Վերջին շրջանում պետական պաշտոնյաների ստացած պարգևավճարների թեման դարձել է ամենաքննարկվողներից մեկը: Աղքատության և գործազրկության ֆոնին այդ բարձր պարգևավճարները շատերը դիտարկեցին որպես քաղաքացիների հարկերից գոյացող միջոցների վատնում:
«Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման հաղորդաշարի հյուրն է ինքն իրեն պարգևատրած Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:
Գարիկ Սարգսյան․ - Նախկինում էլ պարգևավճարները ընդունված են եղել, և ասեմ, որ ինչքան էլ մենք փորձենք պայքարել կոռուպցիայի, կաշառակերության դեմ, եթե մեր աշխատակիցները, եթե աշխատակազմը, կապ չունի՝ համայնքապետարանի, մարզպետարանի, թե քաղաքապետարանի, եթե պատշաճ չվարձատրվեն, ամեն մեկը իր տեղում իր ստացած աշխատավարձի չափը թույլ չի տալու նրան զերծ մնալ գայթակղությունից՝ ինչ-որ կաշառք վերցնելու, ինչ-որ նվերներ վերցնելու: Ես դա չեմ ասում ինձ հետ կապված, իմ վարձատրության կամ պարգևավճարի մասով, ես դա ասում եմ համատարած մեր երկրում աշխատակիցների, համայնքային ծառայողների, քաղծառայողների վարձատրության շատ ցածր լինելու հետ կապված:
«Ազատություն»․ - Մյուս տարի ինչպե՞ս եք անելու, Ձեզ պարգևատրելո՞ւ եք էլի, թե՞ նման բան չի լինելու:
Սարգսյան․ - Ասեմ, որ այս ամբողջ աժիոտաժը որ սկսվեց պարգևատրումների հետ կապված, ես փորձում էի հնարավորին չափ զերծ մնալ որևէ մեկնաբանություն տալուց: Սակայն, տեսեք, ես այսօր ձեր տաղավարում եմ և այս մասով պատրաստ եմ խոսել: Ասեմ Ձեզ, որ այս տարի մեր մարզպետարանի մասով կարող եմ ասել, որ 86 միլիոն դրամով ավելացված է պարգևատրման բյուջեն, և պատրաստվում ենք, այո, պարգևատրումներ տալ, բայց արդեն կոնկրետ գնահատական տալով մեր աշխատակիցներին, թե նրանք ինչ գնահատականի են արժանի իրենց կատարած աշխատանքով, և ըստ այդմ նրանք պարգևատրման կարժանանան տարեկան ոչ թե մեկ անգամ, այլ՝ երեք և նույնիսկ չորս անգամ կարող են պարգևատրման արժանանալ: