Ուկրաինայում հակամարտությունը գտնվում է իր վերջնական փուլում, The Atlantic ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահը: Դոնալդ Թրամփը, որն իր նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարում էր, թե պատերազմը դադարեցնելն օրերի հարց է, այսօր՝ իր պաշտոնավարման 100-րդ օրը, ասել է, որ առաջիկա օրերին ականատեսը կլինենք ուկրաինական խնդրի շուրջ զարգացումների: Թե ինչ զարգացումների մասին է խոսքը, չի մանրամասնել:
«Մենք մոտ մեկ շաբաթից կհետևենք իրադարձությունների զարգացմանը։ Մենք գտնվում ենք վերջին փուլում։ Եվ կրկին, սա Բայդենի պատերազմն է։ Ես չեմ ուզում դրա պատասխանատվությունը կրել», - ասել է նա:
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցն իր հերթին ասել է, որ Թրամփը հրադադար հաստատելու նպատակով Ուկրաինայի և Ռուսաստանի հետ բանակցություններում կիրառում է մտրակի և բլիթի քաղաքականություն և վճռական է տրամադրված. «Նախագահը վճռական է տրամադրված՝ կիրառելու մտրակի և բլիթի քաղաքականություն՝ երկու կողմերին սեղանի շուրջ բերելու համար ... որպեսզի վերջ դրվի այս հարցին՝ անվտանգության ճարտարապետությամբ, որը կառաջնորդի Եվրոպան»:
ԱՄՆ փոխնախագահն էլ ամերիկացի փոդքասթեր Չարլի Քըրքին տված հարցազրույցում ասել է, որ եթե պատերազմը շարունակվի ևս մի քանի տարի, ապա Ուկրաինան չի կարող հաղթել և վերականգնել իր տարածքը: Երկարատև պատերազմը, ըստ Ջեյ Դի Վենսի, կործանարար ազդեցություն կունենա թե՛ Ուկրաինայի, թե՛ Ռուսաստանի հասարակությունների վրա, նաև կարող է Ուկրաինայի համար ժողովրդագրական ու անդառնալի այլ խնդիրների հանգեցնել:
«Լրատվամիջոցներում կա տարօրինակ մի գաղափար, որ եթե պատերազմը շարունակվի ևս մի քանի տարի, ռուսները կպարտվեն, ուկրաինացիները կվերադարձնեն իրենց տարածքը: Սակայն սա այդ իրականությունը չէ, որում ապրում ենք», - նշել է Ջեյ Դի Վենսը:
Փարիզը և Ուկրաինայի մյուս դաշնակիցները կմեծացնեն ճնշումը Ռուսաստանի վրա. Մակրոն
Իսկ ինչպե՞ս Ռուսաստանին ստիպել, որ համաձայնի երկարաժամկետ հրադադարի: Ֆրանսիայի նախագահը Paris Match շաբաթաթերթին տված հարցազրույցում ասել է, որ Փարիզը և Ուկրաինայի մյուս դաշնակիցներն առաջիկա երկու շաբաթում կմեծացնեն ճնշումը Ռուսաստանի վրա, որպեսզի այն համաձայնի հրադադարին: Էմանյուել Մակրոնը պնդել է, թե ԱՄՆ-ին ևս համոզել է, որ պետք է մեծացնել ճնշումը, գուցե նաև պատժամիջոցների տեսքով:
Մոսկվայի արձագանքը չի ուշացել: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե տպավորություն է, որ Ֆրանսիայում չեն լսել նախագահ Պուտինի հայտարարությունները, որը բազմիցս ասել է՝ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ ուղիղ բանակցություններ վարել առանց որևէ պայմանի:
«Սա, ցավոք, հաստատում է, որ եվրոպական մայրաքաղաքներում նախընտրում են կենտրոնանալ պատերազմը շարունակելու վրա, մինչդեռ մենք դեռ կենտրոնացած ենք գործընթացը խաղաղ կարգավորման հուն տանելու ջանքերը շարունակելու վրա», - հավելել է Պուտինի մամուլի խոսնակը:
Պեսկովը նաև մանիպուլյացիա է անվանել այն, որ Կիևը պաշտոնապես դեռ ուղիղ պատասխան չի տվել ո՛չ Հաղթանակի օրվա առթիվ հայտարարված եռօրյա հրադադարի, ո՛չ էլ ուղիղ բանակցությունների մասով:
«Ուկրաինան ինքն է որոշում, թե ինչ բանակցությունների կմասնակցի և ինչ պայմաններով»,- արձագանքել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի պաշտոնական ներկայացուցիչը:
«Սա տակտիկա է՝ հնարավոր բանակցությունները, խնդրի կարգավորումը երկարաձգելու»
Իլինոյսում գործող Հյուսիսարևմտյան համալսարանի քաղաքական վերլուծության ինստիտուտի պրոֆեսոր Օլգա Կամենչուկը «Ազատության» «Նաստոյաշեե Վրեմյա» հեռուստաալիքի հետ զրույցում ասել է, որ Ռուսաստանի հետ ուղիղ բանակցելու համար Ուկրաինան ստիպված կլինի վերացնել օրենսդրական արգելքը, որ սահմանվել է 2022-ին: Կամենչուկը չի բացառում, որ Պուտինը, հայտարարելով, թե պատրաստ է ուղիղ բանակցել Ուկրաինայի հետ, իրականում փորձում է ձգձգել բանակցությունները. «Ինչ-որ առումով սա տակտիկա է հնարավոր բանակցությունները, խնդրի կարգավորումը երկարաձգելու կամ ցույց տալու ԱՄՆ-ին, որ ուկրաինացիները չեն ցանկանում բանակցել, հիշեցնել, որ նախագահ Զելենսկին, խորհրդարանը արգելել են Պուտինի հետ ուղիղ բանակցել»:
Այս ընթացքում իրադրությունը ռազմաճակատում մնում է լարված: Կողմերը շարունակել են անօդաչուներով հարվածել միմյանց: Ուկրաինական Կոնստանտինովկա քաղաքում երեկ ռուսական անօդաչուի հարվածից չորս մարդ է սպանվել, իսկ Դնեպրոպետրովսկում՝ այսօր մեկ երեխա:
Ուկրաինական անօդաչուի հարվածից ռուսական Բելգորոդում երկու մարդ է սպանվել: Ռուսական կողմը հայտարարել է, որ Խարկովում ևս մեկ բնակավայր է վերցրել: Ուկրաինական Սումիի նահանգապետը հայտարարել է, որ ռուսական զորքը փորձում է այնտեղ «բուֆերային գոտի» ստեղծել, սակայն առանց էական հաջողության: