Մատչելիության հղումներ

Արևմուտքը կոշտ տնտեսական և այլ միջոցներ կձեռնարկի, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա. Բայդենը՝ Պուտինին


Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահների այս տարվա երկրորդ բանակցությունները տևել են երկու ժամ՝ սպասվածից ավելի քիչ, պաշտպանված տեսակապի միջոցով: Ընդ որում, համաձայն Սպիտակ տան և Կրեմլի տարածած լուսանկարների, Բայդենը բանակցություններին մասնակցել է իր թիմի հետ, իսկ Պուտինը՝ միայնակ:

Բանակցությունների հիմնական թեման Ուկրաինայի շուրջ չափազանց լարված իրավիճակն էր և Արևմուտքի մտավախությունը, որ Ռուսաստանը ծրագրում է նոր լայնածավալ ագրեսիա Ուկրաինայի դեմ:

Կրեմլը ցուցադրել էր բանակցությունների մեկնարկի առաջին րոպեն: Նախագահները պարզապես ողջունել են միմյանց, զրույցի մնացած երկու ժամն անցել է դռնփակ, համատեղ հայտարարություն կողմերը չեն արել:

Ռուսաստանցի և ամերիկացի փորձագետներն էլ բանակցություններից հետո գրել են, թե պատերազմ մոտ ժամանակներս երևի չլինի, այն պարզապես հետաձգել են:

Բանակցություններից հետո՝ նախ Սպիտակ տուն էր կարճ հաղորդագրություն տարածել․ իսկ հետո Կրեմլը՝ ավելի ընդարձակ։ Հաղորդագրությունները ոչ միայն ձևաչափով էին տարբերվում, այլ նաև շեշտադրումներով։

Տեսակապի միջոցով բանակցություններին Բայդենն, ամերիկյան կողմի տարածած հաղորդագրության համաձայն, նախազգուշացրել է Պուտինին, որ Արևմուտքը կոշտ տնտեսական և այլ միջոցներ կձեռնարկի, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա: Վլադիմիր Պուտինն էլ իր հերթին երաշխիքներ է պահանջել, որ ՆԱՏՕ-ն դեպի արևելք այլևս չի ընդլայնվի:

Ինչպես Սպիտակ տան հայտարարության մեջ, այնպես էլ Կրեմլի հայտարարությունում ասվում է, որ Պուտինն ու Բայդենը հանձնարարականներ են տվել իրենց թիմերին, Սպիտակ տան հաղորդագրության համաձայն, Ուկրաինայի հետ սահմանին իրավիճակի ապաԷսկալացիային ուղղված միջոցառումներ ձեռնարկելու համար, Մոսկվայի վարկածի համաձայն, «զգայուն հարցերի շուրջ մտնել առարկայական կոնսուլտացիաներ»:

Զգայուն հարցերի ներքո, Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն, ռուսական կողմը հասկանում է «ՆԱՏՕ-ն վտանգավոր փորձեր է ձեռնարկում Ուկրաինայի տարածքը յուրացնելու համար և մեծացնում է ռազմական ներուժը Ռուսաստանի սահմանների մոտ, ինչի կապակցությամբ Ռուսաստանը ցանկանում է հուսալի, իրավաբանորեն ամրագրված երաշխիքներ ստանալ, որոնք բացառում են արևելյան ուղղությամբ ՆԱՏՕ-ի ընդլայնումը»:

Կրեմլը ակնկալում է, որ հետագա բանակցությունները կենտրոնանալու են այն բանի վրա, ինչը Մոսկվան անվանում է «անվտանգության երաշխիքներ», որոնց նա ձգտում էր տարիներ շարունակ։ Վերջին շաբաթներին Մոսկվան համառորեն առաջ է տանում այդ հարցը։ Պուտինն իր պահանջները ներկայացրել էր դեռևս դեկտեմբերի 1-ին՝ հայտարարելով, թե Ռուսաստանը պնդելու է այն պաշտոնական երաշխիքների վրա, որ ՆԱՏՕ-ն այլևս չի ընդլայնվելու:

Բայդենը Պուտինին պարտավորություններ չի տվել, որ Ուկրաինան կմնա ՆԱՏՕ-ից դուրս, բանակցություններից հետո լրագրողների ասել է անվտանգության հարցերով Միացյալ Նահանգների նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանը։

«Ներխուժման դեպքում ԱՄՆ-ն պատրաստ է լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային՝ ավելին, ինչ մենք արդեն տրամադրում ենք, և լրացուցիչ ուժեր տեղակայել Եվրոպայի արևելքում: Այն, ինչ մենք չենք արել 2014 թվականին, պատրաստ ենք անել հիմա», - սպառնացել է Սալիվանը՝ նկատի ունենալով Արևմուտքի արձագանքը Ղրիմի անեքսիային 2014-ին:

Ընդորում՝ գործում է իր եվրոպացի դաշնակիցների հետ միասին, Սալիվանը երեկ հայտնել է, որ Պուտինի հետ բանակցություններից առաջ և հետո Բայդենը խոսել է Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, և Իտալիայի առաջնորդների հետ, իսկ այսօր մտադիր է խոսել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Պուտինի հետ տեսակապի միջոցով երեկվա բանակցությունների ընթացքում Բայդենը, ամերիկյան կողմի հաղորդագրության համաձայն՝ պարզ հասկացրել է, որ ԱՄՆ-ն և դաշնակիցները կպատասխանեն ռազմական էսկալացիայի դեպքում կոշտ տնտեսական և այլ միջոցներով:

«Ռուսաստանի համար պատժամիջոցները նոր բան չեն․ դրանք բավական երկար ժամանակ է կիրառվում են, բայց ո՛չ Միացյալ Նահանգների, ո՛չ Ռուսաստանի համար ոչ մի դրական արդյունք չեն տալիս», - ասել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը:

Ռուսաստանի իշխանությունները շարունակ հերքում են, որ Ուկրաինայի դեմ ագրեսիայի ծրագրեր ունեն և պնդում՝ իրավիճակը, հակառակը, սրում են Ուկրաինան և Արևմուտքը:

Մոսկվային զգուշացրել է նաև ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը, ասելով, թե ուկրաինական բանակի հետ դիմակայությունը «մեծ արյուն կարժենա»։ Նուլանդը նաև պնդել է, թե Պուտինն ուզում է վերականգնել գոնե մասամբ Խորհրդային Միությունը։

Ի դեպ՝ այսօր խորհրդային Միության լուծարման հերթական տարեդարձն է կամ տարելիցը, ինչպես ասում են Մոսկվայում: 30 տարի առաջ Բելառուսում ստորագրվել էր, այսպես կոչված, «Բելովեժյան համաձայնագիրը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG