Մատչելիության հղումներ

Թրամփը Պուտինի հետ անհապաղ հանդիպելու պատրաստակամություն է հայտնում


Շվեյցարիա - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեսակապով ելույթ է ունենում Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին, 23-ը հունվարի, 2025թ.
Շվեյցարիա - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեսակապով ելույթ է ունենում Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին, 23-ը հունվարի, 2025թ.

Միացյալ Նահանգների նախագահը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել է, որ նավթի խոշոր արտահանող Սաուդյան Արաբիային և Նավթ արտահանող երկրների կազմակերպությանը կխնդրի, որ իջեցնեն նավթի համաշխարհային գինը: Ֆորումին տեսակապով ելույթ ունեցած Դոնալդ Թրամփի կարծիքով՝ դա կթուլացնի էներգակիրների արտահանումից մեծ կախում ունեցող Ռուսաստանի տնտեսությունը և կօգնի կանգնեցնել պատերազմն Ուկրաինայում:

«Նավթի գինը պետք է իջեցվի, անկեղծ ասած, զարմանում եմ, որ նրանք դա չեն արել ընտրություններից առաջ … Եթե գինն իջնի, ռուս - ուկրաինական պատերազմն անմիջապես կավարտվի: Գինն այժմ բավական բարձր է, որպեսզի այս պատերազմը շարունակվի: Պետք է իջեցնել նավթի գինը», - ասել է Թրամփը:

ԱՄՆ նախագահն ասել է, որ Չինաստանի ղեկավարը մեծ ազդեցություն ունի և կարող է իր դերն ունենալ ռուս - ուկրաինական պատերազմը դադարեցնելու հարցում, ինչի մասին Չինաստանի նախագահ Սին Ծինփինին ասել է անցած ուրբաթ օրը տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ:

Դոնալդ Թրամփը նշել է, որ Զելենսկին պատրաստ է պատերազմը դադարեցնելու շուրջ գործարք կնքել, թեև մանրամասներ չի հայտնել Կիևի և Մոսկվայի միջև հնարավոր բանակցությունների մասին։ Նա նաև ասել է, որ պատրաստ է այս հարցով անհապաղ հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. - «Մի բան շատ կարևոր է: Ես իսկապես կցանկանայի, որ առաջիկայում կարողանայի հանդիպել նախագահ Պուտինի հետ և հնարավորինս շուտ վերջ տալ այդ պատերազմին։ Եվ սա չեմ ասում տնտեսության կամ այլ տեսանկյունից, այլ նրա համար, որ միլիոնավոր կյանքեր են կորսվում»:

Կրեմլից արձագանքում են

Կրեմլից արձագանքել են Թրամփի հայտարարություններին: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է Թրամփի հետ հեռախոսազրույցին, սպասում են Վաշինգտոնից ազդակների, որպեսզի առաջ շարժվեն: Պեսկովն անդրադարձել է նաև Թրամփի հայտարարությանը, թե նավթի գնիջեցումը վերջ կդնի պատերազմին:

«Այս հակամարտությունը կախված չէ նավթի գներից: Այս հակամարտությունը տեղի է ունենում Ռուսաստանի Դաշնության ազգային անվտանգությանը սպառնացող վտանգների, հայտնի տարածքներում բնակվող ռուսներին սպառնացող վտանգների, նաև այն պատճառով, որ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան բացարձակապես հրաժարվում են ականջալուր լինել Ռուսաստանի մտահոգություններին», - հայտարարել է Պուտինի խոսնակը:

Արձագանքելով Թրամփի պնդմանը, թե Ուկրաինայի նախագահը պատրաստ է բանակցությունների, Պեսկովն ասել է, որ Զելենսկին չի կարող պատրաստ լինել, քանի որ հրամանագրով ինքն իրեն արգելել է բանակցություններ վարել։

Ուկրաինայի նախագահը Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է, որ պատրաստ կլինեն Ռուսաստանի հետ բանակցություններին, եթե կարողանան բանակցել «ուժեղ դիրքերից»։ Դրա համար, ըստ Զելենսկիի, Ուկրաինան պետք է անվտանգության անհրաժեշտ երաշխիքներ ստանա Միացյալ Նահանգներից. - «Եթե Դոնալդ Թրամփը կարողանա մեզ երաշխավորել Ուկրաինայի համար այս ուժեղ և անշրջելի անվտանգությունը, ապա մենք կշարժվենք դիվանագիտական ճանապարհով ... Ես հասկանում եմ, որ առանց Ռուսաստանի անհնար է դիվանագիտական ճանապարհով ավարտել այս պատերազմը, պարզապես անհնար է»:

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ խաղաղ բանակցությունների մեկնարկի համար արդար պայմանը կլինի ռուսական զորքերի դուրսբերումը առնվազն այն գծեր, որտեղ դրանք գտնվում էին մինչև 2022 թվականի փետրվարի 24-ի լայնածավալ ներխուժումը: Սակայն նրա խոսքերից հասկացվում է, որ դա պարտադիր պայման չէ։

Զելենսկին նաև նշել է, որ հնարավոր բանակցություններում Ուկրաինան պետք է գործի Միացյալ Նահանգների և այլ դաշնակիցների հետ, ապա ընդգծել, որ պատերազմի ավարտը պետք է լինի «Թրամփի հաղթանակը, ոչ թե Պուտինի»:

Ռուս - ուկրաինական ռազմաճակատում մարտերը շարունակում են: Ռուսական և ուկրաինական աղբյուրները գրում են, որ ուկրաինական զինուժը Կուրսկի վրա ձեռնարկել է վերջին մի քանի ամսվա ընթացքում անօդաչուների ամենամասշտաբային հարձակումը։ Նաև ուկրաինական անօդաչուի հարվածի հետևանքով Ռյազանում նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել:

Ռուսական զորքն, իր հերթին, ուկրաինական Պոկրովսկ քաղաքի ուղղությամբ մոտենում է Դնեպրոպետրովսկի շրջանին։ Ըստ Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի՝ ռուսական բանակը կարող է փորձել մտնել այս շրջան՝ ի ցույց դնելու Ուկրաինայի պաշտպանության խոցելիությունը և թուլացնելու Կիևի դիրքերը ապագայում հնարավոր խաղաղ բանակցությունների ժամանակ։

Ուկրաինան այսօր տեղեկացրել է, որ ռուսական կողմը վերադարձրել է ուկրաինացի 757 զինվորականի աճյուն, մեծ մասը՝ Դոնեցկի ուղղությունից:

XS
SM
MD
LG