Մատչելիության հղումներ

Պարգևատրումներ և՛ վարչապետի աշխատակազմում, և՛ նախարարություններում


Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ վարչապետն իր աշխատակազմի բոլոր աշխատակիցներին՝ փոխվարչապետերին ու նրանց աշխատակազմերին մեկ աշխատավարձի չափով պարգևատրումներ է տվել, ընդհանուր 479 հոգու: Եթե հարկերը հանում ենք, փաստացի, ըստ կառավարության պատասխանի, վճարվել է ավելի քան 200 հազար դոլար կամ 97.5 միլիոն դրամ։

Հիշեցնենք՝ նախատոնական ոչ պակաս շռայլ պարգևատրումներ էին ստացել օրենսդրական աշխատանքով աչքի չընկած, փոխարենը՝ հայհոյանքն ու ծեծուջարդը Ազգային ժողովի առօրյա դարձրած խորհրդարանականները։ Պատգամավորներին ու ողջ աշխատակազմին ԱԺ նախագահի բաժանած պարգևատրումը բյուջեին 300 հազար դոլար էր արժեցել։

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն ասում է՝ ինքը դա թալան չէր համարի, եթե տեսներ Կառավարության աշխատանքի արդյունավետությունը, նաև սահմանված չափանիշներ՝ ինչի՞ հիման վրա են պաշտոնյաները ստանում պարգևատրումներ:

«Նաև ժողովրդի կենսամակարդակը բարձրանա, և թոշակները, այն էլ որոշ կատեգորիաների թոշակառուների 1000-2000 դրամով բարձրանա, այլ ավելի լուրջ, թող իրենք ուրեմն լավ են աշխատում, թող ստանան, հալալ է, ինչպես ժողովուրդը կասեր: Բայց այստեղ ես դա չեմ տեսնում, հետևաբար ի՞նչ տարբերություն նախկինում, երբ որ բյուջեն ուղղակի թալանում էին, հիմա էլ նույն թալանն ուղղակի օրինականացրել են: Ես դա կհամարեի ոչ թալան, եթե տեսնեի իսկապես այդ համակարգը և ոչ թե բոլորին տալով, այլ նրանց, ովքեր իսկապես այդ ցուցանիշները գերազանցել են», - ասաց նա:

Պետական պաշտոնյաների աշխատավարձերի մասին առանձին օրենք կա, որով նաև կառավարության անդամների վարձատվությունն է որոշվում։ Փոխվարչապետը, ըստ դրա, 1 միլիոն 25 հազար է ստանում, նախարարը՝ 793 ու կես հազար՝ հարկերը ներառյալ։ Բայց հենց կառավարությունից 2019-ին խոստովանել են՝ կա վարչապետի գաղտնի հանձնարարական, որի համաձայն նախարարը աշխատավարձ+պարգևավճար ամսական 1.5 միլիոն դրամ է ստանում, փոխնախարարները՝ 1 միլիոն։

Փոխվարչապետերինը չի հստակեցվել, բայց ահա Մհեր Գրիգորյանը, համաձայն անցած տարի ներկայացրած հայտարարագրի, 23 միլիոն 600 հազարից ավելի աշխատանքի վարձատվություն է ստացել, ինչը ամսական 1 միլիոն 960 հազարից ավելի գումար է կազմում։ Թե տարեվերջին կոնկրետ ինչքան պարգևատրումներ են ստացել փոխվարչապետերն ու նախարարները՝ օրենքով սահմանված աշխատավարձի՞, թե՞՝ գաղտնազերծված 1.5-ի միլիոնի չափով, կամ որ նախարարներն են ստացել, Կառավարությունից չհստակեցրեցին՝ նախարարների դեպքում խորհուրդ տալով դիմել հենց գերատեսչություններին։

Նախարարները չեն հստակեցնում` ինչքան պարգևավճար են ստացել

«Ազատության» հետ զրույցում նախարարները ևս իրենց պարգևատրումների չափը հրաժարվեցին նշել։

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը չգիտեր էլ ինչքան, բայց աշխատավարձից ավելի գումար, ասաց, դեկտեմբերին ստացել է. «Չգիտեմ` դա պարգևավճար է, թե լրացուցիչ որոշակի գումար: Հա, ես որոշակի ավելի գումար ստացել եմ դեկտեմբերի վերջին»: Ճշտող հարցին` իսկ հավելավճարներ կամ պարգևավճարներ ստացել են նրա տեղակալները, աշխատակազմը, ասաց. «Բոլորը ինչ-որ ավելի գումար, հավելում ստացել են հաստատ: Հիմնականում ամեն աշխատողի համամասնորեն ինչ-որ տոկոսի գումարի չափով, այսինքն` իր աշխատավարձի որոշակի տոկոսը, և դա հիմնականում բոլորի մոտ նույն տոկոսն է, եթե աշխատողը հատուկ չի թերացել ինչ-որ հարցերում»:

Ստացած պարգևավճարը ամենևին արտառոց չի եղել կրթության նախարար Վահրամ Դումանյանի համար, բայց հարկատուների հաշվին աշխատավարձ ստացող նախարարը տեղին չի համարում հարցը՝ ինչքան է ստացել։ Նախատոնական այս օրերին ընդհանրապես պարգևատրումների հարց բարձրացնելը անհարկի է համարում, հարցն էլ՝ անհետաքրքիր. «Հիմա ինչի՞ եք այս նախատոնական օրն այդ հարցը բարձրացնում: Կարո՞ղ եք ասել»:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության վարչության պետ Գևորգ Ալթունյանը բանավոր ասաց՝ ՊՆ-ի ողջ անձնակազմը նախարարի հրամանով ստացել է պարգևավճար։ Թե ինչքան, չպարզաբանեց, նաև չնշեց՝ արդյոք նախարարը ևս ստացել է՝ ակնկալելով գրավոր հարցում։ «Ազատությունը» ուղարկել է, այս պահին դեռ պատասխան չենք ստացել։

Արտգործնախարարությունից ևս մեր գրավոր հարցմանը դեռ չեն արձագանքել։ Կրթության նախարարությունից տեղեկացրեցին` դեկտեմբերին նախարարության բոլոր 295 աշխատակցի տրվել է պարգևատրում՝ 104.8 միլիոն դրամի չափով։ Ըստ կատարած աշխատանքի արդյունավետության՝ եղել են և՛ 150 տոկոս, և՛ 20 տոկոս ստացողներ, բայց ահա պաշտոններ չնշեցին։

Նախարարները ինչքա՞ն պարգևատրում են ստացել. թե՛ Կրթության, թե՛ Տարածքային կառավարման նախարարություններում հրաժարվեցին պատասխանել՝ առաջարկելով սպասել եկամուտների հայտարարագրին։ Բայց որ նախարարը պարգևատրում ստացել է, հաստատեցին նաև տարածքայինից։ Նախարարների հայտարարագրերը միայն մյուս տարի կհրապարակվեն, ու հասկանալ, թե ինչքան է կազմել աշխատավարձը, ինչքանը՝ պարգևատրումը, գործնականում անհնար է, տողերը առանձնացված չեն։

Ի դեպ, նախարարություններում անունը նախատոնական չեն դնում, այլ ուղղակի ասում են՝ դեկտեմբերին պարգևատրում են տվել։ Տարածքային կառավարման նախարարությունից «Ազատությանը» տեղեկացրել են՝ պարգևատրումների ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 47.5 միլիոն դրամ։ Գրավոր պատասխանում նաև նշված է, որ ստացել են բոլոր աշխատակիցները:

Վարչապետ Փաշինյանը չի ստացել պարգևատրում, բայց ահա գտել է, որ, օրինակ, ընդամենը մեկ ամիս աշխատած փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը պետք է ստանա։ Չնայած չափը չեն բացահայտում, բայց գումարը նվազագույնը 1 միլիոն դրամ կարող էր կազմել` հարկերը ներառյալ։ Համեմատության համար ասենք՝ Երևանի մանկապարտեզների աշխատակիցները՝ 30 հազարական դրամներ են ստացել, բոլորը և նույն չափով, ընդ որում, եթե հարկերը հանում ենք՝ նրանց ամանորյա պարգևատրումը 20 հազարից մի փոքր ավելի է կազմում։

«Քաղաքական կոռուպցիա». փորձագետի գնահատականը

«Քաղաքական կոռուպցիա», «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավարի գնահատականն է։ Վարուժան Հոկտանյանը թվարկում է հաջորդ տարվանից լույսի ու ջրի թանկացումը, ավելացող գնաճը։ Կոռուպցիայի հարցերով զբաղվող փորձագետը զուտ սեփական թիմի բարեկեցության ապահովման կառավարության ցանկությունն է տեսնում, չնայած հեղափոխության օրերին հնչող միանգամայն այլ՝ ժողովրդահաճո հավաստիացումներին։

«Թիմը որ լոյալ լինի իրեն: Հիմա ուսուցչի կամ բժշկի, կամ մանկապարտեզի դաստիարակի լոյալությունը երևի կարևոր չի: Սա էլ մեկ այլ տխուր կասկածներ է առաջացնում ինձ մոտ, որ եթե դա կարևոր չի, իսկ ընտրություններին հետո ինչպես դա կանդրադառնա: Ուրեմն, ստիպված պիտի լինեն վարչական ռեսուրս չարաշահել, վախեցնել և այլն, որ ձայներ ստանան, կամ կեղծեն», - ասաց Հոկտանյանը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG