Մատչելիության հղումներ

Թրամփն Ուկրաինայում պատերազմն ավարտելու կոչ է անում, Կրեմլում դեռ սպասում են ազդակների


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, Սպիտակ տուն, Վաշինգտոն, 21-ը հունվարի, 2025թ.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, Սպիտակ տուն, Վաշինգտոն, 21-ը հունվարի, 2025թ.

Միացյալ Նահանգների նախագահը սպառնացել է բարձր հարկեր, մաքսատուրքեր և պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի և շահագրգիռ մյուս երկրների նկատմամբ, եթե առաջիկայում հնարավոր չլինի համաձայնության գալ և վերջ դնել Ուկրաինայում ընթացող պատերազմին։

Իր հիմնադրած Truth Social սոցկայքում Դոնալդ Թրամփը գրել է, թե սիրում է ռուս ժողովրդին, չի ցանկանում վնասել Ռուսաստանին և միշտ շատ լավ հարաբերություններ է ունեցել նախագահ Պուտինի հետ։ Եվ իր այս առաջարկով շատ մեծ լավություն է անում Ռուսաստանին և Պուտինին:

«Ամեն ինչ միայն վատթարանալու է: Եթե մենք «գործարքի» չգնանք և դա չանենք շուտով, ես այլ ելք չունեմ, քան հարկերի, մաքսատուրքերի և պատժամիջոցների բարձր մակարդակ սահմանել այն ամենի վրա, ինչ Ռուսաստանը և այլ շահագրգիռ երկրներ վաճառում են ԱՄՆ-ին: Եկեք ավարտենք այս պատերազմը, որը երբեք չէր սկսվի, եթե ես նախագահ լինեի … Ժամանակն է գործարք կնքել։ Այլևս կյանքեր չպետք է կորսվեն», - գրել է ԱՄՆ նախագահը:


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ ուշադիր հետևում են Ռուսաստանի վերաբերյալ ԱՄՆ-ից հնչող հայտարարություններին, հաշվի են առնում բոլոր նրբությունները և պատրաստ են հարգալից երկխոսության: Այդուհանդերձ, ըստ նրա, երկու նախագահների միջև շփումների կազմակերպման մասին ազդակներ դեռ չեն եղել:

«Այդ մասին բազմիցս խոսել է նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հավասար երկխոսության, փոխադարձ հարգանքով երկխոսության համար։ Այդ երկխոսությունը երկու նախագահների միջև տեղի է ունեցել Թրամփի առաջին նախագահության ժամանակ ... Մենք սպասում ենք ազդակների, որոնք դեռ չեն ստացվել», - ընդգծել է Պեսկովը:

Հնարավոր հրադադարի և խաղաղապահների մասին Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում կազմակերպված քննարկման ժամանակ խոսել է նաև Ուկրաինայի նախագահը:

Վլադիմիր Զելենսկին առաջ է քաշել 200 հազար հոգանոց եվրոպական խաղաղապահ ուժեր տեղակայելու գաղափարը՝ միաժամանակ պնդելով, որ Միացյալ Նահանգների ղեկավարությունը ցանկացած նման նախաձեռնությունում կարևոր դեր կունենա: Զելենսկին շեշտել է, որ այս ուժերն անվտանգության երաշխիքների միայն մի մասն են կազմելու, որ անհրաժեշտ են Ուկրաինային։

«Դա նվազագույնն է, այլապես դա ոչինչ է: Այլապես դա ԵԱՀԿ-ի նման մի բան կլինի, երբ ոչ ոք չգիտեր, թե այն որտեղ կարող է օգնել: Նրանք պարզապես գրասենյակներ ունեին, և վերջ … Եթե Թրամփը պատրաստ է Ուկրաինան տեսնել ՆԱՏՕ-ում, մենք կլինենք ՆԱՏՕ-ում: Դրան կողմ կլինեն բոլոր անդամները։ Եթե նախագահ Թրամփը պատրաստ չէ մեզ տեսնել ՆԱՏՕ-ում, մենք ՆԱՏՕ-ում չենք լինի», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը:

Անդրադառնալով այս պահին ռուսական զինուժի կողմից գրավված ուկրաինական տարածքների ճակատագրին՝ Զելենսկին ասել է, որ Ուկրաինան երբեք դրանք չի ճանաչի որպես ռուսական, նույնիսկ եթե աշխարհի բոլոր դաշնակիցները միավորվեն ու դա պահանջեն. - «Դա անհնար է։ Մենք նրանց իրավական առումով չենք ճանաչի։ Մենք միշտ այդ տարածքները կհամարենք Ռուսաստանի կողմից գրավված, մինչև չվերադառնանք այնտեղ։ Ուրիշ ճանապարհ չկա»։

Երեկ հայտնի դարձավ, որ Եվրոպական միությունը 2025 թվականին Ուկրաինային 35 միլիարդ եվրո ֆինանսական օգնություն կտրամադրի: Եվրամիության տնտեսական հարցերով հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսն X-ում գրել է, որ միջոցները կհատկացվեն այս տարվա ընթացքում Մեծ յոթնակի երկրների վարկավորման նախաձեռնության և Ուկրաինայի ֆինանսական ծրագրի շրջանակում:

Ռուս-ուկրաինական ճակատում շարունակվում են թեժ մարտերը: Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկացմամբ՝ ռուսական զորքը Խարկովի մարզում վերահսկողության տակ է վերցրել ևս մեկ բնակավայր: Զապորոժիեում ռուսական զորքի հրթիռային հարվածների հետևանքով զոհվել է մեկ մարդ, տուժել ևս 24-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG