Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի բանակցությունները երեկ տեղի ունեցան տեսակապի միջոցով, դռնփակ, տևեցին սպասվածից կարճ՝ 2 ժամ 5 րոպե, Կրեմլը ցուցադրեց դրանց մեկնարկը միայն, երբ նախագահները ողջունում էին միմյանց: Համատեղ հայտարարություն Բայդենը և Պուտինը չեն արել:
Զրույցը տեղի ունեցավ Ուկրաինայի շուրջ լարվածության կտրուկ սրման ֆոնին: Արևմտյան երկրները և Կիևը մտահոգություն ունեն, որ Մոսկվան առաջիկա ամիսներին կարող է լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսել Ուկրաինայի դեմ:
Բանակցությունների ավարտից մեկ ժամ անց Սպիտակ տան տարածած հաղորդագրությունում ասված է, որ Բայդենն ու Պուտինը քննարկել են ռուս-ամերիկյան հարաբերությունների հարցերի լայն շրջանակ: Բայդենը հայտնել է Միացյալ Նահանգների և նրա եվրոպացի դաշնակիցների խորը մտահոգությունը Ուկրաինայի սահմանին ռուսական ուժերի կուտակման կապակցությամբ և շեշտել, որ ռազմական էսկալացիայի դեպքում ԱՄՆ-ը և դաշնակիցները կպատասխանեն տնտեսական և այլ միջոցներով: Միացյալ Նահանգների նախագահն ընդգծել է նաև աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և կոչ է արել վերադառնալ դիվանագիտական բանակցություններին: Նախագահները, ինչպես ասված է հաղորդագրությունում, հանձնարարել են իրենց թիմերին՝ շարունակել քննարկումները ուկրաինական ճգնաժամը կարգավորելու ուղղությամբ:
Սպիտակ տան հաղորդագրությունում նշված է, որ Բայդենն ու Պուտինը երեկ քննարկել են նաև ռազմավարական կայունությունը, վերջին կիբերհարձակումների շուրջ բանակցությունները և համատեղ աշխատանքը այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսին Իրանն է:
Ուկրաինայի հետ սահմանին և Ղրիմում ռուսական զորքերի կենտրոնացման մասին առաջին հաղորդագրությունները եվրոպական և ամերիկյան մամուլում սկսեցին հայտնվել հոկտեմբերի վերջից: Նոյեմբերին ռուսական հնարավոր ագրեսիայի մասին սկսեցին խոսել պաշտոնական Վաշինգտոնն ու Բրյուսելը: Դեկտեմբերի սկզբին ՆԱՏՕ-ի հավաքին, իսկ հետո նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել էր, որ Միացյալ Նահանգներն «աննախադեպ հզորության» տնտեսական պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայի տարածք ներխուժելու դեպքում:
Երեկ Բայդենի և Պուտինի բանակցություններին ընդառաջ ամերիկյան լրատվամիջոցները գրեցին հնարավոր նոր և աննախադեպ կոշտ պատժամիջոցների մասին, որոնք Արևմուտքը կարող է կիրառել Մոսկվայի դեմ, եթե Ռուսաստանը որոշի ներխուժել Ուկրաինա։ Խոսքը, մասնավորապես, ֆինանսատնտեսական ցավոտ սահմանափակումների մասին է, որոնք կարող են հարվածել նաև շարքային ռուսաստանցիներին։ Հնարավոր տարբերակներից մեկը, ըստ Bloomberg գործակալության, կարող է լինել ռուբլու՝ դոլարի և այլ արտարժույթի, այդ թվում՝ եվրոյի և ֆունտ ստեռլինգի փոխարկման սահմանափակումը։ Բացի այդ, Արևմուտքը կարող է սահմանափակել ներդրողների՝ երկրորդային շուկայում ռուսաստանյան պարտքային պարտավորությունները գնելու հնարավորությունը. առաջնային շուկան ռուսաստանցիների համար փակ է ավելի վաղ սահմանված պատժամիջոցներով։ Bloomberg-ը, վկայակոչելով հարցին քաջատեղյակ իր աղբյուրները, նշել է նաև, որ պատժամիջոցները կարող են թիրախավորել ինչպես ռուսաստանյան որոշ խոշոր բանկեր, այնպես էլ Ռուսաստանի կառավարության կողմից ստեղծված Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամը։ Սա հնարավոր պատժամիջոցների մի տարբերակն է, որի մասին, ըստ լրատվամիջոցի, Բայդենը պատրաստվում էր խոսել Պուտինի հետ երեկվա բանակցություններին։ Խոսել է, թե ոչ՝ հայտնի չէ։
Կրեմլը հերքում է Ուկրաինա ներխուժելու որևէ ծրագիր, այդ մասին բազմիցս հայտարարել են Ռուսաստանի ղեկավարության տարբեր ներկայացուցիչներ։ Միաժամանակ, Ռուսաստանի իշխանությունները վերջին շաբաթներին Կիևի դեմ աննախադեպ կոշտ հռետորաբանություն են որդեգրել ։ Մոսկվան մեղադրում է ուկրաինական իշխանություններին Դոնբասում անջատողականների հարցը ուժով լուծելու մեջ, ավելին՝ միանշանակ ակնարկում է, որ օգնություն է ցուցաբերելու անջատողականներին։
Վլադիմիր Պուտինը, բացի այդ, նախօրեին ասել է, թե ոչ միայն Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, այլև Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի որոշ ռազմական ենթակառուցվածքների տեղակայումը «կարմիր գծեր» են Ռուսաստանի համար, և որ Մոսկվան մտադիր է երաշխիքներ ստանալ Արևմուտքից, որ նման բան չի լինի։ Ի պատասխան՝ Ջո Բայդենը լրագրողներին ասել էր, որ չի ճանաչում ոչ մի «կարմիր գիծ»։