Խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները՝ «Բարգավաճ Հայաստանը» և «Լուսավոր Հայաստանը» չեն մասնակցի ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու, նրան մեղադրյալ ներգրավելուն և մեղադրանք առաջադրելուն համաձայնություն տալու հարցով փակ, գաղտնի քվեարկությանը։
ԲՀԿ-ի վերաբերյալ տեղեկությունը Ազատությանը հայտնել է խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, իսկ «Լուսավոր Հայաստանի» դիրքորոշումը խորհրդարանի ամբիոնից հայտնեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Ազգային ժողովն այսօր քննարկում է ԲՀԿ առաջնորդին 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում կաշառք բաժանելը կազմակերպելու մեղադրանք առաջադրելու և նրան ազատությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությունը:
Գագիկ Ծառուկյանը պնդում է, որ իրեն առնչվող քրեական գործերը հորինված են քաղաքական պատվերով:
Քվեարկությունը կմեկնարկի 15։00-ին, արդյունքների մասին ԱԺ հաշվիչ հանձնաժողովը կհայտնի 16։30-ին վերսկսվող նիստի ընթացքում։