Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է՝ 30-օրյա հրադադարը, որի մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կրկին խոսել էր նախորդ օրը, հնարավոր է միայն այն դեպքում, եթե հաշվի առնվեն Պուտինի նախկինում նշված «նյուանսները»։
30-օրյա զինադադար՝ երկարաձգման հնարավորությամբ, Ուկրաինան առաջարկել էր դեռևս մարտի կեսերին՝ Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ հայտարարել էր, որ սկզբունքորեն Մոսկվան չի մերժում այն, բայց կան «նյուանսներ»։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նույնպես վերջերս հայտարարել էր, որ Մոսկվան հրադադարի պայման է համարում արևմտյան երկրների կողմից Ուկրաինային զենք մատակարարելուց հրաժարվելը հրադադարի ողջ ընթացքում։
Կրեմլն նախօրեին հաղորդել է, որ նախագահ Պուտինն առաջարկել է դադարեցնել պատերազմը մայիսի 8-11 -ը, երբ Եվրոպայում, այդ թվում՝ Ռուսաստանում, հանդիսավոր միջոցառումներ են անցկացվելու Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։ Ինչին ի պատասխան Ուկրաինայի նախագահն առաջարկել է չսպասել մինչև մայիսի 8-ը։ «Անհրաժեշտ է անհապաղ, լիարժեք և անվերապահ հրադադար՝ առնվազն 30 օրով, որպեսզի այն լինի ամուր և հուսալի։ Սա իրական դիվանագիտական ջանքերի հիմքը դնելու միակ միջոցն է», - ասել է Զելենսկին։