Մատչելիության հղումներ

Նոր փաթեթում պետք է ներառվեն պատժամիջոցներ նաև Պուտինի շրջապատի դեմ․ Գերմանիայի պաշտպանության նախարար


Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստինա Լամբրեխտը հայտարարել է, թե պատժամիջոցների նոր փաթեթում, որը կարող է գործողության մեջ դրվել Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման դեպքում, պետք է ներառվեն պատժամիջոցներ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շրջապատի դեմ:

«Նրանք, ովքեր պատասխանատվություն են կրում ագրեսիայի համար, պետք է անձամբ զգան հետևանքները։ Օրինակ, նրանք այլևս չեն կարողանա այցելել Փարիզ՝ գնումների համար», - ասել է Լամբրեխտը՝ գերմանական թերթերից մեկին տված հարցազրույցում:

Անհատական պատժամիջոցները, որպես կանոն, նախատեսում են Եվրամիություն մուտքի արգելք և ակտիվների սառեցում:

Գերմանիայի պաշտպանության նախարարը, որը ներկայացնում է իշխող կոալիցիայի ուժեղագույն կուսակցությունը՝ սոցիալ-դեմոկրատներին, շեշտել է, թե Ռուսաստանը ագրեսոր է Ուկրաինայի նկատմամբ և ինքը «լավ է հասկանում Ուկրաինայի հետ սահմանին ռուսական մեծաթիվ քանակի զորքերի կենտրոնացման կապակցությամբ ուկրաինացիների մտավախությունները»:

«Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի դադարեցնենք էսկալացիան։ Դա ներառում է նաև կոշտ պատժամիջոցների սպառնալիք», – հայտարարել Է նախարարը։ Ընդ որում, նա հրաժարվել է պատասխանել հարցին, թե արդյոք սահամնափակումների փաթեթում կարող է ընդգրկվել «Հյուսիսային հոսք-2» գազատարը նաև։

Կիրակի Լիտվա կատարած այցի ժամանակ Գերմանիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Արևմուտքը պետք է բանակցի Ռուսաստանի հետ, այդ թվում՝ անցած շաբաթ Ռուսաստանի կողմից առաջ քաշած նախաձեռնությունների շուրջ։ Միևնույն ժամանակ Գերմանիայի պաշտպանության նախարարը ընդգծել է, թե «Ռուսաստանը չպետք է թելադրի ՆԱՏՕ-ի գործընկերներին, ինչպես վարվել:

Ռուսական առաջարկները, հիշեցնենք, ներառում են, ի թիվս այլ բաների, ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդմակցությունը բացառելը։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը նախօրեին Spectator TV հեռուստաալիքի եթերում քիչ հավանական է համարել , որ Ուկրաինա ողարկվեն բրիտանական զորքեր, քանի որ այդ երկիրը ՆԱՏՕ-ի անդամ չէ: «Մենք չպետք է խաբենք մարդկանց այդ կապակցությամբ», - ասել է նա:

Ամերիկացի զինվորականներին երկիր ուղարկելու հնարավորությունը նախկինում մերժել էր նաև Սպիտակ տունը։

Միաժամանակ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը խոստովանել է, որ զինված ագրեսիայի դեպքում, Ուկրաինան ստիպված կլինի պաշտպանվել ինքնուրույն: Ընդ որում, նա նշել է, որ Կիևը լայնամասշտաբ պատերազմի դեպքում ոչ միայն պաշտպանական, այլև հարձակողական սպառազինության մատակարարման կարիք կունենա:

Հավելենք՝ Պուտինի մերձավոր շրջապատի մարդկանց դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին բազմիցս կոչ է արել Եվրախորհրդարանը։ Նման կոչեր էր անում նաև պարբերաբար ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի թիմակիցները։

ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները հայտարարում են, որ ռուսական հնարավոր ագրեսիայի պատասխանը կլինեն աննախադեպ պատժամիջոցներ՝ առանց նշելու թե ինչ պատժամիջոցների մասին է խոսքը։ Արևմտյան լրատվամիջոցները հայտնել են արևմտյան երկրների միջև այս հարցի շուրջ ծագած տարաձայնությունների մասին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG