյան


Արդեն երեք օր է` ադրբեջանական կողմը առանց հիմնավորման խոչընդոտում է Արցախի գազատարի վնասված մասի վերանորոգումը, այսօր Անվտանգության խորհրդի նիստում ասել է Արցախի ղեկավարը:

«Կասկածից վեր է, որ թե՛ գազատարի վնասումն ու վերանորոգման աշխատանքների ձգձգումները, թե՛ վերջին օրերին Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ցուցաբերած ագրեսիվ վարքագիծը ունեն աշխարհաքաղաքական ենթատեքստ», - հայտարարել է Արայիկ Հարությունյանը` պնդելով, թե Ադրբեջանը փորձում է օգտվել Ուկրաինայի շուրջ իրավիճակից ու միջազգային դերակատարների զբաղվածությունից:

Ըստ նրա` պաշտոնական Բաքուն ակնհայտ սադրանքների է դիմում՝ նպատակ ունենալով «հոգեբանական ահաբեկման ենթարկել Արցախի խաղաղ բնակչությանն ու այդ կերպ հայաթափել Արցախը»: Նա հավաստիացրել է, որ Արցախի իշխանությունները բոլոր մակարդակներում աշխատանքներ են իրականացնում՝ կանխելու անվտանգային ու հումանիտար խնդիրների առաջացումը և շտկելու ստեղծված իրավիճակը:

Նա հորդորել է հանգստություն պահպանել:

Արցախի սահմանային մի շարք համայնքներ այս օրերին անհանգիստ են, երեկ երեկոյից ողջ գիշեր միայն Խրամորթի ուղղությամբ ադրբեջանական կողմը ականանետի 23 արկ է կիրառել, երեխաներին, կանանց մեծ մասին տղամարդիկ տեղափոխել են գյուղից:

Պաշտոնական Բաքուն պարբերաբար և այսօր նույնպես հայկական կողմին է մեղադրել հրադադարի ռեժիմը խախտելու համար։

Բացի այդ, արդեն երրոդ օրն է` արցախցիները զրկված են կապույտ վառելիքից: Վթարվել է մայրուղային գազատարը, վթարը ադրբեջանական կողմի հսկողության տակ անցած Շուշիի տարածքում է: Արցախից պաշտոնական շրջանակները պարբերաբար տեղեկացնում են՝ ռուս խաղաղապահները դեռ բանակցում են, վթարի վայրն առայժմ անհասանելի է մասնագետների համար:

XS
SM
MD
LG