Խրամորթում առավոյան դարձյալ ականանետի արկեր են պայթել, 5-րդ ալիքի Արցախի թղթակիցը ֆիքսել է պայթյունի պահը, որի հետևանքով վիրավորում է ստացել Խրամորթի բնակիչ Սուրեն Բաղրյանը:
Նա այժմ Արցախի հանրապետական հիվանդանոցում է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Բեկորային վիրավորումը մեջքի շրջանում է, բեկորը հեռացվել է։ 51-ամյա խրամորթցին պատմում է` առավոտյան բակում գործ էր անում, մի քանի ժամ ադրբեջանցիները լռել էին, առավոտյան գյուղի ուղղությամբ արձակված հենց առաջին արկի բեկորն է իրեն հասել. «Աշխատանքի տեղն եմ եղել, երևի 9:30, շարժման մեջ եմ եղել»:
Երեկ երեկոյից ողջ գիշեր միայն Խրամորթի ուղղությամբ ադրբեջանական կողմը ականանետի 23 արկ է կիրառել, երեխաներին, կանանց մեծ մասին տղամարդիկ տեղափոխել են գյուղից, պատմեց խրամորթցի Հասմիկ Անդրյանը. «Գիշերը ուսուցիչներով, բոլորով կազմակերպված իրար զանգեցին ու ասացին, որ երեխաներին գյուղից հանում ենք, որովհետև ներքևում շարժ ենք նկատել, արդեն թուրքերի խփած գնդակները շատ մոտ են, տների տանիքներին էին ընկնում բեկորները, դրա համար էլ իրար նայելով, բոլորս իրար զգուշացնելով երեխաներին վերցրինք ու դուրս եկանք գյուղից, բայց տղամարդիկ վերադարձան, այս պահին էլ գյուղում են: Որքան հնարավոր լինի, պիտի պահենք էլի, գյուղը չտանք»:
Գյուղում դպրոց, մանկապարտեզ այսօր չի գործել, տեղեկացրեց ուսուցչուհի Անդրյանը. «Ուսուցիչները` երկու տղամարդ, մի կին դպրոցում են, մինչև այս պահն էլ դպրոցում են, բայց դպրոց ուրիշ ոչ մեկը չի գնացել»:
Խրամորթցիներին հատկապես տագնապի է մատնել այն, որ գիշերը ադրբեջանական կողմն իրենց դիրքերին զինտեխնիկա է մոտեցրել:
«Երկու տեխնիկա է մոտիկացել ու հիմա գտնվում է նույն տեղում», - փոխանցեց Ասկերանի վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը` հավելելով` այսօր ռուս խաղաղապահները հենց Խրամորթում հենակետ են տեղադրել մշտական տեղակայման համար. «Հիմա այնտեղ են, մշտական տեղակայման վայրում են»:
Խրամորթցիները շաբաթներ շարունակ ահազանգում էին՝ իրենք ամենօրյա վտանգի մեջ են, անհրաժեշտ է, որ խաղաղապահները ոչ թե միջադեպերից հետո ժամանեն գյուղ, այլ պարզապես չհեռանան:
Մանկահասակ երեխաներ ունեցող խրամորթցիներն առայժմ չեն շտապում գյուղ վերադառնալ, տեղում մի քանի կանայք են ու տղամարդիկ:
Ինչո՞ւ մենք չենք կրակում, զարմանում է 87-ամյա խրամորթցի Ռոմա Առաքելյանը, իսկ պաշտոնական Բաքուն պարբերաբար և այսօր նույնպես հայկական կողմին է մեղադրում հրադադարի ռեժիմը խախտելու համար։
Արցախի սահմանային մի շարք համայնքներ են այս օրերին անհանգիստ. այսօր Արցախի արտգործանախարարությունը, Անվտանգության խորհուրդը հայտարարություններ են տարածել:
«Հրադադարի խախտման թշնամական գործողությունների թիրախ է ընտրված խաղաղ բնակչությունը՝ նպատակ ունենալով առաջացնել խուճապ։
Սադրանքների հետագա զարգացումները կասեցնելու նպատակով Անվտանգության խորհրդի գրասենյակը համագործակցում է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հետ։ Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցներ՝ հակառակորդին ստիպելու հավատարիմ մնալ կրակի դադարեցման պայմանավորվածություններին», - ասված է ԱԽ հայտարարության մեջ։
Անվտանգության խորհրդի գրասենյակը հայտարարության մեջ նաև հերքել է ադրբեջանական հարթակներում տարածվող տեղեկությունները, թե ռուս խաղաղապահ զորակազմն ուժերի մի մասը դուրս է բերում Արցախից Ուկրաինա տեղափոխելու նպատակով:
Արցախում հումանիտար մի շարք խնդիրներ են առաջացել
Արցախում հումանիտար բազմաթիվ խնդիրներ է ստեղծել գազի բացակայությունը, արդեն երրոդ օրն է` արցախցիները զրկված են կապույտ վառելիքից: Վթարվել է մայրուղային գազատարը, կա վարկած, որ ադրբեջանական կողմն է պայթեցրել, քանի որ վթարը իրենց հսկողության տակ անցած Շուշիի տարածքում է, և նրանք թույլ չեն տալիս մոտենալ վթարի տեղանքին:
Արցախից պաշտոնական շրջանակները պարբերաբար տեղեկացնում են՝ ռուս խաղաղապահները դեռ բանակցում են, վթարի վայրն առայժմ անհասանելի է մասնագետների համար:
«Ցուրտ է, և տաքանալ չենք կարող»,-ասում է ստեփանակերտցի Լիլյա Մեհրաբյանը, նա երկու անչափահաս երեխաների մայր է: «Էսօր վապշե անտանելի ցուրտ է, մի քանի օր մարդիկ ուզում էին ամեն ձևով յոլա գնալ, բայց չի ստացվում, բայց լույսի գառանտիա էլ չկա` որ ժամին կանջատեն, կմիացնեն, ոչ մեկը չգիտի»:
Հոսանքն էլ կայուն չէ, քանի որ այս օրերի ծանրաբեռնվածությանը համակարգը չի դիմանում, տարբեր վայրրում պարբերաբար հոսանքն էլ է անջատվում:
Գազի վառարաններով աշխատող մի շարք հացի արտադրամասեր դադարեցրել են աշխատանքը, հացի սուր խնդիր դեռ չկա, ասում է Լիլյան` տագնապով, որ եթե էներգամատակարարման խափանումները շարունակվեն, գուցե անհաց էլ մնան. «Հացը ոչինչ, մի երկու փուռ աշխատում է, բայց պիտի հասցնես էլի, գնաս, հերթ կանգնես: Էսօր կա, վաղը չգիտեմ, բայց լույս կար, կարող է, որ վաղը լույս էլ չլինի, հաց էլ չլինի: Էդ վիճակն է, մի քանի փուռ կա լույսով աշխատող, գիշեր-ցերեկ աշխատում են, որ հասցնեն»:
Դպրոցներում դասաժամերը կրճատվել են, որ աշակերտները շատ չսառչեն, որոշ դպրոցներից ծնողներին հորդորել են երեխաներին չուղարկել, իսկ երեխաները տներում էլ տաքանալ չեն կարող:
Այս ամենին գումարվում են սահմանային կրակոցները, որ ամեն օր ավելի ու ավելի խոշոր տրամաչափի զինատեսակներից են արձակվում:
«Սպասողական ենք, - ասում է ստեփանակերտցի կինը, - սաղ քաղաքը անհանգիստ ա, մարդիկ խառնված են»: