Մատչելիության հղումներ

Ռուսաստանը դեմ է Ուկրաինայում ժամանակավոր հրադադարին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի մարզում հրամանատարական կետում, 12-ը մարտի, 2025թ․
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի մարզում հրամանատարական կետում, 12-ը մարտի, 2025թ․

Ռուսաստանը դեմ է Ուկրաինայում ժամանակավոր հրադադարին և շահագրգռված է հակամարտության երկարաժամկետ կարգավորմամբ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Սա փաստացի Մոսկվայի առաջին հրապարակային արձագանքն է 30-օրյա հրադադար կնքելու՝ Վաշինգտոնի առաջարկին, որին Ուկրաինան համաձայնել էր օրեր առաջ Ջիդդայում տեղի ունեցած հանդիպմանը։

Կրեմլը, մինչդեռ, պնդում է՝ ամերիկյան առաջարկը Ռուսաստանին ոչինչ չի տալիս, իսկ Ուկրաինայի համար դադարի հնարավորություն է, որի ընթացքում կարող է վերադասավորել ուժերը ճակատում:

«Մեր նպատակը երկարաժամկետ խաղաղ կարգավորումն է: Մենք սրան ենք ձգում՝ խաղաղ կարգավորում, որը հաշվի է առնում մեր երկրի օրինական շահերը և մեր մտահոգությունները… Քայլերը, որոնք խաղաղ գործողությունների իմիտացիա են ստեղծում, այս իրավիճակում ոչ ոքի հարկավոր չեն», - նշել է Յուրի Ուշակովը:

Ուշակովը նշել է՝ առաջարկը շտկումների կարիք ունի, որպեսզի արտացոլի նաև Ռուսաստանի շահերը:

«Այս պահին այն արտացոլում է միայն Ուկրաինայի տեսակետը»,- ասել է նա՝ նշելով, որ երեկվա հեռախոսազրույցի ժամանակ այս դիրքորոշումն արդեն հայտնել է ԱՄՆ նախագահի խորհրդական Մայք Ուոլցին և հույս հայտնել, որ Վաշինգտոնը հաշվի կառնի Մոսկվայի պահանջները: Ռուս դիվանագետը նաև տեղեկացրել է՝ Ուկրաինայի հարցով Վաշինգտոնի հետ երկխոսելու համար Մոսկվան հատուկ բանակցողներ կընտրի:

Այսօր Մոսկվա է ժամանել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը՝ բանակցությունների: Ուկաշովը չի բացառել, որ նա կհանդիպի նաև Պուտինի հետ:

«Ռուսաստանն ամեն ինչ անում է, որպեսզի պատերազմը չավարտվի»

Կիևից հայտարարել են, որ Ռուսաստանն ամեն ինչ անում է, որպեսզի պատերազմը չավարտվի:

«Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ռուսաստանը ձգտում է երկարացնել պատերազմը և հնարավորինս երկար հետաձգել խաղաղությունը։ Մենք հուսով ենք, որ ԱՄՆ ճնշումը բավարար կլինի, որպեսզի Ռուսաստանին ստիպի դադարեցնել պատերազմը»,- ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Երեկ ԱՄՆ նախագահը նախազգուշացրել էր՝ եթե Մոսկվան չհամաձայնի ժամանակավոր հրադադարի առաջարկին, Վաշինգտոնը կարող է ձեռնարկել քայլեր, որոնք «կործանարար կլինեն Ռուսաստանի համար»։

«Ֆինանսական առումով մենք կարող ենք այնպիսի գործողությունների դիմել, որ վատ հետևանքներ կունենան Ռուսաստանի համար, կործանարար կլինեն Ռուսաստանի համար: Բայց ես չեմ ուզում դա անել, քանի որ ուզում եմ խաղաղություն հաստատվի», - հայտարարել է Դոնալդ Թրամփը։

Reuters-ը, վկայակոչելով երկու աղբյուր, տեղեկացրել էր, թե Մոսկվան ԱՄՆ-ին արդեն ներկայացրել է խաղաղություն կնքելու և Վաշինգտոնի հետ հարաբերությունները վերականգնելու իր պայմանները: Ըստ այդմ՝ Ուկրաինան պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցությունից և իր տարածքում օտարերկրյա զորքերի տեղակայումից, Ռուսաստանի մաս ճանաչի Ղրիմն ու ուկրաինական մյուս չորս շրջանները: Կրեմլի խոսնակը հրաժարվել է սա մեկնաբանել:

«Ուկրաինական զորքին պետք է ամբողջովին դուրս հանել Կուրսկից»

Այս ֆոնին նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ այցելել է Կուրսկ՝ առաջին անգամ անցած օգոստոսից, երբ ուկրաինական զորքն այդ շրջանում տարածքներ էր գրավել։ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը զեկուցել է, որ վերջին հինգ օրում ռուսական զորքը ետ է վերցրել 24 բնակավայր և հիմա վերահսկում է ուկրաինական զորքի գրաված տարածքի ավելի քան 86 տոկոսը։ Զինվորական համազգեստ հագած Պուտինն ասել է՝ ուկրաինական զորքին պետք է ամբողջովին դուրս հանել Կուրսկից:

«Մեր խնդիրն է ... հնարավորինս սեղմ ժամկետում լիովին ջախջախել Կուրսկի շրջան ներխուժած և այստեղ ռազմական գործողություններ իրականացնող թշնամուն, ամբողջությամբ ազատագրել Կուրսկի շրջանը և վերականգնել իրավիճակը պետական սահմանի երկայնքով», - հայտարարել է ՌԴ նախագահը։

Պուտինը նաև ասել է, որ պետք է մտածել պետական սահմանի երկայնքով անվտանգության գոտի ստեղծելու մասին։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր տեղեկացրեց, որ ռուսական զորքն ամբողջությամբ վերահսկողության տակ է առել Կուրսկի Սուջա քաղաքը, որն ուկրաինացիները գրավել էին անցած տարվա հարձակման ժամանակ:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG