Երևանի փողոցներում 150 դրամ ուղեվարձի հետ շատերը համաձայն չեն, սակայն ի տարբերություն 300 դրամի՝ որոշ կողմ ձայներ հնչում են: Երեկ երեկոյան՝ տրանսպորտի սակագնի սպասվող փոփոխությունից երեք օր առաջ, քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ մեկ ուղևորությունը 150 դրամ սահմանող նոր տոմս կներդրվի, իսկ արդեն գնված փաթեթները կերկարաձգվեն:
Ընդ որում՝ մինչև երեկ երեկոյան քաղաքապետը հայտարարում էր, որ հետքայլ չի լինի, իսկ դրանից մեկ շաբաթ առաջ խոսում էր միայն փաթեթներում աննշան փոփոխության հնարավորությունից:
Երևանում հարցվածների մեծ մասին 150 դրամը դարձյալ ձեռնտու չէ: Ավելին՝ շատերը անլուրջ և անընդունելի են համարում առանց հաշվարկների քաղաքային իշխանությունների կողմից մի քանի օրը մեկ անգամ կամայական սակագին սահմանելը: Միայն մի քանիսը հայտնեցին, որ 150 դրամը ընդունելի սակագին է, որ կվճարեն, նրանցից մեկը, սակայն, մարզի բնակիչ էր:
Միայն քաղաքապետ Ավինյանի հայտարարությամբ, սակայն, սակագինը չի կարող փոփոխվել, դրա համար ավագանու նիստ է պետք, արտահերթն արդեն նշանակվել է հունվարի 31-ին: «Քաղաքացիական պայմանագիրը», «Հանրապետություն»-ն ու «Հանրային ձայն» խմբակցությունը, որի ղեկավարը արդեն հայտարարել է, որ մասնակցելու են նիստին և կողմ են արտահայտվելու 150 դրամ սակագնին, կարող են առանց մյուս՝ խոշոր ընդդիմադիր խմբակցությունների ապահովել քվորում և անհրաժեշտ քվեները որոշման ընդունման համար:
«Մայր Հայաստան» և «Ազգային առաջընթաց» խմբակցությունները շարունակում են պահանջել պահպանել 100 դրամ սակագինը: «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանը հայտարարել է, որ այս տրանսպորտային փաթեթների բազմաթիվ փոփոխությունները ընդդիմադիր ամենամեծ խմբակցություններին չեն ուղարկվել կարծիք ստանալու համար, իսկ ավագանու նիստից առաջ նման հայտարարություն անելով՝ իշխանությունը ցույց է տալիս, որ ավագանու քվեարկությունը ֆիկտիվ է, որոշումները կայացվում են այլ տեղում և այլ եղանակով:
Երեկ երեկոյան նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը Ֆեյսբուքում հայտարարեց, որ բոյկոտը շարունակվելու է:
«Մայր Հայաստան» խմբակցությունից Գևորգ Ստեփանյանն էլ հայտարարել է, որ սա նշանակում է՝ իշխանության բոլոր նախկին հավաստիացումները, թե 300 դրամ սակագին չսահմանելու դեպքում տրանսպորտային համակարգը և այլ ծառայություններ նորմալ չեն գործի, չեն համապատասխանում իրականությանը: Շեշտել է՝ տեղի չեն տալու:
Բայց 150-ի դեպքում կա նաև տեխնիկական խնդիր՝ Թելսելի սարքերը ոչ ընդունում, ոչ վերադարձնում են 50 դրամանոց մետաղադրամներ: 150 դրամ կանխիկով վճարել փաստացի հնարավոր չի լինելու՝ միայն քարտով կամ էլեկտրոնային դրամապանակով: Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, սակայն, Ֆեյսբուքում լուծում է առաջարկում՝ միանգամից գնել նաև վերադարձի տոմսը՝ վճարելով 300 դրամ: Իսկ քաղաքապետարանի տրանսպորտային տարբեր փաթեթներ առաջարկող կայքում դեռ նախկին գներն են նշված: