Ռուսաստանի նախագահը Հաղթանակի օրվա առթիվ հրադադար է հայտարարել, որը կսկսվի մայիսի 8-ին և կտևի մինչև 11-ը: Կրեմլը հայտարարել է, թե Ուկրաինան պետք է հետևի Ռուսաստանի օրինակին և զգուշացրել, որ այդ օրերին, երբ երկրում Մեծ հայրենականում հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներ կանցկացվեն, հրադադարի խախտումները համարժեք պատասխան կստանան: Վլադիմիր Պուտինը ժամանակավոր հրադադար էր հայտարարել նաև Զատկին, այդ ժամանակ կողմերը միմյանց մեղադրեցին այն խախտելու մեջ:
«Եթե Ռուսաստանն իսկապես խաղաղություն է ուզում, ապա պետք է անհապաղ դադարեցնի կրակը, այլ ոչ թե սպասի մինչև մայիսի 8-ը», - արձագանքել է Ուկրաինայի արտգործնախարարը: Անդրեյ Սիբիգան սոցցանցում գրել է, որ Ուկրաինան պատրաստ է աջակցել երկարատև, կայուն և ամբողջական հրադադարի հաստատմանը:
«Իչո՞ւ սպասել մինչև մայիսի 8-ը, եթե կրակը կարող է դադարեցվել հիմա և ցանկացած ամսաթվից սկսած՝ 30 օր: Այսինքն՝ այն իրատեսական է, այլ ոչ թե միայն շքերթի համար», - ընդգծել է Ուկրաինայի ԱԳ նախարարը:
Սպիտակ տան խոսնակն, իր հերթին, հայտարարել է, որ ԱՄՆ նախագահը հստակ ասել է՝ ցանկանում է ոչ թե ժամանակավոր, այլ մշտական հրադադար: Դոնալդ Թրամփի դժգոհությունը շարունակ աճում է թե՛ Պուտինից, թե՛ Զելենսկիից, հավելել է Քերոլայն Լևիթը:
«Թեև նախագահը լավատես է, որ կարող է գործարք կնքել, նա միաժամանակ իրատես է, որ երկու առաջնորդներն էլ պետք է նստեն սեղանի շուրջ և բանակցեն ստեղծված իրավիճակից դուրս գալու համար», - նշել է Լևիթը:
Մինչ այդ Թրամփն ինքն էր վերջին մեկ շաբաթում արդեն երկրորդ անգամ ռուս գործընկերոջը կոչ արել դադարեցնել կրակն Ուկրաինայում և ապացուցել, որ ցանկանում է խաղաղություն հաստատել: ԱՄՆ նախագահը հիասթափված է, որ անցած շաբաթ ռուսական կողմը հրթիռակոծեց ուկրաինական խաղաղ բնակավայրերը, երբ հրադադարի շուրջ քննարկումներ էին ընթանում:
«Ուզում եմ, որ նա դադարեցնի կրակոցները, նստի ու համաձայնագիր ստորագրի: Կարծում եմ՝ առկա են համաձայնագրի ստորագրման պայմանները», - հայտարարել է ԱՄՆ նախագահը:
Սպիտակ տան ղեկավարը նաև ասել է, թե իր կարծիքով՝ Զելենսկին համաձայն է մարտական գործողությունները դադարեցնելու դիմաց հրաժարվել Ղրիմից: Մինչդեռ Ուկրաինայի նախագահը նախկինում տարբեր առիթներով բացառել է դա`ասելով, որ այն կխախտի երկրի Սահմանադրությունը: Թրամփի այս հայտարարությունից հետո Զելենսկին Ղրիմի մասին նոր հայտարարություն չի արել:
Լրագրողները Թրամփից նաև հետաքրքրվել են՝ վստահո՞ւմ է Պուտինին: «Մոտ երկու շաբաթից կտեղեկացնեմ ձեզ», - պատասխանել է նա:
ԱՄՆ պետքարտուղարն, իր հերթին, հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագիրը պետք է կնքվի մոտ ապագայում, և այս շաբաթը շատ կարևոր է լինելու: Մարկո Ռուբիոն NBC-ին տված հարցազրույցում կրկին ընդգծել է՝ Վաշինգտոնը հավերժ չի կարող միջնորդական ջանքեր գործադրել, և եթե համոզվի, որ դրանք արդյունք չեն տալիս, դուրս կգա գործընթացից:
«Սա շատ կարևոր շաբաթ է լինելու: Մենք պետք է որոշենք՝ արդյոք ցանկանո՞ւմ ենք շարունակել այս ջանքերը, թե՞ ժամանակն է կենտրոնանալ այլ հարցերի վրա, որոնք որոշ դեպքերում նույնքան կարևոր են, եթե ոչ ավելի», - ասել է պետքարտուղարը:
Ուկրաինայի նախագահը երեկոյան ուղերձում երեկ հայտարարել է, որ Ռուսաստանը շատ է խոսում այն մասին, թե պատրաստ է խաղաղության, սակայն ռուսական զինուժի գործողությունները մինչ օրս հակառակն են վկայում: Ըստ նրա՝ ռուսները փորձում են խաբել աշխարհին և զգալի կորուստների գնով փորձում են առաջ շարժվել. - «Ռազմաճակատում նման մարտերն ամեն օրն ապացուցում են, որ Ռուսաստանն իրականում փորձում է խաբել աշխարհին, Ամերիկային և ուրիշներին և երկարաձգել այս պատերազմը։ Հենց այդ պատճառով հարկավոր է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա»:
Վլադիմիր Պուտինն անցած շաբաթ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպմանն ասել էր, թե պատրաստ է Ուկրաինայի հետ առանց նախապայմանների բանակցություններ սկսել։ Այսօր Կրեմլի խոսնակն ասել է, որ սպասում են Կիևի արձագանքին:
«Կիևը պետք է որոշակի գործողություններ ձեռնարկի այս հարցում։ Նրանք դրա վերաբերյալ օրենսդրական արգելք ունեն։ Բայց մինչ այժմ մենք որևէ գործողություն չենք տեսել», - հայտարարել է Դմիտրի Պեսկովը:
Ռուսաստանի արտգործնախարարն, իր հերթին, բրազիլական O Globo թերթին տված հարցազրույցում ասել է, որ Կիևը դեռ պատրաստ չէ բանակցությունների: Ըստ նրա՝ Վլադիմիր Զելենսկին պետք է վերացնի Ռուսաստանի հետ բանակցելու օրենսդրական արգելքը, որ սահմանել է, երբ Ուկրաինան 2022-ին դուրս եկավ բանակցային գործընթացից:
Սերգեյ Լավրովը նաև թվարկել է հրադադարի պայմանները: Ըստ այդմ՝ ռուսական վերահսկողության տակ գտնվող ուկրաինական տարածքները պետք է միջազգայնորեն ռուսական ճանաչվեն, վերացվեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, վերադարձվեն Արևմուտքի կողմից ռուսական սառեցված ակտիվները, Ուկրաինան հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցությունից:
«Ղրիմի, Սևաստոպոլի, Դոնեցկի, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, Խերսոնի մարզի և Զապորոժիեի ռուսական պատկանելության միջազգային ճանաչումը հրամայական է», - հայտարարել է Լավրովը:
Կիևից ռուսական կողմի հայտարարություններին դեռ չեն արձագանքել:
Այս ֆոնին իրավիճակը ճակատում մնում է լարված: Կողմերն անօդաչուներով հարվածել են միմյանց: Ռուսական Բրյանսկում կա մեկ զոհ: Ռուսական զորքը հայտարարել է, որ Խարկովում ևս մեկ բնակավայր է վերցրել: Իսկ Հյուսիսային Կորեան առաջին անգամ պաշտոնապես խոստովանել է, որ զորք է ուղարկել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ կռվելու համար: