Մատչելիության հղումներ

Աշխատավարձի չափը գերազանցող պարգևավճարներ վարչապետի աշխատակազմում. Հաշվեքննիչ պալատը զեկույց է հրապարակել


Չարաշահումներ ու ամենատարբեր խնդիրներ գերատեսչություններում, աշխատավարձի չափը գերազանցող պարգևավճարներ վարչապետի աշխատակազմում։ Խնդիրները ուսումնասիրել ու հրապարակել է պետական մարմիններում աուդիտ իրականացնող Հաշվեքննիչ պալատը։

Վարչապետի աշխատակազմի 2020 թվականի 12 ամիսների պետբյուջեի կատարման հաշվեքննության վերաբերյալ զեկույցում, մասնավորապես նշված է, որ 2020-ի ընթացքում վճարվել է մոտ 363 միլիոն դրամ պարգևավճար։ Զեկույցում ներկայացված տվյալների համաձայն, պարգևատրվողների ամենափոքր թիվը եղել է հոկտեմբերին՝ պատերազմի մեկնարկին հաջորդող ամսին, պարգևատրվել է ընդամենը 1 աշխատակից՝ 294 հազար դրամով, իսկ պարգևատրվողների ամենամեծ թիվը եղել է հենց սեպտեմբերին՝ պարգևատրվել է 504 աշխատակից, բայց փոքր է եղել պարգևատրման չափը՝ ընդհանուր 56 միլիոն դրամ, մինչդեռ դեկտեմբերին մեծ է եղել և՛ պարգևատրվողների թիվը, և՛ պարգևավճարի չափը՝ 500 աշխատակից՝ ստացել է մոտ 235 միլիոն դրամ։

Ընդ որում, նշվում է նաև, որ որոշ աշխատակիցներ ստացել են իրենց աշխատավարձի չափը գերազանցող պարգևավճարներ, թե քանիսը, չի հստակեցվում։ Աշխատավարձի չափը գերազանցող պարգևավճարը հակասում է պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքի կետին, ըստ որի այն չպետք է գերազանցի մինչև մեկ ամսվա պաշտոնյային դրույքաչափը՝ ասվում է զեկույցում։

Վարչապետի աշխատակազմից հղում են արել օրենքի մեկ այլ կետի, ըստ որի աշխատավարձը գերազանցող պարգևավճարը տրվել է ոչ թե «հատուկ առաջադրանքների կամ որակյալ աշխատանքի» համար, այլ «բարեխիղճ աշխատանքի» համար, իսկ այդ պարգևատրման չափը սահմանափակված չէ։

Այս իշխանությունների հասցեին մեկ անգամ չէ, որ քննադատություններ են հնչել խոշոր պարգևավճարներ բաժանելու համար, ինքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով այդ քննադատություններին, այս պրակտիկան պատմական է համարել, նշելով, որ պատմության մեջ առաջին անգամ է, որ նախարարն ու մարզպետը թալանով չեն զբաղվում և պարգևավճարի կարիք ունեն։

«Նախկինում այդ ցածր աշխատավարձով պետական աշխատողները թալանում էին, կաշառք, կոռուպցիա, ինչ ասես կար, հիմա փորձում են իրենց հետ պահել դրանից, բայց նորից գալիս ենք այն ամենակարևոր հարցին, եթե դու ուզում ես այդ մարդկանց հետ պահել, պետք է լավ վարձատրես, բայց պիտի այնպիսի տնտեսական քաղաքականություն վարվի, և դրանից ածանցվի հենց հակակոռուպցիոն քաղաքականությունը և ընդհանրապես այս հարցերը», - ասաց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի համակարգող Վարուժան Հոկտանյանը:

Խոսքը գործի հետ չի համընկնում՝ այս խնդիրը մեր կառավարման համակարգից չի վերանում, ասում է Վարուժան Հոկտանյանը՝ նկատի ունենալով համավարակի և հետպատերազմյան իրավիճակում ծախսերի կրճատման անհրաժեշտության մասին իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները։

«Ներկա իրավիճակը հաշվի առնելով փախստականների խնդիր ունենք, պատերազմի այս հետևանքների, եթե այդպես է եղել, գոնե ելնելով այսպես ասած հայրենասիրական նկատառումներից, կարելի է այդ գումարները այլ կերպ ծախսել», - նշեց Հոկտանյանը:

2020-ին, երբ իրականացվել է հաշվեքննիչ պալատի ուսումնասիրությունները, վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում Էդուարդ Աղաջանյանն էր։ Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ իշխանության ապարատի ծախսերը, որ տարեկան մոտ 45 միլիոն դոլարի են հասնում, տնօրինում է մի անձնավորություն, ում աշխատավարձը 280 հազար դրամ է: Այստեղ կա խնդիր և պարգևավճարը միջանկյալ լուծում է, նշում է նա։

«Տվյալ պաշտոնատար անձինք պետք է վարձատրվեին մինչև պետական կառավարման համակարգի բարեփոխման շրջանակներում արդեն ամբողջությամբ ինստիտուցիոնալ հիմքերի վրա կդրվեր, այդ թվում նաև աշխատավարձերի սանդղակները: Այս կոնտեքստում մենք պետք է արձանագրենք, որ պարգևավճարները ոչ թե եղել են լավ կամ վատ աշխատանքի արդյունքում ձևավորված հավելավճարներ, այլ եղել են ըստ էության ֆիքսված աշխատավարձերին համապատասխան վճարներ», - ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավարը

Էդուարդ Աղաջանյանը պարզաբանեց նաև նույն հաշվետվության մեջ տեղ գտած մեկ այլ դիտարկումը, թե իր հրամանով հաստատված 700 հաստիքից մոտ 170–ը 2020 թվականի ընթացքում համալրված չի եղել և թափուր հաստիքների համար նախատեսված աշխատավարձը բաշխվել է մյուս աշխատակիցների միջև։

«Վարչապետի հետ քննարկմանը անձամբ ես եմ հորդորել, որ վարչապետի աշխատակազմի աշխատավարձի ֆոնդն ամբողջությամբ բաշխվի աշխատողների միջև, ինչո՞ւ, որովհետև թե՛ կորոնավիրուսի ընթացքում և թե՛ պատերազմի ընթացքում ամբողջ աշխատակազմը իր երկու ամսվա աշխատավարձի 70 տոկոսը հանգանակել է այդ խնդիրներին», - ընդգծեց Աղաջանյանը:

Հաշվեքննիչ պալատը ուսումնասիրություններ է իրականացրել բոլոր նախարարություններում և ոստիկանությունում, իսկ արձանագրված խնդիրները կներկայացնեն մոտ օրերս՝ պալատի տարեկան հաշվետվության ժամանակ։ Մինչ այդ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում արձանագրված խախտումների ու չարաշահումների փաստերն ուղարկվել են դատախազություն, դրանք ուսումնասիրման փուլում են։

XS
SM
MD
LG