Մատչելիության հղումներ

Արցախում կրկին անհանգիստ է. ականանետեր են կիրառվել ու կրակոցներ արձակվել


Խնապատցի Բարսեղ Ավանեսյանն առավոտյան իր նռան այգում էր աշխատում, երբ առաջին ականը պայթեց մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։ Ավանեսյանը, բարեբախտաբար, չի վիրավորվել, հասցրել է հեռանալ տարածքից։

«Ինձանից մի 300 մետր հեռավորության վրա ընկավ։ Մի 5 րոպե հետո մեկն էլ պայթեցրին։ Մեկն էլ մի հինգ րոպեից խփեցին», - պատմում է նա։

Ականանետների կիրառումը շարունակվել է նաև ցերեկը, ընդ որում ոչ միայն Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի, այլև հարևան Փառուխի ուղղությամբ, փոխանցում է Արցախի ներքին գործերի նախարարությունը։ Տուժածներ չկան։

Առավոտյան Խնապատում ականների պայթունը լսելուն պես՝ դադարեցրել են դպրոցի, մանկապարտեզի աշխատանքը, վախեցած երեխաներին անմիջապես հեռացրել են տարածքից, պատմում է տեղի116 աշակերտ ունեցող դպրոցի տնօրեն Լյուդմիրա Մոսիյանը. «Առավոտյան, սովորականի նման 9։00-ին սկսեցինք ուսումնական պարապմունքները, առաջին դասաժամից հետո, 2-րդից սկսած՝ 10-ի մոտերքը, ուժեղ ձայն լսեցինք դպրոցի տարածքից դուրս, բայց ձայնը մոտիկ էր։ 2-րդ ականանետի ուժգին ձայնը լսելիս հետո երեխաներին իջեցրինք ապաստարան իսկույն, այնուհետև ծնողները, լսելով այդ ձայները, մեքենաներով եկան, կազմակերպված ուղեկցեցին աշակերտներին տներ»:

Վերջին օրերին Արցախի սահմաններին լարված իրավիճակը պահպանվում է, Բաքուն, սակայն, կա՛մ հերքում է, կա՛մ էլ պնդում, թե հայկական զինված ուժերն են խախտում հրադադարը թե՛ Արցախում, թե՛ հայ-ադրբեջանական սահմանին։ Օրերս Երասխում ադրբեջանական կրակոցից մեկ հայ զինծառայող սպանվեց, մեկն էլ վիրավորվեց։

Օրեր շարունակ ականանետեր էին կիրառվում նաև Արցախի Խրամորթ գյուղում, որի հետևանքով երեկ վիրավորվել էր բնակիչներից մեկը։ Խրամորթցիները շաբաթներ շարունակ պահանջում էին, որ ռուս խաղաղապահներն այնտեղ մշտական տեղակայվեն։ Ի վերջո երեկվանից նրանք տեղակայվեցին Խրամորթում։ Համայնքապետը փոխանցեց՝ այսօր գյուղում խաղաղ է:

Գիշերվանից, սակայն, անհանգիստ էր Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում։

Բնակիչներից Սերգեյ Գևորգյանը պատմում է՝ մինչև առավոտ կրակոցներ են հնչել. «Ժամը 3-4-ի կողմերը խփել էին։ Վախենալու բան չկա, էնքան են կրակել, արդեն էլ վախի բան չկա»։

Արցախում օրեցօր նաև հումանիտար խնդիրներն են ավելանում ու չեն կարգավորվում։ Արդեն 4-րդ օրն է` արցախցիները զրկված են գազից, ջեռուցման բացակայության պատճառով դպրոցները, մանկապարտեզները վաղվանից մեկ շաբաթով չեն գործի։ Արցախ մտնող միակ գազատարի խողովակը վնասվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում, և Բաքուն օրեր շարունակում արգելում է վերանորոգել այն։

«Արդեն երևում է, որ երեխաների կրթության պրոցեսը տուժելու է այդ գազատարի հետ կապված խնդրով պայմանավորված: Կա որոշակի ազդեցություն արտադրությունների վրա, կոնկրետ հացի արտադրամասերի վրա, այսինքն` սովորական կենցաղի վրա, կենսական անհրաժեշտության պայմանների ապահովման վրա գազի բացակայությունն ազդում է մեծապես», - ընդգծեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

Արցախից հայտնում են՝ ադրբեջանական կողմը այսօր էլ չի թույլատրել, որ ռուս խաղաղապահներն ու հայկական կողմի ներկայացուցիչները մոտենան խողովակին ու վերականգնեն գազամատակարարումը: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այս մասին խոսել էր երեկվա Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում։

«Վթարը տեղի է ունեցել նրանց վերահսկողության տարածքում` դիրքի հարևանությամբ, և խանգարում են մեզ մոտենալ, պարզ է, որ կա՛մ կազմակերպված է, կա՛մ եթե կազմակերպված չէ, առիթ է դրանով ևս ինչ-որ ձևով ազդել մեր գիտակցության վրա կամ մեր հոգեբանական վիճակի, մեր պահվածքի վրա», - նշել է Հարությունյանը։

Խնդրի կարգավորման համար ռուս խաղաղապահների միջոցով բանակցությունները դեռ շարունակվում են, առայժմ՝ անարդյունք։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG