Սյունիքի երկու սահմանամերձ գյուղերում այս գիշեր էլ հանգիստ չի անցել. կրակոցները շարունակվել են արդեն սովորական դարձած ժամերին՝ երեկոյան ժամը 22-ից մինչ լուսաբաց, պատմում են բնակիչները: Խոզնավարում, որտեղ նախօրեին ադրբեջանական կրակոցից տներից մեկի պատուհանն էր վնասվել և միայն պատահականությամբ ոչ ոք չէր տուժել, ամբողջ գիշեր անկանոն կրակոցներ են լսել:
Լույսը բացվելուն զուգահեռ ինքնաձիգները լռում են մինչ հաջորդ երեկո, ցերեկային ժամերին բնակիչները փորձում են հասցնել ավարտել իրենց բոլոր գործերը:
«Գնում ենք աշխատանքի, գալիս, դե աշխատանքը որն ա, գյուղ տեղ ա, գյուղում մեր բնական գործով էլի, դե ցերեկը չեն կրակում», - ասաց բնակիչներից մեկը:
Նախորդ գիշերվա կրակոցների մասին ոչ հայկական, ոչ էլ ադրբեջանական կողմը պաշտոնապես չի հաղորդել: Հայաստանի պաշտպանության նախարարության վերջին հաղորդագրությունները թեև Խոզնավարում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման մասին էին, բնակիչները պատմում են՝ գիշերներն ավելի լարված են անցնում հարևան Խնածախում. այնտեղ ավելի հաճախ են կրակոցներ լսում:
Խնածախում հաշվել են՝ կրակոցների ներքո են լուսացնում արդեն 1 ամիս և 4 օր. - «Ժողովուրդը հողամասեր չեն գնում, վախենում են, արոտավայր չկա, անասունները ծախում են, այսպես որ շարունակվեց այստեղ չեն մնա, սաղ էլ դուրս կգան գյուղից»:
Չնայած խնածախցիները կրակոցների մասին ահազանգում են ամեն օր, պաշտպանական գերատեսչությունը մինչ այս պահը գյուղի ուղղությամբ ադրբեջանական կրակի մասին պաշտոնապես 2 անգամ է հաղորդել, վերջինը շուրջ երկու շաբաթ առաջ:
Այս շաբաթներին Պաշտպանության նախարարությունը հիմնականում ադրբեջանական կողմի՝ իրենց դիրքերը թիրախավորելու մասին հայտարարություններն էր հերքում, յուրաքանչյուր նման հաղորդագրության մեջ կրկնելով հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծելու Երևանի առաջարկը:
Դեպքերը քննելու կոչ երեկ նաև վարչապետ Փաշինյանն արեց՝ դատապարտելով Խոզնավարում տան ուղղությամբ ադրբեջանական կրակոցներն ու Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումները:
«Անորոշություն ա, բա ինչ ա, վախենում են մարդիկ, չգիտեն, թե ինչ անեն, մարդիկ չգիտեն ինչ կլինի, ոնց կլինի: Արդեն մեզանից կախված չի, վերևները պիտի իմանան, մենք ինչ իմանանք», - ասաց բնակիչներից մեկը:
Սյունիքի երկու հարևան գյուղերի անհանգիստ գիշերների մասին կառավարությունում ոչ հաճախ են խոսում, գործադիրի վերջին նիստին կրակոցների մասին ոչ մի բառ չհնչեց: Խնածախցի կինը պաշտոնյաներին հրավիրում են իրենց գյուղ՝ այս ամենին անձամբ ականատես լինելու. - «Ով էլ որ գա, մեր գյուղացիները սրով կընդունեն բոլորին էլ, մնան մի գիշեր, տեսնեն՝ ինչ ա կատարվում»:
Չձայնագրվելու պայմանով բնակիչներից մեկն էլ պատմեց՝ պաշտոնյաներին գյուղում չեն հանդիպում, բայց հաճախ Եվրամիության դիտորդական առաքելության մեքենաներն են տեսնում:
Ի դեպ, Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը այսօր Բաքվում էր: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ ասուլիսի ընթացքում նա հայտարարել է, թե Եվրամիությունն ակտիվորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների ամրապնդմանը, կայունության ապահովմանն ու խաղաղության համաձայնագրի կյանքի կոչմանը:
Նրա ադրբեջանցի գործընկերը, մինչդեռ, դարձյալ կրկնել է Հայաստանի սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու պահանջն ու այլ մեղադրանքներ ուղղել հայկական կողմին: Բայրամովը «Հայաստանի ակտիվ սպառազինումը» վտանգավոր է համարել տարածաշրջանի համար, Ցեղասպանության տարելիցին ընդառաջ Երևանում Թուրքիայի և Ադրբեջանի դրոշների այրումն էլ հանցագործություն որակել:
Պաշտոնական Բաքուն դրոշների այրման վերաբերյալ նաև առանձին գրություն է տարածել՝ Հայաստանի իշխանություններին հորդորելով պատասխանատվության ենթարկել հեղինակներին: Ավելի վաղ դրոշների այրումը դատապարտել էր նաև վարչապետ Փաշինյանը ՝ այն անպատասխանատու և անընդունելի որակելով:
Ի դեպ` Ադրբեջանից հետո նախատեսված էր Եվրամիության արտգործնախարարի այցը Հայաստան: Բրյուսելում «Ազատության» աղբյուրների փոխանցմամբ, սակայն, այցը հետաձգվել է, քանի որ Կայա Կալլասը մեկնում է Հռոմ՝ Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությանը։