Մատչելիության հղումներ

Զելենսկի. Ուկրաինան ընդունել է լիակատար, անվերապահ հրադադարի ամերիկյան առաջարկը, Պուտինը մերժել է այն

Լրացված

Ուկրաինա - Ռուսական զինուժի հարվածների հետևանքները Կրիվոյ Ռոգում, 2-ը ապրիլի, 2025թ.
Ուկրաինա - Ռուսական զինուժի հարվածների հետևանքները Կրիվոյ Ռոգում, 2-ը ապրիլի, 2025թ.

Ռուսաստանի նախագահը դեռ աջակցում է Ուկրաինայում անհապաղ հրադադար հաստատելու գաղափարին, սակայն Մոսկվան դեռ չի ստացել մի շարք հարցերի պատասխաններ, որ անհրաժեշտ են իր շահերը պաշտպանելու համար, հայտարարել է Կրեմլի խոսնակը: Դմիտրի Պեսկովը մեղադրել է Կիևին:

«Նախագահ Պուտինն իսկապես աջակցում է գաղափարին, որ անհրաժեշտ է հրադադարի ռեժիմ, սակայն մինչ այդ պետք է պատասխաններ տրվեն մի շարք հարցերի։ Այդ հարցերն օդում կախված են», - ասել է Պեսկովը:

Դեռ մարտի սկզբին, երբ Ուկրաինան համաձայնել էր ժամանակավոր հրադադարի ամերիկյան առաջարկին, Պուտինը փաստացի մերժել էր այն՝ ասելով, որ դա պետք է հանգեցնի երկարատև խաղաղության և վերացնի հակամարտության պատճառները: Ավելի ուշ Մոսկվան համաձայնեց Սև ծովում հրադադարին, սակայն կրկին պայման առաջ քաշեց՝ վերացնել որոշ պատժամիջոցներ:

Մինչ Մոսկվան հայտարարում է, թե աջակցում են հրադադարի գաղափարին, հանգստյան օրերին ռուսական զորքն ինտենտիվորեն հարվածել է Կիևին, Կրիվոյ Ռոգին, որտեղ 20-ից ավելի մարդ էր զոհվել, այդ թվում՝ 9 երեխա: Նրանց այսօր հողին են հանձնել:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդել էր, թե Կրիվոյ Ռոգում հարձակման թիրախը ռազմական պաշտոնյաների հանդիպումն էր, հարվածն էլ բնութագրել էր բարձր ճշգրտության, այնինչ «Ազատության» «Սիստեմա» հետաքննական նախագիծը պարզել է, որ ռուսական հարվածների թիրախում է եղել մի ռեստորան, որտեղ այդ պահին համաժողով է անցկացվել, այցելուներից մեկն էլ ծննդյան օրն է նշել։

Ուկրաինայի նախագահն ԱՄՆ-ից պահանջել է դատապարտել այս հարվածը:

«Ուկրաինան ընդունել է լիակատար, անվերապահ հրադադարի ամերիկյան առաջարկը։ Պուտինը մերժել է այն։ Մենք սպասում ենք ԱՄՆ արձագանքին։ Դեռ որևէ արձագանք չկա», - հայտարարել է Վլադիմիր Զելենսկին:

Ավելի ուշ Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինքը համերաշխություն է հայտնել Ուկրաինայի ժողովրդին: Նա X-ում գրել է, որ Ռուսաստանն է հարվածել Կրիվոյ Ռոգին, թեև դրանից առաջ միայն գրել էր, որ «բալիստիկ հրթիռ» է հարվածել:

Ֆրանսիայի նախագահն, իր հերթին, Ռուսաստանին կոչ է արել ընդունել հրադադարի առաջարկը:

«Այժմ հրատապ է, որ Ռուսաստանը դադարեցնի իր ձևականություններն ու ժամանակ ձգելու մարտավարությունը և ընդունի նախագահ Թրամփի առաջարկած անվերապահ զինադադարը, որին մարտի 11-ին Ջիդդայում համաձայնել է նախագահ Զելենսկին», - ընդգծել է Էմանյուել Մակրոնը:

Ուկրաինացի քաղաքագետ Վլադիմիր Ֆեսենկոն «Ազատության» «Նաստոյաշչեե Վրեմյա» հեռուստաալիքին ասել է, որ խաղաղ բնակչության վրա նման ինտենսիվ հարձակումներով Պուտինը ճնշում է բանեցնում, որպեսզի բանակցությունների ժամանակ ստանա այն, ինչ ցանկանում է։

«Սա բարոյահոգեբանական տեռոր է։ Այն միտված է կոտրելու դիմադրությունը, որպեսզի Ուկրաինայում հնարավորինս շատ մարդիկ համաձայնեն ցանկացած գնով խաղաղության հասնելուն», - նշել է Ֆեսենկոն:

Կրեմլի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևը, որն անցած շաբաթ էր հանդիպել Թրամփի ներկայացուցիչների հետ, իր հերթին հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղության հարցով Մոսկվայի և Վաշինգտոնի միջև նոր շփումներ կարող են տեղի ունենալ մի քանի օրից։ Նա ասել է, որ լավ երկխոսություն է ընթանում:

«Կարծում եմ՝ ԱՄՆ մեր գործընկերները հասկանում են, որ անհրաժեշտ է վերականգնել Ռուսաստանի հետ երկխոսությունը, և որ Ռուսաստանը դիմակայել է ռազմավարական պարտության փորձին, որը Ռուսաստանին փորձել է պարտադրել նախագահ Բայդենի վարչակազմը», - ասել է Դմիտրիևը:

Ուկրաինան, եվրոպական երկրները բազմիցս կոչ են արել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա: Ինչո՞ւ Ռուսաստանն այն 60 երկրների շարքում չէ, որոնց նկատմամբ նախագահ Թրամփն ապրիլի 2-ին աննախադեպ մաքսատուրքեր սահմանեց. ABC News-ի լրագրողի հարցին Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի տնօրեն Քևին Հասեթը պատասխանել է՝ պատճառն այն է, որ ԱՄՆ-ը հիմա բանակցում է Ռուսաստանի հետ:

«Ակնհայտ է, որ քննարկումներ են ընթանում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ, և կարծում եմ՝ նախագահը որոշել է չխառնել այդ երկու հարցերը։ Սա չի նշանակում, որ Ռուսաստանին կվերաբերվեն բոլորովին այլ կերպ, քան ցանկացած այլ երկրի», - վստահեցրել է Հասեթը:

Այս ընթացքում ճակատում իրավիճակը լարված է մնում:



XS
SM
MD
LG