Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում չհրապարակեց խմբակցության դիրքորոշումը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով:
Մարուքյանը նշեց, որ իրենց տեսակետները կհրապարակվեն խմբակցության անդամների ելույթներում:
Ազգային ժողովն այսօր քննարկում է ԲՀԿ առաջնորդին 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում կաշառք բաժանելը կազմակերպելու մեղադրանք առաջադրելու և նրան ազատությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությունը:
Գագիկ Ծառուկյանը պնդում է, որ իրեն առնչվող քրեական գործերը հորինված են քաղաքական պատվերով: