Մատչելիության հղումներ

Պուտինը հայտարարել է Ռուսաստանի անվտանգության երաշխիքներ մշակելու համար միջազգային բանակցություններ սկսելու անհրաժեշտության մասին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ռուսաստանի անվտանգության «օրինականորեն ամրագրված երաշխիքներ» մշակելու համար միջազգային բանակցություններ «հրատապ» և «անհապաղ» սկսելու անհրաժեշտության մասին, ասված է երկու օտարերկրյա առաջնորդների հետ Պուտինի հեռախոսազրույցների մասին երեկ երեկոյան Կրեմլի տարածած հաղորդագրությունում։

Պուտինը երեկ հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստոյի, այնուհետև Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ։

Ինչպես նշվում է Կրեմլի կայքում, երաշխիքները, ըստ Պուտինի, պետք է «բացառեն դեպի արևելք ՆԱՏՕ-ի ցանկացած առաջխաղացում և զենքի տեղակայում Ռուսաստանի հարևան երկրներում, առաջին հերթին Ուկրաինայում:

Ի դեպ, Պուտին-Մակրոն հեռախոսազրույցի ժամանակ երեկ քննարկվել է նաև ղարաբաղյան թեման, սակայն, մանրմասներ Կրեմլը չի հաղորդում։

Ինչ վերաբերում է Մոսկվայի բարձրաձայնած անվտնագության երաշխիքներին, ավելի վաղ այս մասին հրապարակավ հայտարարել էր անձամբ Պուտինը, ապա Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կայքում հայտնվել էր փաստաթուղթ, որտեղ ներկայացված էին Ռուսաստանի պահանջները։ Ընդորում Մոսկվայի այս պահանջներին զուգահեռ Ռուսաստանը Ուկրաինայի հետ սահմանին ռազմական ուժեր է կուտակել, ինչը Կիևում և Արևմուտքում սպառնալիք են համարում, ավելին ՝ Արևմուտքը հայատարում է, որ Կրեմլը կարող Է նոր լայնածավալ հարձակում սկսել Ուկրաինայի դեմ առաջիկա ամիսներին։

Միացյալ Նահանգներն ու եվրոպական երկրները կոչ են արել Մոսկվային՝ թուլացնել լարվածությունը, նշելով, որ Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման դեպքում Ռուսաստանը լուրջ հետևանքների կբախվի։ Միաժամանակ ԱՄՆ-ն հայտնել է երկխոսության իր պատրաստակամությունը։

ՆԱՏՕ-ի դաշնակիցները միանշանակ չեն մերժել Պուտինի պահանջած երաշխիքները՝ բանակցելու հնարավորությունը, սակայն և՛ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, և՛ արևմտյան այլ բարձրաստիճան պաշտոնյաներ վերջին տարիներին բազմիցս կրկնել են, որ Ռուսաստանը դաշինքի ընդլայնման վրա վետոյի իրավունք չունի։

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քարըն Դոնֆրիդն այսօր կայցելի Մոսկվա։ Երեքշաբթի նա բանակցություններ է վարել Կիևում։ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խոսքով՝ իր տեղակալը Մոսկվայում կշարունակի քննարկումները, որոնք Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահները սկսել են դեկտեմբերի 7-ին կայացած տեսակոնֆերանսի ժամանակ։

Դոնֆրիդը, Բլինքենի խոսքով, պետք է պարզի, թե արդյոք Ռուսաստանը լրջորեն է վերաբերվում Ուկրաինայի հակամարտության կարգավորման Մինսկի համաձայնագրերով ստանձնած պարտավորությունների կատարմանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG