Մատչելիության հղումներ

Բոլոր գերատեսչություններում եղել են պարգևատրումներ. Էդուարդ Աղաջանյան


Բոլոր գերատեսչություններում եղել են պարգևատրումներ և դա նոր բան չէ, այս մասին «Ազատության» հետ զրույցում հայտարարեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

Արձագանքելով դիտարկմանը՝ «եթե այդ դժգոհությունները ընդհանրացնենք, որ մարդիկ սոված են, աղքատ են, անտուն են, իսկ դուք հարկատուների հաշվին ինքներդ ձեզ պարգևատրում եք», Աղաջանյանը նշեց․ - «Շարուանկելով այդ թեման՝ կարելի է ասել, իսկ դուք հարկատուների հաշվին ընդհանրապես աշխատավարձ եք ստանում։ Տեսեք, երբ մենք ստանձնեցինք կառավարությունը, ամբողջ պետական համակարգում գործում էր այն տրամաբանությունը և այն պարգևատրման մեխանիզմը, որը որ վերջին օրերին ի հայտ է եկել»։

Աղաջանյանը ընդգծեց, որ իրենք հստակ պատկերացնում են, որ պետական համակարգը, այդ թվում նաև աշխատողներին պետք չէ շոկի ենթարկել և կտրել այդ փողից՝ շարունակելով. - «Ընդ որում, ես ուզում եմ արձանագրել, որ էն աշախատավարձային ֆոնդը, որով որ տրամադրվել է մեր իշխանության ժամանակ, դա ևս պակաս է եղել նախկիններց, ուղղակի, ի պաշտոնե կաշկանդված եմ այդ տեղեկատվությունը բարձրաձայնելու։ Այսինքն մենք, ըստ էության, քննարկում ենք մի աշխատավարձի ֆոնդ, որը որ հենց դրա համար նախատեսված է եղել, այսինքն խոսքը չի գնում նույնիսկ այլ հոդվածներով խնայողությունների մասին»։

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը հայտարարեց, որ այն գումարները, որ նախատեսված չէին որպես աշխատավարձ կամ որպես որևէ կերպ պարգևատրում, պարգևատրման համար չեն օգտագործվել. - «Ես հիմա պաշտոնապես հայտարարում եմ, որ նման բան չի եղել և չի կարող լինել մեր իշխանության օրոք ի տարբերություն նախկինների։ Էլ չեմ ասում տարատեսակ մեխանիզմներ, ատկատներ և այլն, որը մեր օրոք, ողղակի բացառված է, որ լինի։ Ըստ էության, մենք քննարկում ենք ընդամենը օրենքով սահմանված և օրենքով դրա համար նախատեսված աշխատավարձային ֆորնդը, որը և բաշխվել է»։

«Ես պատկերացնում եմ, որ ամեն գերատեսչության մասին մի նոր բացահայտում կլինի, որպեսզի հանրությանը զերծ պահեմ ամեն անգամ շոկի ենթարկելուց, ուզում եմ հիմա հստակ հայտարել, որ բոլոր գերատեսչություններում, իմ տեղեկատվությամբ, եղել են պարգևատրումներ և դա նոր բան չի։ Վարչապետի աշխատակազմի բոլոր աշխատողները ստացել են պարգևավճար։ Վարչապետը հրաժարվել է պարգևավճարից», - ասաց Աղաջանյանը։

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, անդրադառնալով ծառայողական ավտոմեքենաների կրճատման մասնին իր հայտարարությանն ուղղված հեգնանքներին, որ այս քայլին գնացել են բարձրացած աղմուկը մեղմելու համար, նշեց. «Ուզում եմ ուղղակի հիշեցնել, որ թերևս ամիսներ առաջ թե՛ մեր աշխատակազմից անձամբ ես և թե՛ անձամբ վարչապետը այս թեմային անդրադարձել է բազմիցս։ Թե ինչո՞ւ էր պրոցեսը այսքան տևում և թե ինչո՞ւ կոնկրետ երեկ այդ մասին հրապարակվեց, մի պարզ պատճառով, որովհետև առաջին հերթին մենք որպես կառավարություն և որպես մարմին, որը որոշակի սոցիալական պատասխանատվություն է կրում իր աշխատողների համար և ոչ միայն իր, տվյալ պարագայում, մասնավորապես, պետական համակարգում աշխատողների համար, փորձում է ինքը մշակել որևէ տարբերակ, ըստ որի, այդ աշխատանքից ազատման պրոցեսը առավել մեղմ և առանց ցնցումների կլինի»։

«Այնպես չէ, որ այդ կրճատված անձնակազմը թողնվելու է դուրս և որևէ կապ իրենց հետ չի լինելու։ Մենք գույքագրում ենք իրականացնելու, բոլոր այն անձանց, ովքեր այս օպտիմալացման արդյունքում մնում են առանց աշխատանքի, և՛ Սոցիալական ապահովության, և՛ Աշխատանքի նախարարության հետ համագործոկցության միջոցով պետք է առավելագույնը անենք, որպեսզի բոլոր հնարավորությունները օգտագործենք, որպեսզի այդ մարդկանց մասնավոր հատվածում որևէ տեղ աշխատանք գտնենք», - ընդգծեց Էդուարդ Աղաջանյանը։

«Ազատության» հարցին՝ 50-ից յոթն են մնում, այդ 43 մեքենաների ավտոպարկը վաճառելո՞ւ է պետությունը, Աղաջանյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ պետք է գույքագրվի միանշանակ, և մեծ մասը, եթե ոչ ամբողջը, պետք է հանվի աճուրդի»։

Հարցին էլ՝ սա միայն քաղաքական ուղերձ էր, թե իսկապես նաև ձեր բյուջեի համար ուղերձ էր, պատասխանեց. «Իրականում, եթե այս խնայողությունը այս կրճատման արդյունքում դիտարկում ենք, որպես վարչապետի աշխատակազմին տարեկան տրամադրված բյուջեի մաս, իրականում բավականին չնչին տոկոս է կազմում, բայց այնուամենայնիվ, պետք է արձանագրել, որ սա ընդհանուր օպտիմալացման համատեքստում կարևոր քայլ է։ Երկրորդը՝ ուղերձի մասով, եթե այս գործելաոճը տարածվի ամբողջ պետական համակարգում, իսկ մեր նպատակը հենց դա է, ընդհանուր առմամբ կունենանք, տարեկան կտրվածքով, մոտ 4-5 միլիարդ դրամի տնտեսում։ Սա, կարծում եմ, արդեն շոշափելի փոփխություն կլինի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG