Մատչելիության հղումներ

Թրամփի հատուկ բանագնացը հանդիպել է Պուտինի հետ


 ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆ, արխիվ
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆ, արխիվ

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն այսօր Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ կքննարկեն ուկրաինական հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր, նաև նախագահ Պուտինը Դոնալդ Թրամփին կփոխանցի «Ռուսաստանի մտահոգությունները»։

«Բնականաբար, Ուիթքոֆը՝ որպես նախագահ Թրամփի հատուկ ներկայացուցիչ, ինչ-որ բան կփոխանցի Պուտինին։ Պուտինը դա կլսի։ Ուկրաինական կարգավորման տարբեր ասպեկտների շուրջ զրույցը կշարունակվի», - ասել է Պեսկովը:

Մինչ այդ Ուիթքոֆը հանդիպել էր Պուտինի բանագնաց Կիրիլ Դմիտրիևի հետ:

Մինչ Ուիթքոֆը Ռուսաստանում հանդիպումներ է ունենում, Դոնալդ Թրամփը սոցցանցում գրել է, որ Ուկրաինայում ընթացող մարտերն անիմաստ են, և որ Ռուսաստանը «պետք է սկսի գործել»՝ հակամարտությունը դադարեցնելու համար։

«Ժամանակն է, որ Ռուսաստանը սկսի գործել: Այս սարսափելի և անիմաստ պատերազմում չափազանց շատ մարդիկ են մահանում՝ հազարավոր մարդիկ ամեն շաբաթ: Պատերազմ, որը երբեք չպետք է սկսվեր», - գրել է Թրամփը իր TruthSocial սոցիալական ցանցում:

Նախքան Ուիթքոֆի ռուսաստանյան այցը, երեկ Ստամբուլում տեղի է ունեցել Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների պատվիրակությունների միջև խորհրդակցությունների երկրորդ փուլը: Հանդիպման արդյունքների վերաբերյալ մամուլի համար հայտարարություններ չեն արվել: Սակայն հաղորդվում էր, որ գլխավոր թեմաներից մեկը եղել է դեսպանատների գործունեության վերականգնումը:

Նախորդ հանդիպմանը Մոսկվան Վաշինգտոնին առաջարկել էր վերսկսել ուղիղ չվերթները, որոնք դադարեցվել էին, երբ ԱՄՆ-ը և Եվրոպական միությունը Ռուսաստանի համար փակեցին իրենց օդային տարածքը՝ Ուկրաինա ներխուժման պատճառով:

Այս ֆոնին այսօր Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ավիահաղորդակցության վերականգնումը պետք է սկսվի ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերության դեմ ամերիկյան պատժամիջոցների չեղարկմամբ: Սերգեյ Լավրովն ասել է, որ Մոսկվան նման առաջարկ արել է Վաշինգտոնին. - «Մենք նման առաջարկ արել ենք ավելի քան մեկ ամիս առաջ Ռիյադում տեղի ունեցած հանդիպումից առաջ: Ամերիկացիներն այն ընդունեցին, բայց մինչ այժմ մենք որևէ արձագանք չենք ստացել»:

Ինչպե՞ս կզարգանան ռուս-ամերիկյան հարաբերությունները. ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով նախկին օգնական Դեյվիդ Կրամերի կարծիքով՝ Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորելիս Վաշինգտոնը պետք է հաշվի առնի, որ բանակցություններին զուգահեռ Ռուսաստանը շարունակում է իր ագրեսիան Ուկրաինայում:

«Ազատությանը» տված հարցազրույցում նախկին դիվանագետն ասել է՝ Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություններն անհնար են, քանի դեռ իշխանության է մնում Վլադիմիր Պուտինը: Կրամերը նաև դեմ է Ռուսաստանի հետ բիզնեսի վերականգնմանը`հաշվի առնելով այդ երկրում տիրող կոռուպցիան: Փոխարենը, նա ԱՄՆ-ին կոչ է անում խրախուսել ներդրումներն Ուկրաինայում, որին լեգիտիմ գործընկեր է համարում՝ ի տարբերություն Ռուսաստանի:

«Ըստ իս՝ դա պետք է հիշեցում լինի, որ մենք երբեք չենք կարող նորմալ հարաբերություններ ունենալ ռուսական այս ռեժիմի հետ, քանի դեռ իշխանության է մնում Պուտինը և նրանք, ովքեր պատասխանատու են Ուկրաինայում տեղի ունեցածի համար», - հայտարարել է Կրամերը:

Ամերիկացի նախկին պաշտոնյան նաև կարծում է, որ Թրամփի վարչակազմը չունի անհրաժեշտ փորձ և գիտելիք Ռուսաստանի հետ հարաբերվելու համար, իսկ Թրամփի բանագնաց Ուիթքոֆը չի տիրապետում Ռուսաստանի հետ հարաբերությունների և պատմության մանրամասներին:

Մինչ Թրամփի բանագնացը Ռուսաստանում հանդիպումներ է ունենում, ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում այսօր տեղի է ունեցել Ռամշտայնի ձևաչափով Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի երկրորդ հանդիպումը, որին ԱՄՆ պաշտպանության նախարարը տեսակապի միջոցով է մասնակցել: Հանդիպման արդյունքներով որոշվել է ավելի քան 21 միլիարդ եվրո աջակցություն հատկացնել Ուկրաինային:

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին ասել է, որ սա Ուկրաինային հատկացվող ռազմական օգնության աննախադեպ աճ է: Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովն էլ ասել է, որ Կիևին պաշտպանական աջակցության հարցում Եվրոպան ԱՄՆ-ից վերցնում է առաջնորդությունը:

«Սա աջակցության ամենամեծ փաթեթներից մեկն է, որ մենք ստանում ենք ... Շնորհակալ ենք յուրաքանչյուր պետության աջակցության համար», - հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարը:

Այս ընթացքում Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են հարվածել միմյանց: Ժիտոմիրի շրջանում անօդաչուն հարվածել է բնակելի շենքի, կա մեկ զոհ: Դնեպրում ռուսական հրթիռի հարվածից 9 մարդ է տուժել: Բելգորոդում ուկրաինական անօդաչուի հարվածից մեկ մարդ է սպանվել:

XS
SM
MD
LG