Հանրային տրանսպորտում փետրվարից 1-ից ովքե՞ր են հսկողություն իրականացնելու և ի՞նչ գործառույթներ են նրանք ունենալու:
Երեկ երեկոյան Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն էր հայտարարել՝ հանրային տրանսպորոտում փետրվարի 1-ից հսկիչներ կլինեն: Իշխող խմբակցության ղեկավարը տեղեկությունը հայտնել էր News.am-ին, բայց չէր մանրամասնել՝ ի՞նչ է դա նշանակում՝ արդյոք ուղեվարձի սակագների սպասվող փոփոխություններից դժգոհ և բոյկոտի մասին հայտարարող քաղաքացիները տուգանվելու են: «Կհայտարարվի այդ մասին», - շատ կարճ հավելել էր Գալջյանը, որի հետ այսօր կապ հաստատել, ի դեպ, չհաջողվեց:
Օրվա երկրորդ կեսին արդեն քաղաքապետարանից պարզաբանեցին՝ անցած տարվա նոյեմբերից հսկողություն իրականացրել և իրականացնելու են «Երևանի ավտոբուս» ընկերության հաստիքացուցակում մինչ այս եղած գծային հսկողության ծառայության բաժնի աշխատակիցները:
Ծառայությունը ներդրվել է անցած տարի և ունի տրանսպորտում առկա խնդիրներն արձանագրելու ու զեկուցելու գործառույթ: Որևէ նոր կարգավորման մասին խոսք չկա, պնդեց քաղաքապետարանի մամուլի խոսնակը:
«Հսկիչ բառը հենց մարդիկ տեսնում են, մտածում են՝ ահա, տուգանելու են: Երևանի քաղաքապետարանի ավագանին, Երևանի քաղաքապետարանը չունեն որևիցե իրավական հիմք որևէ քաղաքացու տուգանելու հասարակական տրանսպորտում չվճարելու համար», - ընդգծեց Հայկ Կոստանյանը:
Այդ դեպքում ի՞նչ նկատի ուներ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը, երբ ասում էր, թե փետրվարի 1-ից հանրային տրանսպորտում հսկիչներ կլինեն: Երևանցիների համատարած դժգոհության պայմաններում հենց այդ օրն են ուժի մեջ մտնում նոր՝ ավելի բարձր սակագները:
Կոստանյանը դժվարացավ ասել, փոխարենը նշեց, թե «Երևանի ավտոբուս»-ի աշխատակիցներն այժմ էլ հաճախ են հանրային տրանսպորտում լինում, օգնում մարդկանց վճարումներ կատարելիս:
«Ենթադրում եմ՝ մարդկանց 99 տոկոսը տեղյակ չի, որ, օրինակ, այդ մարդը, որ իրեն հուշում, ասում է՝ «հեռախոսդ աջ կամ ջախ պահիր», շարքային քաղաքացի՞ է, թե «Ավտոբուս» ՓԲԸ-ի աշխատակից: Իրենք ոչ հատուկ արտահագուստ ունեն, ոչ էլ ներկայանում են, ուղղակի հուշում, օգնում են մարդկանց, հիմա էլ այդ աշխատանքն անում են, հետագայում էլ անելու են», - ասաց քաղաքապետարանի խոսնակը:
Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանը, մինչդեռ, պնդում է՝ ՔՊ խմբակցության ղեկավարի հայտարարությունը թյուրիմացության կամ պատահականության արդյունք չէր: Տրանսպորտի նոր սակագներին ընդառաջ ավագանու իշխանական անդամն, ըստ Աբգարյանի, այդպես փորձել է մարդկանց վախեցնել, կոտրել բոյկոտի ալիքը:
«Ես վստահ եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը դա ասել էր՝ վախեցնելու ժողովրդին, ահաբեկելու, քանի որ հենց ինքը վախեցած է, որ ժողովուրդը կբոյկոտի: Սա շատ տգեղ հնարք է, որ կիրառեցին նրանք, և կարծում եմ՝ քաղաքապետարանը նույնիսկ եթե ժամանակի ընթացքում փորձի ներդնել իրապես հսկիչի մեխանիզմ, որը իրավունք ունենա նույնականացնել քաղաքացուն, միևնույն է, վստահեցնում եմ, մեր հանրային տրանսպորտի պայմաններում դա գրեթե անհնարին է որ կարողանա ֆեկտիվորեն աշխատել», - ընդգծեց Աբգարյանը:
«Երևանի ավտոբուս»-ի ենթակայությամբ գործող ծառայությունն ընդհանուր առմամբ ունի 9 աշխատակից՝ բաժնի պետ և 8 գծային հսկիչ: Քաղաքապետարանի մամուլի խոսնակը վստահեցնում է՝ եթե անգամ քաղաքապետարանը ցանկանա էլ, չի կարող այս հաստիքացուցակով հանրային տրանսպորտում ամբողջական վերահսկողություն իրականացնել. - «Մենք ունենք մոտ 700-800 շարժակազմ, մարդիկ որ ուզենան էլ, ֆիզիկապես չեն կարողանա բոլոր շարժակազմերում լինել: Եթե խնդիրներ են նկատում, իրենց գործառույթն է վերադասության կարգով զեկուցել, որ դրանք վերանան»:
Հանրային տրանսպորտի սակագների փոփոխությունները ուժի մեջ կմտնեն փետրվարի 1-ից, մինչ այդ նախատեսված է ավագանու արտահերթ նիստ, որով բացի առաջարկվող փաթեթներից մեկ ուղևորության համար կսահմանվի 150 դրամ ուղեվարձ: Նիստին կմասնակցեն «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» ու «Հանրային ձայն» խմբակցությունները, «Մայր Հայաստան»-ն ու «Ազգային առաջընթաց»-ն արդեն հայտարարել են, որ ավագանու արտահերթ նիստին չեն մասնակցի: