Ռուսական ներխուժման դեպքում Ուկրաինան պաշտպանելու համար ամերիկյան զորքեր ուղարկելու հնարավորությունը չի դիտարկվում, քանի որ այդ երկիրը ՆԱՏՕ-ի անդամ չէ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
«Այն գաղափարը, որ Միացյալ Նահանգները միակողմանիորեն ուժ կկիրառի Ուկրաինա ռուսական ներխուժմանը հակազդելու համար, այս պահին չի դիտարկվում: Մենք բարոյական պարտավորություն և իրավական պարտավորություն ունենք ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների հանդեպ՝ համաձայն պայմանագրի 5-րդ հոդվածի, բայց այդ պարտավորությունը չի տարածվում Ուկրաինայի վրա», - ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ միաժամանակ վերահաստատելով Վաշինգտոնի պատրաստակամությունը Ուկրաինայի պաշտպանունակության ապահովման հարցում։
Անդրադառնալով ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ դեկտեմբերի 7-ի բանակցություններին՝ Ջո Բայդենն ասել է, որ Կրեմլի ղեկավարին հստակ հասկացրել է, որ եթե Ռուսաստանն Ուկրաինայի դեմ գործողություն սկսի, կբախվի աննախադեպ տնտեսական հետևանքների։ Եվ, ինչպես ընդգծել է ԱՄՆ նախագահը, ինքը վստահ է, որ Պուտինն «ընկալել է այդ ուղերձը» ։