Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Ղազախստանում հունվարյան իրադարձությունների վերաբերյալ։ Պատգամավորները կոչ են արել միջազգային հետաքննություն սկսել և պատժամիջոցներ սահմանել ղազախստանցի պաշտոնյաների դեմ՝ մարդու իրավունքների խախտումների համար։
Բանաձևը բաղկացած է 27 կետից։ Եվրոպացի պատգամավորները դրանում պնդում են, որ Ղազախստանի իշխանությունները բողոքի ցույցերին, այդ թվում՝ խաղաղ, պատասխանել են «անհամաչափ բռնությամբ», օգտագործել են «ահաբեկչություն» և «ծայրահեղականություն» տերմինները՝ սահմանափակելու խոսքի ազատությունը և այլակարծությունը։
Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի՝ «առանց նախազգուշացման կրակել» հրամանը Եվրախորհրդարանը գնահատել է որպես «կյանքի իրավունքը հարգելու և պաշտպանելու Ղազախստանի միջազգային իրավական պարտավորությունների խախտում»:
Հունվարի առաջին շաբաթվա ընթացքում Ղազախստանում տեղի ունեցած բռնությունների հետևանքով, պաշտոնական տվյալներով 225 մարդ է զոհվել, այդ թվում՝ անվտանգության ուժերի 19 աշխատակից, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են, տասը հազարից ավելի մարդ էր ձերբակալվել։