Ղազախստանի Ժանաոզեն քաղաքում այսօր մի խումբ ակտիվիստներ պաստառներ պարզած հավաքվել էին քաղաքապետարանի շենքի մոտ՝ Ղազախստանի իշխանություններից պահանջելով վերջ տալ բռնաճնշումներին։
«Մենք չենք կարող լռել։ Դա անհնարին է։ Յուրաքանչյուր օր լսում ենք, որ հետապնդումների են ենթարկվում խաղաղ ցույցերի դուրս եկած շարքային քաղաքացիները»,- ասել է ակցիայի մասնակից Ալմա Կարաշևան։
Բողոքի ակցիան 15 րոպե է տևել։ Հունվարի սկզբին հենց Ժանաոզենից սկսվեցին ցույցերը, որոնք տարածվեցին ամբողջ երկրով մեկ։
Ղազախստանի գլխավոր դատախազի տեղակալ Էլդոս Կիլիմժանովն այսօր կայացած ասուլիսում հայտնել է, որ հունվարյան իրադարձությունների հետ կապված Գլխավոր դատախազությունը 819 քրեական գործ է քննում։ Ձերբակալված 970 կասկածյալների մեծ մասը՝ 464-ը անցնում են ահաբեկչության և զանգվածային անկարգությունների գործերով, մյուսները մեղադրվում են գողության, անօրինական զենք պահելու, հափշտակելու, ջարդարարության և խուլիգանության հոդվածներով։
Ղազախստանում հունվարի առաջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցած բռնությունների հետևանքով, պաշտոնական տվյալներով առնվազն 225 մարդ է զոհվել, այդ թվում ուժային կառույցների 19 աշխատակից։