Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արձագանքել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մայիսի 8-ից 11-ը Ուկրաինայում կրակը դադարեցնելու վերաբերյալ հրամանին՝ մեղադրելով նրան միջազգային հանրությանը մշտապես մանիպուլյացիայի ենթարկելու փորձերի մեջ։
«Մենք մարդկային կյանքը գնահատում ենք ամեն ինչից վեր, այլ ոչ թե շքերթները։ Ահա թե ինչու մենք, ինչպես ամբողջ քաղաքակիրթ աշխարհը, համոզված ենք, որ մայիսի 8-ին սպասելու պատճառ չկա։ Հրադադարը պետք է անհապաղ լինի, և ոչ թե ընդամենը մի քանի օրով՝ կոտորածը վերսկսելու համար։ Անհրաժեշտ է անհապաղ, լիարժեք և անվերապահ հրադադար՝ առնվազն 30 օրով, որպեսզի այն լինի ամուր և հուսալի։ Սա իրական դիվանագիտական ջանքերի հիմքը դնելու միակ միջոցն է», - երկուշաբթի երեկոյան իր տեսաուղերձում ասել է Զելենսկին։
Կրեմլն նախօրեին հաղորդել է, որ նախագահ Պուտինն առաջարկել է դադարեցնել պատերազմը մայիսի 8-11 -ը, երբ Եվրոպայում, այդ թվում՝ Ռուսաստանում, հանդիսավոր միջոցառումներ են անցկացվելու Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։
Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը, արձագանքելով մայիսի 8-ից եռօրյա հրադադարի մասին ՌԴ նախագահի հայտարարությանը, նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հստակ կերպով հասկացրել է, որ ցանկանում է Ուկրաինայում մշտական, այլ ոչ թե ժամանակավոր հրադադար: