Մատչելիության հղումներ

Ադրբեջանը կրակոցներով էսկալացիայի, թե՞ զիջումների է փորձում հասնել. արձագանքներ ԱԺ-ից


Ադրբեջանը էսկալացիայի է ձգտում, հայաստանցիներին խաղաղության դարաշրջան խոստացած «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Վահագն Ալեքսանյանն այսպես է բացատրում շուրջ մեկ ամիս սահմանին չդադարող ադրբեջանական կրակոցների նպատակը: Պնդեց՝ Երևանը սաստում է Բաքվի հնարավոր ագրեսիան:

«Բնականաբար Բաքուն պարբերաբար փորձում է տանել իրավիճակը դեպի նոր էսկալացիա, մենք էլ ամեն անգամ փորձում ենք ենք էդ նոր էսկալացիան թույլ չտալ», - ասաց Ալեքսանյանը:

Մեկ ամսից ավելի է՝ Սյունիքի սահմանամերձ գյուղերում իրավիճակն անհանգիստ է, այս ընթացքում Բաքուն թիրախավորել է նաև քաղաքացիական կառույցներ, վնասվել են շինություններ: Խնածախի և Խոզնավարի բնակիչները գրեթե ամեն օր ահազանգում են՝ կրակոցների ձայները օրեցօր ավելի մշուշոտ են դարձնում իրենց անվտանգ ապրելու հեռանկարը:

Ադրբեջանական կրակոցները հնչեցին խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումից օրեր անց: Ընդդիմությունից հայտարարում են՝ բանակցված, բայց դեռ չստորագրված փաստաթղթից դուրս Բաքուն պահանջներ ունի, փորձում է սպառնալիքի ներքո հասնել դրանց կատարմանը:

«Ադրբեջանի նպատակները եղել են և կան նույնը, երբ ինքը տեսնում է, որ դիմացինը պատրաստ է ծախել ամեն ինչ, էնքան որ թղթի կտոր ստանա, որը ոչ մի արժեք չունի, ինքը սեղմելու է մինչև վերջ, առաջանալու են նոր պահանջներ ավելի անտրամաբանական», - ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Ադրբեջանն այժմ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար պահանջում է փոխել Սահմանադրությունն ու նախաբանից հեռացնել Անկախության հռչակագրին հղումը, նաև լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը: Վերջինին Երևանը դեմ չէ, ավելին, առաջարկում է խաղաղության փաստաթղթի ստորագրմանը զուգահեռ անել դա: Ինչ վերաբերում է Սահմանադրությանը, այն ևս փոխվում է, թեև հայ պաշտոնյաները պնդում են՝ դա ներքին հարց է, բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն կարծիք է հայտնել, որ նորում Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի: «Հայաստան» խմբակցությունից Քրիստինե Վարդանյանի կարծիքով՝ Բաքուն փորձում է հասնել բանավոր այս պայմանավորվածությունների արագ իրագործմանը:

«Ինքը պարզապես պատերազմի սպառնալիքով անցած տարի Տավուշում ստացել է տավուշյան առաջնագծի կազմաքանդում, հիմա եթե դա աշխատում է, եթե Նիկոլ Փաշինյանը, իր թիմը վերցնում են դա, ժողովրդին վախեցնում են, սարսափեցնում են Ադրբեջանով ու ասում են՝ այլընտրանք չկա, եթե սա չանեն, մեզ վրա հարձակվելու են, պիտի զիջենք, ինչո՞ւ չպիտի դա օգտագործի Ադրբեջանը: Ադրբեջանի պահանջները մեկը չեն, երկուսը չեն, չեն սահմանափակվել տարածքային որևէ պահանջով. Սդրբեջանի պահանջով տարածքային միջանցքից սկսած մինչև ադրբեջանցիների բնակեցումն այստեղ իրենց բանակցային օրակարգի հերթական կետերն են», - ասաց Վարդանյանը:

Արդյոք Հայաստանի բանակցողները համաձա՞յն են, որ Բաքուն կրակոցներով հայկական կողմին որևէ զիջում պարտադրելու միտում ունի, հարցին այսօր իշխանական Վահագն Ալեքսանյանն ուղիղ չպատասխանեց, միայն կրկնեց՝ Բաքուն ձգտում է էսկալացիայի, իսկ թե ինչ նպատակով՝ ՔՊ-ական պատգամավորը չգիտի: Ընդդիմադիրների քննադատությանն էլ, թե վարչապետ Փաշինյանի խոստացած խաղաղության օրակարգը ձախողված է, Ալեքսանյանը արձագանքեց՝ հիշեցնելով սահմանին նախկինում եղած իրավիճակը:

«Գնացեք Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի մարդկանց մի հատ հարցրեք՝ իրենք ինչերի միջով են անցել ու ոնց են ապրել առհասարակ. տանիքների վերա գնդացիրի կրակած տեղեր, ընդհուպ մինչև ականանետեր ու մարդկանց տներին կրակած միջոցներ», - նշեց Ալեքսանյանը:

Չնայած կրակոցներին ու Բաքվի պահպանվող նախապայմաններին, անցած շաբաթ իր ադրբեջանցի պաշտոնակցի հետ հանդիպած խորհրդարանի խոսնակը վստահեցրել էր՝ հայ-ադրբեջանական բանակցությունները փակուղում չեն, պատերազմի վտանգն էլ չի մեծանալու:




Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG