Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է Ռուսաստանի հետ ցանկացած տեսակի առճակատման:
Նա ասել է նաև, թե Կիևն ունի տեղեկություններ, որոնց համաձայն՝ «Ուկրաինայում այս տարվա դեկտեմբերին ծրագրվում է հեղաշրջում՝ ռուսաստանցիների մասնակցությամբ»: Այդ մասին Զելենսկին ասել է այսօր Կիևում տեղի ունեցած մամլո ասուլիսում:
Վերջին շրջանում Ուկրաինան և արևմտյան երկրները մտահոգություն են հայտնում Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական մեծաթիվ զորքի կուտակման կապակցությամբ:
The New York Times և Bloomberg պարբերականները վկայակոչել են ամերիկացի պաշտոնյաների, ովքեր ասել են, որ «Ռուսաստանն այս ձմռանը կարող է ներխուժել Ուկրաինա»:
«Մենք ունենք ոչ միայն արտաքին, այլև ներքին լուրջ սպառնալիքներ, ինձ տեղեկացրել են դեկտեմբերի 1-ին կամ 2-ին հնարավոր հեղաշրջման վտանգի մասին»,- այսօր ասել է Զելենսկին: