Մատչելիության հղումներ

Տոկաևը Նազարբաևին փոխարինեց նաև իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնում


Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Նուր-Սուլթան, արխիվ, 11 հունվարի, 2022թ.
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Նուր-Սուլթան, արխիվ, 11 հունվարի, 2022թ.

Ղազախստանի իշխող կուսակցությունը՝ «Նուր Օթանը» («Հայրենիքի լույս»), այսօր տեղի ունեցած համագումարում կուսակցության հիմնադիր Նուրսուլթան Նազարբաևի առաջարկով նոր առաջնորդ է ընտրել երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին:

Այսպիսով Նազարբաևին նախագահի պաշտոնում փոխարինած Տոկաևը նրան փոխարինել է նաև անվտանգության խորհրդի և իշխող քաղաքական ուժի լիդերի պաշտոններում:

Ղազախստանում քաղաքական խոշոր փոփոխությունների առիթ են դարձել տարեսկզբին հեղուկ գազի թանկացման կապակցությամբ տեղի ունեցած զանգվածային ընդվզումները և արյունալի բախումները:

Նախագահ Տոկաևն արտակարգ դրություն է սահմանել և ՀԱՊԿ-ին խնդրել է խաղաղապահներ ուղարկել: ՀԱՊԿ ուժերը տեղակայվել են կայունության հաստատման գործում Ղազախստանի բանակին և իրավապահներին սատարելու համար: Արտակարգ դրությունն օրերս չեղարկվել է, իսկ ՀԱՊԿ ուժերն արդեն դուրս են բերվել:

Նազարբաևը մոտ 30 տարի է ղեկավարել երկիրը և նախագահի պաշտոնից հրաժարական է ներկայացրել 2019 թվականի մարտին՝ պահպանելով անվտանգության խորհրդի ցկյանս նախագահի և «Նուր-Օթան» կուսակցության առաջնորդի պաշտոնները: Հունվարյան իրադարձություններից հետո նա զրկվել է բոլոր պաշտոններից:

Նազարբաևի հետ առնչություններ ունեցող բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ և տնտեսական կառույցների ղեկավարներ պաշտոնանկ են արվել, նրանցից մի քանիսն անձնասպան են եղել:

«Նուր-Օթան» կուսակցության անվանի անդամներից մի քանիսը լքել են կուսակցության շարքերը, նշելով, որ իշխող ուժը ձախողել է երկրում արյունահեղությունը կանխելու առաքելությունը:

Տոկաևը բողոքի ակցիաների օրերին պնդել է, թե երկրի ամենախոշոր քաղաքը՝ նախկին մայրաքաղաք Ալմաթին, «20 հազար ահաբեկիչների կողմից ենթարկվել է գրոհի»:

Ղազախստանի իրավապահներն առայսօր չեն ներկայացրել զանգվածային բողոքներին ահաբեկիչների մասնակցությունը հաստատող փաստեր:

Բախումներում, ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է 227 մարդ, այդ թվում՝ 19 զինվոր և ոստիկան: Ավելի քան 12 հազար մարդ ձերբակալվել է:

Իրավապաշտպանների համոզմամբ, սպանվածների իրական թիվը, հավանաբար, շատ ավելի մեծ է, քանի որ տասնյակ մարդիկ այսօրվա դրությամբ համարվում են անհետ կորած:

XS
SM
MD
LG