Գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) 30 տարվա գիտական գործունեության ընթացքում երբևէ պարգևավճար չստացած առաջատար գիտնական Աղասի Թադևոսյանը հարցնում է՝ 2 ամսից էլ քիչ աշխատած պատգամավորները ի՞նչ աշխատանքի համար են պետական բյուջեից շքեղ պարգևավճարներ տանում:
«Ազգային ժողովի ղալմաղալ անող, իրար գլուխ ջարդող պատգամավորներին, իրար վրա շիշ շպրտող պատգամավորներին և փողոցային լաչառ կնոջ հռետորաբանությամբ այնտեղ ընդդիմադիր պայքար տանող, նաև դիմադիր պայքար տանող պատգամավորներին գիտնականի աշխատավարձից 3,5 անգամ ավելի պարգևավճար են միայն տալիս՝ 370 հազար դրամ», - ասաց Թադևոսյանը:
Պատգամավորների հաշվեհամարներին Անկախության 30-ամյակի առիթով շուրջ 400 հազար դրամ պարգևավճար փոխանցելու լուրը տարածվեց օրեր առաջ։ Խորհրդարանի աշխատակազմից «Ազատությանը» պարգևավճարների ընդհանուր գումարը չհայտնեցին, այս տեղեկությունը հնարավոր չէ գտնել նաև Ազգային ժողովի կայքում, բայց պարզ մաթեմատիկական հաշվարկով միայն պատգամավորներին աշխատավարձի 75 տոկոսով պարգևատրելու համար պետբյուջեից ավելի քան 40 միլիոն դրամ կամ 83 հազար դոլար է հատկացվել, չհաշված Ազգային ժողովի մյուս բոլոր աշխատակիցներին տրամադրված միանվագ գումարները։
Պետբյուջեում, սակայն, միջոցներ չկան տոնի առթիվ ուսուցչին, գիտնականին կամ բժշկին պարգևատրելու համար։ Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի դասախոս, դոցենտ Նարինե Դիլբարյանը ասում է՝ ոչ միայն պարգևավճարներ չեն ստանում, չունեն նաև գործուղումների ֆոնդ։
«Պետության այսպես առաջնահերթությունները այս պարագայում և կործանարար առաջնահերթությունները ակներև են դառնում: Հայաստանում որևէ չինովնիկ շատ ավելի բարձր արժեք ունի, քան ուսուցիչը, որը կրթում է սերունդներին: Այն ուսուցիչը, որը խեղճ է, թշվառ է ու ամեն օրվա հացի պայքարում է միայն ապրում, բնականաբար, ինքը ինչպիսի՞ սերունդ է կրթելու, հենց այդպիսին՝ հանապազօրյա հացից վեր ոչինչ չտեսնող», - ընդգծեց Դիլբարյանը:
Երկու ամիս առաջ էլ նույն քաղաքական թիմի որոշմամբ այս գումարման խորհրդարանի պատգամավորական ծախսերի համար որոշում կայացվեց տրամադրել ամսական 250 հազար դրամ՝ 473 հազար դրամ աշխատավարձից զատ՝ այսպես կոչված գրպանային ծախսերի համար։
Այս որոշումները իշխանությունների ունեցած առաջնահերթությունների մասին են խոսում, ասում է մարդաբան Աղասի Թադևոսյանը։ Գիտնականը անընդունելի է համարում պարգևավճարների համատարած և ոչ թե թիրախավորված տրամաբանությունը:
«Հանրությանը պետք է համոզիչ լինի պետական պաշտոնյային խրախուսելը, մենք պետք է տեսնենք, որ այն պետական պաշտոնյան է խրախուսվում, ով լավ գործ է անում: Ասենք, գիշերը մնում է, օրինակ, կրթության կամ երիտասարդության ռազմավարություն է գրում»:
Նույնչափ քննադատելի է համարում նաև ընդդիմադիրներին տրված պարգևավճարները. գումարը բարեգործության ուղղելու մասին նրանց հայտարարությունները Թադևոսյանին ավելի շուտ PR ակցիա են հիշեցրել. «Մարդիկ էլ այդ նույն Ազգային ժողովում, որ ասենք, օրինակ, Լյուդովիկոս 14-րդից ավելի ճոխ պալատ ունի Վահագնի թաղամասում, այդ մարդու խմբակցությունից որոշ մարդիկ կարող են, կամ Երևանի նախկին քաղաքապետը, կարող են մեծահոգաբար հրաժարվել այդ բանից, կարծես թե ինչ-որ մի մեծ հերոսություն են անում»:
Անկախ նրանից՝ պատգամավորի նախկին աշխատավարձը մի քանի 0 ավելին էր, թե պակաս ներկայիս աշխատավարձից, նրանք իմացել են ինչ դրույքաչափով պաշտոնի էին հավակնում, երբ ընդգրկվում էին համամասնական ցուցակներում, նկատում են մեր զրուցակիցները:
«Թող գնան շարունակեն իրենց օֆիսային աշխատանքը, և թող գան ուրիշները զբաղեցնեն այդ պաշտոնը, ովքեր մտածում են, որ իրենք այդքան աշխատավարձով, այնքան, ինչքան որ իրենց հասնում է, պատրաստ են աշխատելու պետության համար», - ասաց Թադևոսյանը:
Մեր փոքրիկ հարցախույզին մասնակցած քաղաքացիների մեծ մասին արդեն հոգնեցրել է պաշտոնյաների պարգևավճարների թեման։ Ասում են՝ ոչ մի թիվ իրենց արդեն չի զարմացնում:
Քննադատություններին արձագանքել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ որոշումը ինքն է կայացրել և չի փոշմանել: