Մատչելիության հղումներ

Տավուշի Մովսես գյուղում ևս անցած գիշեր կրակոցների ձայներ են լսել


Հայ-ադրբեջանական սահման, արխիվ
Հայ-ադրբեջանական սահման, արխիվ

Թե՛ Սյունիքում ու թե՛ Տավուշում տեղացիները հաստատում են՝ կրակոցների ձայներ են լսում: Ի՞նչ նպատակով են կրակում ադրբեջանցիները՝ սահմանին ապրողներին անհայտ է: Խնածախի բնակիչների վկայությամբ՝ կրակոցների այս ամենօրյա ռեժիմը գրեթե մեկ ամիս շարունակվում է:

«Ձայներ լսվում ա, հա, կրակոցները կան, ամեն օր կան: 10 անց 20 իրիկունը կար, նորից 12 անց կեսին կար: Արդեն մարդ վախենում ա, որ էդ ժամանակ տնից դուրս գա, չգիտենք՝ որտեղից են», - պատմում են տեղացիները:

Վարչապետը, որն օրերս Սյունիք էր այցելել, այսօր խորհրդարանի ամբիոնից այդ կրակոցները բնութագրեց որպես «չթիրախավորված»: Հաստատեց, որ վերջին մեկ ամսում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները հաճախակի են, «եթե չասենք՝ ամենօրյա», և որ դրանք լսվել են Հայաստանի մի քանի բնակավայրերում: Միևնույն ժամանակ շեշտեց, որ այս ընթացքում Խնածախ գյուղում «թիրախավորման երկու կոնկրետ դեպք է արձանագրվել»:

«Նշյալ կրակոցները կա՛մ Ադրբեջանի զինված ուժերում անկարգապահության հետևանք են, կա՛մ նշված բնակավայրերի բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու նպատակ ունեն: Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանին կոչ է անում հետաքննել նշված դեպքերը և ձեռնարկել դրանք դադարեցնելուն ուղղված միջոցառումներ: Ինքս վերահաստատում եմ, որ Հայաստանի բանակին տվել եմ հրադադարի ռեժիմը չխախտելու հստակ հրահանգ, և Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է քննել մեր բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին տեղեկությունները», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի ղեկավարը կրկին առաջարկեց Ադրբեջանին ստեղծել սահմանային միջադեպերի, այդ թվում հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննությունների համատեղ, ամենօրյա գործող մեխանիզմ: Փաշինյանն այս առաջարկի մասին դեռ մեկ տարի առաջ էր խոսել, սակայն Ադրբեջանը որևէ կերպ չի արձագանքել:

«Այս համատեքստում հարկ եմ համարում անդրադառնալ բոլոր այն խոսույթներին, որոնք կանխատեսում են Հայաստան-Ադրբեջան նոր սրացում և անգամ նոր պատերազմ: Պատերազմի որևէ հիմնավորում չկա: Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը ... », - նշեց վարչապետը:

Երեկ Հայաստանի պաշտպանության նախարարությունը Սյունիքի մարզի Խնածախից լուսանկարներ էր հրապարակել ու հայտնել, որ ադրբեջանցիների կրակոցներից վնասվել է գյուղի մշակույթի տան շենքը: Կրակոցները ուշ երեկոյան էին, երբ շենքում մարդ չէր եղել, ուստի տուժածներ չկան: Ավելի վաղ նույն գյուղում ադրբեջանական կրակոցներից վարչական ղեկավարի տունն էր վնասվել:

Երեկ անպատասխան թողնելով հրադադարի խախտումներն ուսումնասիրելու մեխանիզմ ստեղծելու Երևանի առաջարկը՝ Բաքվից միայն հայտարարել էին, թե խաղաղ բնակավայրերի ուղղությամբ չեն կրակում, ու նշել, իբրև թե «համարժեք միջոցներ են ձեռնարկում միայն ադրբեջանական դիրքերը հրետակոծող հայկական զինված ուժերի սադրանքներին ի պատասխան»։

Պարբերաբար հնչող կրակոցների մասին հայտնում են նաև Տավուշ մարզի սահմանամերձ Մովսես գյուղից: Վարչական ղեկավար Արմեն Փոլադյանը հաստատեց, որ երեկ երեկոյան նույնպես ձայներ լսել են հեռվում՝ իրենց համար անհասկանալի ուղղությամբ:

Վերջին շաբաթներին երբեմն կրակոցներ լսել են նաև սահմանային Գեղարքունիքի մարզում:



Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG