Մատչելիության հղումներ

Ադրբեջանական կողմը կրակել է Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ. ՊՆ


Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ապրիլի 20-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, կրակել են Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ տուժածներ չկան:

Հայաստանի ռազմական գերատեսչությունը ադրբեջանական կողմին կոչ է անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։

ՊՆ-ը կրկին հիշեցրել է Երևանի առաջարկը՝ ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ։ Բաքուն այս առաջարկը մինչ օրս անպատասխան է թողել։

Վերջին շաբաթներին Բաքուն Երևանին գրեթե ամենօրյա ռեժիմով մեղադրում է իր դիրքերը թիրախավորելու համար, այս նույն ընթացքում Սյունիքի, Գեղարքունիքի սահմանային բնակավայրերից հաղորդում են ադրբեջանական կողմից չդադարող կրակոցների մասին։ Մարտի 31-ից սկսած երեք անգամ, այդ թվում՝ այսօր, հայկական կողմը հաղորդել է Սյունիքի Խնածախ և Խոզնավար գյուղերի ուղղությամբ ադրբեջանցիների կրակոցների մասին՝ Բաքվին կոչ անելով հետաքննել այդ փաստերը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, մեկ շաբաթ առաջ հերքելով, թե կրակ են բացել Խնածախի մշակույթի տան ուղղությամբ, պնդել էր, թե «ադրբեջանական բանակի ստորաբաժանումները երբեք կրակ չեն բացում քաղաքացիական անձանց և քաղաքացիական օբյեկտների վրա»:


XS
SM
MD
LG