Դնեպրոպետրովսկի մարզի Սամարովսկի շրջանում ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է բնակելի շենքի, երեխաներ են մնացել փլատակների տակ։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ տեղի բնակիչները կարողացել են ինքնուրույն փլատակներից դուրս բերել 12-ամյա աղջկա. նա մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին։ Նրա վեցամյա քույրը փրկվել է։ Երեխաների ծնողները նույնպես վիրավորվել են։
Պետական արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ Նիկոպոլի տարածքում ռուսական զորքերը երկու անգամ հարձակվել են փրկարարների վրա, որոնք մարում էին բնակելի շենքում նախորդ հարձակման հետևանքով առաջացած հրդեհը։ Վնասվել է երկու հրշեջ-փրկարարական մեքենա։ Զոհեր չկան։
Կիևում էլ երեք մարդ բժշկական օգնություն է խնդրել անօդաչու թռչող սարքերի գիշերային հարձակումից հետո։
Ընդհանուր առմամբ, գիշերը Ուկրաինայի վրա հարձակվել է 100 ռուսական անօդաչու թռչող սարք։ Ուկրաինայի ԶՈւ ռազմաօդային ուժերի տվյալներով՝ խոցվել է 37 անօդաչու թռչող սարք։ Հարձակումը վնաս է հասցրել Խարկովի, Դոնեցկի, Դնեպրոպետրովսկի և Կիևի մարզերին։
Երեքշաբթի օրը Ռուսաստանի Բելգորոդի մարզում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս երեքը՝ վիրավորվել, հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։