Մատչելիության հղումներ

Ղազախստանում անկարգություններից հետո կալանքի տակ է մնում մոտ հազար մարդ


Ղազախստանը զանգվածային ընդհարումների օրերին, արխիվ:
Ղազախստանը զանգվածային ընդհարումների օրերին, արխիվ:

Ղազախստանի գլխավոր դատախազության խոսնակ Էլդոս Կիլյումժանովը երեկ հայտնել է, որ երկրում տարեսկզբին մեկնարկած զանգվածային անկարգությունների և ընդհարումների գործերով ձերբակալված հազարավոր մարդկանցից մոտ հազարը տակավին մնում է կալանքի տակ:

Նրա խոսքով, ավելի քան 460 մարդ անցնում է ահաբեկչության և հասարակական կարգուկանոնը խախտելու հոդվածներով: Մոտ 500 մարդկանց ներկայացվել են ավելի մեղմ պատիժներ ենթադրող՝ գողության, իրավապահների հրահանգներին չենթարկվելու և ապօրինի զենք կրելու մեղադրանքներ:

Կալանքի տակ գտնվողներից 79-ն ունեն տարբեր աստիճանի վնասվածքներ, այդ թվում` 29-ը՝ հրազենային:

Կալանքի տակ գտնվողներից մի քանիսը հայտնել են իրենց նկատմամբ բիրտ վերաբերմունքի մասին:

Զանգվածային անկարգությունները Ղազախստանում սկսվել են տարեսկզբին հեղուկ գազի սակագինը կրկնապատկելու կապակցությամբ: Հետագայում կառավարությունը չեղարկել է որոշումը, սակայն ընդվզումները շարունակվել են:

Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ երկիրը ենթարկվել է ահաբեկիչների կողմից լավ կազմակերպված և մեկ կենտրոնից ուղղորդվող գրոհի: Նրա խնդրանքով ՀԱՊԿ պետությունները Ղազախստան են ուղարկել խաղաղապահների ստորաբաժանումներ, որոնք արդեն ավարտել են առաքելությունը և դուրս են բերվել:

Տոկաևը պաշտոնանկ է արել պետական և տնտեսական համակարգերում աշխատող բարձրաստիճան ղեկավարներին, ովքեր առնչություն ունեն նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի և նրա գերդաստանի հետ:

Նազարբաևը զրկվել է անվտանգության խորհրդի ցկյանս նախագահի և իշխող կուսակցության ղեկավարի պաշտոններից: Նա հայտարարել է, որ անվերապահորեն սատարում է Տոկաևին:

Ղազախստանի իշխանություններն առայսօր չեն ներկայացրել արժանահավատ փաստեր առ այն, որ զանգվածային անկարգությունները կազմակերպել և իրականացրել են տեղացի կամ օտարերկրացի ահաբեկիչները:

XS
SM
MD
LG