ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ երեկոյան բանակցություններ է վարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ, ում միջոցով ուղերձ է փոխանցել ԱՄՆ նախագահին՝ Ուկրաինայում հրադադարի իր առաջարկի մասին, ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Ըստ Պեսկովի՝ Պուտինն «ընդհանուր առմամբ համերաշխություն է հայտնել Թրամփի դիրքորոշմանը Ուկրաինայի հարցում, սակայն նշել, որ դեռ շատ աշխատանք կա անելու»։
Երեկ կայացել է նաև Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովի և ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության գծով խորհրդական Մայքլ Ուոլցի հեռախոսազրույցը։
Օրվա ավարտին Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը համաձայն է ռազմական գործողությունների դադարեցմանը, բայց այն պետք է հանգեցնի երկարատև խաղաղության և վերացնի ուկրաինական ճգնաժամի պատճառները։
Ջիդդայում մարտի 11-ին տեղի ունեցած բանակցություններից հետո ԱՄՆ-ն ու Ուկրաինան համատեղ հայտարարություն տարածեցին՝ նշելով, որ Ուկրաինան համաձայնել է ընդունել անհապաղ 30-օրյա հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը և քայլեր ձեռնարկել Ռուսաստանի ներխուժումից հետո կայուն խաղաղության վերականգնման ուղղությամբ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ ասաց, որ «գնդակն այժմ Մոսկվայի դաշտում է»։
Թրամփը տեղեկացրեց, որ ԱՄՆ ներկայացուցիչները մեկնում են Ռուսաստան՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների։