Մատչելիության հղումներ

Տիգրան Ավինյանը հայտարարում է՝ հետ քայլ չի լինելու տրանսպորտի հարցում


Չնայած երևանցիների դժգոհությանը, քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարում է՝ հետ քայլ չի լինի: Հանրային տրանսպորտը նոր՝ ավելի բարձր սակագներով կսկսի գործել հաշված օրեր անց՝ փետրվարի 1-ից։

Գործակարգավարական այսօրվա նիստի ընթացքում քաղաքապետ Ավինյանը դարձյալ պնդեց, թե փոփոխությունն արվում է, որ մայրաքաղաքը կայուն ու որակյալ տրանսպորտային համակարգ ունենա. - «Որը մի քանի տարի հետո ուղղակի չի մաշվելու և վերանա, ինչպես եղել է Երևան քաղաքում բոլոր տրանսպորտային մեր համակարգերի հետ, ինչպես եղել է 1990-ականներից մինչև վերջին մի քանի տարի առաջ»:

Կայուն ու որակյալ տրանսպորտային համակարգ ունենալու համար, ըստ քաղաքային իշխանությունների, հնարավոր չէ գործող սակագնով շարունակել։ Քաղաքապետարանը փետրվարից նոր սակագներ է առաջարկում՝ փաթեթներ 300-ից մինչև տարեկան 90 հազար դրամ արժողությամբ:

Շաբաթ օրը Հանրայինի եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նույն հիմնավորումը բերեց՝ տրանսպորտի գինը բարձրացնում են, որ Երևանը հարատև ու կայուն տրանսպորտային համակարգ ունենա։

Մինչդեռ իշխանության ընդդիմախոսները հայտարարում են՝ հնարավոր է մյուս փաթեթների կողքին պահպանել նաև 100 դրամ սակագինը։ Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, որը թանկացման դեմ ակցիաներ է նախատեսում, պնդում է՝ այս դեպքում քաղաքային բյուջեից սուբսիդավորումն է այլընտրանքը։

«Ես իրեն {Տիգրան Ավինյանին-խմբ.} բացատրեցի, որ միայն գույքահարկի այս թանկացումից 21 թվականի համեմատ տարբերությունը կլինի 20 միլիարդ դրամ, և դրանից կարող եք այդ 5 միլիարդ դրամը վերցնել, սուբսիդավորել», - նշեց նա:

Երևանցիներից շատերի մոտ թանկացմանն ընդվզելու տրամադրություն է. մարդիկ դժգոհում են՝ այն ավելորդ բեռ համարելով:

«Ոչ մի փաթեթից էլ չեմ ուզում օգտվել, 100 դրամը կտամ և կիջնեմ», - «Ազատությանն» ասաց քաղաքացիներից մեկը:

Բայց կան քաղաքացիներ էլ, որ համակերպվել են քաղաքային իշխանության՝ ուղեվարձը թանկացնելու որոշման հետ:

XS
SM
MD
LG