Ուկրաինայում պատերազմն ավարտելու նպատակով Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը Սաուդյան Արաբիայում այս տարվա արդեն երկրորդ հանդիպումն են անցկացնում: Ըստ Սպիտակ տան՝ այսօրվա հանդիպման գլխավոր հարցը Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովումն է, ինչը Ուկրաինային թույլ կտա վերսկսել հացահատիկի արտահանումը: Reuters-ի տվյալներով՝ կքննարկվի նաև էներգետիկ օբյեկտներին 30 օր չհարվածելու ամերիկյան առաջարկը:
Ռուսական կողմը հանդիպմանը ներկայացնում են Դաշնության խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը և Անվտանգության դաշնային ծառայության տնօրենի խորհրդական Սերգեյ Բեսեդան, իսկ ամերիկյան կողմը, ըստ Reuters-ի, Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ավագ տնօրեն Էնդրյու Փիքը և Պետդեպարտամենտի քաղաքականության պլանավորման տնօրեն Մայքլ Անտոնը։
Ընդմիջմանը Կարասինն ասել է, որ «արդիական հարցերի շուրջ հետաքրքիր քննարկում» է ծավալվել, կողմերին հաջողվում է հասկանալ միմյանց տեսակետերը։
Կրեմլի խոսնակն, իր հերթին, ասել է, որ քննարկվել է 2022-ին ստորագրված Սևծովյան նախաձեռնության հարցը, որը նախատեսում է Սև ծովի նավահանգիստներով ուկրաինական հացահատիկի և պարենի արտահանման համար անվտանգ միջանցքի ստեղծում։
«Դա նախագահ Թրամփի առաջարկն էր, և նախագահ Պուտինը տվել է իր համաձայնությունը: Հենց այս մանդատով է մեր պատվիրակությունը գնացել Էր-Ռիյադ», - հայտարարել է Դմիտրի Պեսկովը։
Ռուս-ամերիկյան հանդիպմանը երեկ Էր-Ռիյադում նախորդել էին ԱՄՆ և Ուկրաինայի ներկայացուցիչների բանակցությունները: Քննարկվել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ժամանակավոր հրադադարի հարցը և Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներն ու այլ կարևոր ենթակառուցվածքները պաշտպանելու հնարավոր ուղիները:
Ուկրաինական պատվիրակության ղեկավար, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը հանդիպումից հետո գրել է, որ այն արդյունավետ է անցել, անդրադարձել են հիմնական կետերին, ներառյալ էներգետիկ ենթակառուցվածքների հարցին:
Ուկրաինայի նախագահն իր հերթին երեկվա բանակցությունները կառուցողական և օգտակար է որակել՝ նշելով, սակայն, որ անկախ ամեն ինչից, անհրաժեշտ է, որ Ռուսաստանի նախագահը կրակը դադարեցնելու «իրական հրաման տա»: «Ով սկսել է այս պատերազմը, նա էլ պետք է դադարեցնի այն», - ասել է Վլադիմիր Զելենսկին։
Ուկրաինայի նախագահի խորհրդական Սերգեյ Լեշչենկոն այսօր արդեն տեղեկացրել է, որ կողմերը քննարկել են Սև ծովում հրադադարի հաստատման հնարավորությունն ու այս ռեժիմում նավահանգիստներն ու գետերի ենթակառուցվածքները ներառելը:
«Քննարկումը վերաբերում էր երկկողմ հրադադարին: Մենք չենք հարձակվում նրանց օբյեկտների վրա ծովում, այդ թվում՝ գետերի վրա: Նրանք չեն հարձակվում մեր օբյեկտների վրա», - նշել է Լեշչենկոն։
Արևմտյան լրատվամիջոցներն իրենց աղբյուրներին հղումով տեղեկացնում են, որ ռուս-ամերիկյան հանդիպումից հետո Ուկրաինայի և ԱՄՆ պատվիրակությունները այսօր ևս մեկ հանդիպում կանցկացնեն` քննարկելու հրադադարի շուրջ երեկ համաձայնեցված կետերը:
Bloomberg-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, թե ԱՄՆ վարչակազմը հուսով է, որ Ուկրաինայում լիակատար հրադադարի համաձայնության կկարողանա հասնել մինչև ապրիլի 20-ը:
Ռիյադում հանդիպումներից առաջ Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակել են հարվածել միմյանց: Ուկրաինան հաղորդել է, որ շաբաթ գիշեր ռուսական անօդաչուների հարվածից Կիևում երեք մարդ է սպանվել։ Այսօր էլ Սումիում ռուսական հրթիռի հարվածից առնվազն 74 մարդ է վիրավորվել: Ըստ ռուսական կողմի՝ ուկրաինական անօդաչուները ևս հարվածել են Ռուսաստանի տարածքին:
Մինչ այդ, ուկրաինացի պաշտոնյաններն իրենց զայրույթն են արտահայտում նախագահ Թրամփի հատուկ բանագնացի հայտարարությունների կապակցությամբ: Սթիվ Ուիթքոֆը իշխանամետ հայացքներով հայտնի լրագրող Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցում ասել էր՝ Ուկրաինայի օկուպացված տարածքներում անցկացված հանրաքվեները վկայում են, որ այնտեղ ապրողների ճնշող մեծամասնությունը ցանկանում է լինել Ռուսաստանի տիրապետության տակ:
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսանդր Մերեժկոն «Ազատության» ուկրաինական ծառայությանն ասել է, որ ամերիկացի պաշտոնյան պարզապես ամոթալի ու ցնցող բաներ է ասել, և հասկանալի չէ՝ դա անտեղյակությա՞ն, թե՞ ոչ պրոֆեսիոնալիզմի հետևանք է:
«Ի վերջո, խոսքը նախագահի բանագնացի մասին է, որն այս հարցում պետք է պրոֆեսիոնալ լինի ու որոշ տարրական բաներ իմանա, այսինքն՝ ակնհայտ բաներ։ Իսկ նա դա չգիտի: Նա կրկնում է ռուսական քարոզչությունը։ Եվ ինձ մոտ հարց ծագում՝ ո՞վ է նա։ Թրամփի՞ բանագնացն է, գուցե Պուտինի՞», - ասել է ուկրաինացի պատգամավորը։
Ուկրաինական տարածքներին անդրադարձել էր նաև նախագահ Թրամփը, ով նշել էր, թե ապագա խաղաղության պայմանագրի շրջանակում պետք է լուծվի դրանց բաժանման հարցը։
Ռուսաստանյան "Коммерсантъ"-ը այնուհետև գրել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի Արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության համագումարի փակ մասում հայտարարել է՝ բանակցություններում խոսքն այն մասին է, որ «Ռուսաստանի ձեռք բերածը չի կարող ետ վերցվել, և հարկ է Ռուսաստանի կազմում ճանաչել Ղրիմը, Սևաստոպոլը, Լուգանսկի, Դոնեցկի հանրապետությունները, Խերսոնի և Զապորոժիեի մարզերը»։