Մատչելիության հղումներ

Խորհրդարանական հանձնաժողովներում բուռն քննարկվում է պարգևավճարների հարցը


Հաջորդ տարվա բյուջեի նախագծով պետական համակարգում պարգևավճարների աճի շուրջ բանավեճը չի մարում։ Իշխանությունը հայտարարում է, թե հարցը կքննարկի։

Մինչ այդ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր կարծիք հայտնեց, թե պարգևավճարները պետք է լինեն, քանի որ պաշտոնյաների համար համարժեք վարձատրություն են ապահովում։ Համավարակի ու տնտեսության վրա դրա բոլոր բացասական հետևանքների պայմաններում ՊԵԿ-ում չեն հրաժարվել պարգևավճարներից։ Հովհաննիսյանն ասաց, որ միայն հոկտեմբերին որոշել են պարգևավճարները փոխանցել Զինծառայողների ապահովագրության ու «Հայաստան» համահայկական հիմնադրամներին։

Թեման երեկվանից է քննարկվում։ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանից» Արկադի Խաչատրյանն էր նկատել, որ 2021-ի բյուջեի նախագծով պարգևավճարների համար նախատեսված է մոտ 19 միլիարդ դրամ, որը այս տարվա համեմատ աճել է մոտ 22 տոկոսով, ու փորձել էր ճշտել, թե արդյոք մտադիր են վերանայել՝ նոր իրավիճակով պայմանավորված։ Ֆինանսների նախարարը երեկ փոփոխությունների մասին խոսելը ժամանակավրեպ էր համարել, օրակարգում էլ, ասել էր, պարգևատրումների վերանայման հարց չկա։

Այսօր, թերևս բուռն քննարկումներից հետո, այնուհանդերձ Ատոմ Ջանջուղազյանը որոշեց պարզաբանել։ Իրականում, ըստ նրա, աճը եղել է 2,8 տոկոս, իսկ ավելի մեծ թիվ մեթոդաբանության փոփոխության պատճառով է ստացվել․ հարկային ու մաքսային մարմինների պարգևավճարները մինչև այս արտաբյուջեով են նախատեսված եղել, հաջորդ տարվանից՝ այլևս բյուջեով։

Արկադի Խաչատրյան
Արկադի Խաչատրյան

Բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը կարծում է, որ պետական եկամուտների նվազման ու ռազմական դրության պայմաններում պարգևավճարների գումարը պետք է պակասեցվի. – «Պարգևատրումները պետք է վճարվեն միայն մարդու աշխատանքի արդյունավետության հիման վրա և կոնկրետ դեպքերում։ Իսկ եթե պարգևատրումը տրվում է համատարած բոլորին, հիմնական աշխատավարձի հետ մեկտեղ, երբեմն նաև տվյալ աշխատավարձից շատ, դա բացարձակապես հիմնավորված տնտեսագիտական առումով համարել չի կարելի։ Լրացուցիչ վարձատրությունը չի կարող գերազանցել հիմնական վարձատրության 30 տոկոսը։ Կան մարմիններ և եղել են, գոնե մամուլից դա գիտենք, որ այդպիսի պարգևատրումներ մարդիկ ստացել են»։

Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, իշխանական «Իմ քայլից» Բաբկեն Թունյանը համաձայն է՝ մարդկանց մոտ հարցեր են առաջանում, ասվում է՝ պարգևավճարների չափը աշխատավարձի 30 տոկոսը պետք է լինի, բայց կան պաշտոնյաններ, որ 100-120 տոկոս են ստանում։

Բյուջեի նախագիծը մինչև պատերազմն է մշակվել, իշխանական խմբակցությունը, ասաց Թունյանը, պատրաստվում է քննարկել պարգևավճարների թեման՝ երկու հարց հաշվի առնելով. ինչպես անել, որ լավ կադրերը պետական համակարգից չգնան, բայց որ գերբարձր պարգևավճարներ էլ չլինեն։

Բյուջեի նախագիծը դեռ հանձնաժողովներում է քննարկվում, պատգամավորների ու խմբակցությունների առաջարկություններով կարող են լինել փոփոխություններ։

Բաբկեն Թունյան
Բաբկեն Թունյան

«Կքննարկեն, կտեսնենք ինչ որոշում կկայացվի։ Բայց ամեն դեպքում էդ տողը ու նույն չափով պարգևավճարների պահպանումը․․․ ոչ միայն սա ասում եմ, որովհետև հասարակական արձագանքն էր այդպիսին, այլ օբյեկտիվորեն էդպես է։ Կան ծախսեր, որոնք պետք է կատարվեն, ու եթե մենք մեր հայրենակիցներին, սփյուռքահայերին, գործարարներին կոչ ենք անում հանգանակություններ կատարել և այլն, մենք էլ պետք է հասկանանք, որ մեր գոտիները մինչև ինչքան ձգելու տեղ ունենք ու ըստ հնարավորության ձգենք էդ գոտիները», - ասաց Թունյանը։

Թե՛ «Իմ քայլից» Բաբկեն Թունյանը, թե՛ «Լուսավոր Հայաստանից» Արկադի Խաչատրյանը ասում են, որ պատգամավորները մարտից՝ համավարակից հետո պարգեւավճար չեն ստացել, միջոցները փոխանցվել են COVID-ի հիմնադրամին, բացառություն է սեպտեմբերի 21-ի առիթով ստացածը։

XS
SM
MD
LG