Միացյալ Նահանգները կարող է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել և գուցե դիմել ռազմական գործողությունների, եթե Մոսկվան չհամաձայնի Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրին, որը կերաշխավորի Կիևի երկարաժամկետ անկախությունը, The Wall Street Journal-ին ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:
Նրա այս հարցազրույցը հետևում է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ Դոնալդ Թրամփի երեկվա հեռախոսազրույցներին, որոնց ընթացքում քննարկվել էր Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հարցը:
Վենսն ասել է, որ եթե Մոսկվան բարեխղճորեն բանակցություններ չվարի, ապա Ուկրաինա ամերիկյան զորքեր ուղարկելու տարբերակը դեռ մնում է «սեղանին»:
«Կան լծակների տնտեսական գործիքներ, կան, իհարկե, լծակների ռազմական գործիքներ: Կան մի շարք ձևակերպումներ, կոնֆիգուրացիաներ, բայց մենք մտածում ենք, որ Ուկրաինան ինքնիշխան անկախություն ունենա», - նշել է Ջեյ Դի Վենսը:
ԱՄՆ փոխնախագահը վստահեցրել է, որ Թրամփը պատրաստ է դիտարկել բոլոր տարբերակները և բանակցությունների արդյունքում կարող է կնքվել գործարք, որը գուցե ցնցի շատերին: Նա նաև համաձայնել է, որ Թրամփը կարող է փոխել միտքը՝ կախված նրանից, թե ինչպես կզարգանան բանակցությունները։
«Նախագահ Թրամփը կարող է ասել՝ տեսեք, մենք սա չենք ուզում, գուցե դա մեզ դուր չգա, բայց մենք պատրաստ ենք հարցը կրկին դնել սեղանին, եթե պարզվի, որ ռուսները բանակցային լավ գործընկերներ չեն, կամ կան բաներ, որոնք շատ կարևոր են ուկրաինացիների համար, որոնք մենք կարող ենք ցանկանալ վերցնել սեղանից», - ընդգծել է նա:
ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց է ունեցել ուկրաինացի պաշտոնակցի հետ
Երեկ ԱՄՆ պետքարտուղարն է հեռախոսազրույց ունեցել ուկրաինացի պաշտոնակցի հետ: Ըստ ԱՄՆ պետքարտուղարության՝ Մարկո Ռուոբիոն Անդրեյ Սիբիհայի հետ խոսել է պատերազմը դադարեցնելու համար «համարձակ դիվանագիտություն» վարելու անհրաժեշտության մասին:
Այսօր մեկնարկել է Մյունխենի անվտանգության գագաթնաժողովը, որի ընթացքում կքննարկվի նաև Ուկրաինայի հարցը: Գագաթաժողովի շրջանակում Ուկրաինայի նախագահն առաջին հանդիպումը կունենա ԱՄՆ փոխնախագահի, ինչպես նաև Ուկրաինայի ու Ռուսաստանի հարցով ԱՄՆ նախագահի գլխավոր բանագնաց Քիթ Քելլոգի հետ:
Կիևից չեն հաստատել Թրամփի հայտարարությունը, թե ռուսների հետ հանդիպելու են Մյունխենում
Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտոնյաները կհանդիպեն Մյունխենում, և որ Ուկրաինան նույնպես հրավիրված է: Կիևը, սակայն, պատասխանել է, որ չի ակնկալում Ռուսաստանի հետ բանակցությունների անցկացում գերմանական քաղաքում:
Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ արդեն մի քանի տարի Ռուսաստանը չի հրավիրվում մյունխենյան գագաթնաժողովին, հետևաբար Ռուսաստանի արտգործնախարարության և որևէ այլ կառույցի պաշտոնյաներ չեն մասնակցում այս միջոցառմանը:
Չի բացառվում, որ Զելենսկին հանդիպի նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի, ինչպես նաև եվրոպացի առաջնորդների հետ, որոնք վերջին օրերին շարունակ հայտարարում են, որ Եվրոպան ևս պետք է մասնակցի ուկրաինական կարգավորման գործընթացին։
Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Չեռնոբիլի ատոմակայանին. Զելենսկի
Մինչ Մյունխենում ընթանում է անվտանգության գագաթնաժողովը, Զելենսկին հայտարարել է, որ ռուսական անօդաչուն հարվածել է Չեռնոբիլի ատոմակայանի չորրորդ էներգաբլոկի վրա կառուցված սարկոֆագին, որը թույլ չի տալիս, որ ռադիացիայի արտահոսք տեղի ունենա 1986 թվականին պայթյունի հետևանքով ավերված այս բլոկից: Հարվածից սարկոֆագը վնասվել է և հրդեհ բռնկվել, որը մարվել է:
«Ներկայումս ռադիացիոն ֆոնը չի բարձրացել, և դրան անընդհատ հետևում են [... ] Աշխարհում միակ երկիրը, որը հարձակվում է նման օբյեկտների վրա, պատերազմ է մղում՝ չմտածելով հետևանքների մասին, այսօրվա Ռուսաստանն է: Եվ սա ահաբեկչական սպառնալիք է ողջ աշխարհի համար», - հայտարարել է Զելենսկին։