Մատչելիության հղումներ

«Զինվորները վրանի տակ են մնում, կառավարությունը գլխավոր դատախազի աշխատավարձն է կրկնապատկում»


Արցախից տեղահանված ու անտուն մնացած Աիդա Սարգսյանն այսպես է պատկերացնում կառավարության ծախսերը. - «Վարդենիսից մինչև Մեղրի նոր սահմանը որ դրեցին, զինվորները վրանների տակ են մնում... Ամեն մի դրամ նախ պիտի ուղղվի Հայաստանի Հանրապետության անվտանգությանը»։

Իսկ Փաշինյանի կառավարությունը առաջարկում է կրկնապատկել Գլխավոր դատախազի ու նրա տեղակալների աշխատավարձը։

Արդարադատության նախարարությունը նախագիծ է մշակել, որ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ու նրա տեղակալները գրեթե աշխատավարձի չափով հավելավճար ստանան։ Գլխավոր դատախազի աշխատավարձը 992 հազար դրամ է։ Եթե նախագիծն ընդունվի, նա մոտ 2 միլիոն դրամ կստանա։ Երեք տեղակալները՝ մոտ մեկ ու կես միլիոն։

«Մեր սիրելի վարչապետը մեկ ստորագրությամբ մեզ զրկեց տներից և այսօր բացարձակ ոչինչ չի անում մեզ նորմալ կենսապայմաններով ապահովելու համար», - ասում է տեղահանված կինը։

Քարվաճառը Ադրբեջանին հանձնելուց Աիդա Սարգսյանի հինգ հոգանոց ընտանիք Երևանում մեկ սենյականոց բնակարանում վարձով է ապրում։ Հայաստանից Քարվաճառ տեղափոխվել են 18 տարի առաջ։ Նոր Գետաշեն գյուղում հայերենի ուսուցչուհի է աշխատել, իսկ այստեղ 55-ամյա Աիդան աշխատանք չի գտնում։ Կառավարության աջակցության հույսին են։

Ասում է՝ կառավարությունը Գլխավոր դատախազին մեկ միլիոնը քիչ է համարում, իսկ տեղահանվածներին 25 հազարական դրամ է հատկացնում. - «Ասել են, որ էս ամիս 25 հազար պիտի տան, յուրաքանչյուրին։ 60 հազար տան վարձ ենք վճարում, արդեն եղանակը ցրտել է, տանը փոքր երեխա ունենք։ Այսինքն՝ մենք տան ջերմության կայուն պահպանման խնդիր ունենք։ Յուրաքանչյուրս 25 հազար, անչափահասը՝ 50 հազար։ Ո՞նց ենք ապրելու»։

Կարեն Անդրեասյան
Կարեն Անդրեասյան

Չորս օր է Արդարադատության նախարարության նախագիծը հանրային քննարկման է դրվել։ Նախարար Կարեն Անդրեասյանն Ազգային ժողովում բացատրել է, թե Գլխավոր դատախազության ղեկավար կազմի աշխատավարձի բարձրացումը հակակոռուպցիոն բարեփոխումների շրջանակում է։ Ըստ նախարարի, քանի որ նորաստեղծ հակակոռուպցիոն մարմիններում աշխատավարձը բարձր է, անտրամաբանական կլինի, որ ցածր մնան Գլխավոր դատախազինն ու տեղակալներինը։

Անվտանգության լրջագույն խնդրիների առջև կանգնած Հայաստանի արդարադատության ոլորտի ղեկավարը դժվարանում է կողմնորոշվել՝ նորաստեղծ մարմինների աշխատավարձը սահմանել գլխավոր դատախազության ղեկավարության չափո՞վ, թե՞ հակառակը. - «Փորձում ենք ձեր հետ միասին քննարկել։ Ինչ անենք, հակակոռուպցիոն մարմիններին աշխատավա՞րձը իջացնենք, թե՞ էդ երեքինը բարձրացնենք»։

Ժաննա Ալեքսանյան
Ժաննա Ալեքսանյան

Այդուհանդերձ, կրկնապատկման որոշման նախագիծ են մշակել։
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, ով երկար տարիներ զբաղվում է խաղաղ պայմաններում մահացած զինվորների քրեական գործերով և ուղիղ առնչվում է դատախազությանը, զայրացած է՝ այդ ո՞ր կարևոր բացահայտման համար են Դատախազության պաշտոնյաների աշխատավարձը կրկնապատկում. - «Բազմաթիվ քրեական գործերով, որ մենք զբաղվում ենք, մենք տեսել ենք՝ տեսել ենք, թե ինչպես ինքնասպանություն երկու կրակոցով իրենք չեն վերաորակում որպես սպանություն, բազմաթիվ այլ անհերքելի ապացույցներով։ Ինչպես Քննչական կոմիտեն կեղծ տվյալներով ներկայացնում է, առանց որևէ փոփոխության գործերը գնում են դատարան»։

Իրավապաշտպանը հիշեցնում է՝ երկու տարի առաջ Ազգային ժողովում բուռն քննարկվեց աշխատավարձով ապրող Գլխավոր դատախազ Դավթյանի նորակառույց դղյակը։

Կառավարության քննարկման առարկան պետական պաշտոնյայի ունեցվածքի աղբյուրները պետք է լինեին, շեշտում է իրավապաշտպանը. - «Մենք տեսանք Ազգային ժողովում դատախազի դղյակն էին քննարկում, բուռն քննարկումներ էին ընթանում։ Եվ հանրությունը տեղյակ է, չէ՞, էդ քննարկումներին։ Վարչապետը գերադասում է իր միջավայրը հարստացնել՝ պատգամավորներին պարգևավճարներ, գրպանի փողեր...»

Ըստ Ալեքսանյանի, հետպատերազմական Հայաստանում կառավարության համար առաջանահերթը պետք է լինեին Արցախից տեղահանված, այստեղ այնտեղ գոյատեւող մարդկանց սոցիալական ծանր վիճակը, գերիների, վիրավորների ու զոհերի ընտանիքները. - «Մենք մոտ 150 ընտանիք ենք այցելել՝ տեղահանվածներ, գերիների ընտանիքներ կամ զինծառայողների ընտանիքներ։ Ես տեսել եմ ինչ վիճակում են էդ մարդիկ»։

Արայիկ Հարությունյան
Արայիկ Հարությունյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ հարությունյանը նախօրեին Ազգային ժողովում հայտարարում էր, թե քաղաքացին այս իշխանության համար գերագույն արժեք է, և դրա համար 40 միլիոն դրամ կհատկացնեն, որ տոնեն Քաղաքացու օրը։

«Խոսքերո՞վ, - հարցնում է Աիդա Սարգսյանը, - գործով թող հիմնավորեն, որ յուրաքանչյուր քաղաքացին ազգային արժեք է»։

Քաղաքացուն գերագույն արժեք համարող կառավարությունը դատախազության ղեկավարկազմի աշխատավարձը նախատեսում է կրկնապատկել,

Եթե քաղաքացին արժեք է, ինչո՞ւ է պետության սահմանը պահող պայմանագրային զինծառայողի աշխատավարձը մի քանի անգամ զիջում գլխավոր դատախազի տեղակալի աշխատավարձին, հարցնում է քաղաքացի Աիդա Սարգսյանը՝ շարունակելով՝ ինչո՞ է գերագույն արժեք համարվող քաղաքացու բազային թոշակը նույն կառավարությունը ոչ թե կրկնապատկում, այլ նախատեսում է հունվարից 2100 դրամով բարձրացնել, նվազագույն աշխատավարձն էլ խոստանում հինգ տարում ընդամենը 85 հազար դրամի հասցնել։

Այս որոշման նախագիծը նախագիծը հանրային հարթակում կքննարկվի մինչեւ նոյեմբերի 16-ը, ապա կշարունակվի գործադիրում։ Ուժի մեջ կմտնի, եթե կառավարության հավանության արժանանացնի այն։

XS
SM
MD
LG